Հուլիսի 17-ին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Լիտվայի ՆԳՆ ոստիկանության պատվիրակությանը՝ ոստիկանության գլխավոր կոմիսար, գեներալ Ռենատաս Պոժելայի գլխավորությամբ։
Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը։
Ողջունելով հյուրերին՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է հայ-լիտվական իրավապահ կառույցների սերտ համագործակցությունն ու ներկայացրել Հայաստանի ՆԳ նախարարության կազմավորման, ենթակա ծառայությունների՝ ոստիկանության, փրկարար ծառայության ու միգրացիայի և քաղաքացիության ծառայության բարեփոխումների մանրամասներ։
ՆԳ փոխնախարարը բարձր է գնահատել Եվրամիության «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը, որն իրականացնելու են Լիտվայի և Լատվիայի Հանրապետությունները՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում /CEPA/ և ԵՄ լավագույն փորձի առաջնահերթություններին համահունչ, ինչի հիմնական նպատակներն են աջակցել ՆԳ նախարարության կազմավորման և ենթակա երեք մարմիններում ընթացող լայնածավալ բարեփոխումներին։
Ոստիկանության գլխավոր կոմիսար, գեներալ Ռենատաս Պոժելան շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ կարևորել է ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ շրջանակներում սերտ հարաբերությունները։
Ռենատաս Պոժելան Լիտվայի ոստիկանության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ՆԳ նախարարությանը։ Լիտվայի պետական սահմանի պահպանության ծառայության հրամանատար, գեներալ Ռուստամաս Լիուբաժևասը, Միգրացիայի դեպարտամենտի տնօրեն Էվելինա Գուդզինսկայիտեն և Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը կարևորել են Հայաստանի հետ սերտ փոխգործակցությունն ու հույս հայտնել, որ իրենց այցն առավել կնպաստի երկուստեք հարաբերությունների ամրապնդմանը։
Հանդիպմանը ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը ներկայացրել է Քրեական ոստիկանությունում իրականացվող բարեփոխումները, նշել կառուցվածքի, կադրային քաղաքականության և ստորաբաժանման ծառայության մանրամասներ։ Այդ ուղղությամբ Վարդան Վարդանյանն ընդգծել է լիտվական փորձի ներդրման ուղղությամբ հայկական կողմի հետաքրքրվածությունը։
Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև Ոստիկանական գվարդիայի կազմավորման, միգրացիայի և քաղաքացիության ոլորտում համագործակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։