Սեպտեմբերի 7-ին ՆԳՆ կրթահամալիրում տեղի է ունեցել ոստիկանության ծառայողների ատեստացիայի մասնագիտական բաժնի թեստավորումը, որին հետևում էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն ու ոստիկանության ղեկավարությունը։

Ոստիկանության ծառայողների ատեստացիայի վերջին՝ մասնագիտական բաժնի թեստավորմանը մասնակցում էին ընդհանուր գիտելիքների, ֆիզիկական և կրակային պատրաստությունից դրական արդյունքներ ցույց տված ծառայողները։

Ըստ ծառայության ոլորտի, թեստային տարբերակով, ստուգվում էին ծառայողների մասնագիտական գիտելիքները։ Ողջ գործընթացը տեսաձայնագրվում էր։ Բոլոր փուլերը հաղթահարած 22 ծառայողներն էլ գրանցեցին դրական արդյունքներ։

«Շնորհակալություն ընձեռված հնարավորության համար։ Ատեստացիայի ընթացքը շատ մատչելի էր, օբյեկտիվորեն էր, արհեստական ոչ մի խոչընդոտ չկար։ Յուրաքանչյուրս մեր մասնագիտական որակներով և համապատասխան քննությանը պատրաստվածության աստիճանով հանձնեցինք և ստացանք համապատասխան գնահատականներ: Ողջունում եմ ոստիկանության բարեփոխումների շրջանակում իրականացվող այս փոփոխությունները, որը նաև ֆինանսական բարելավման է տանում։ Ցանկացած ծառայող, ով ունի կամային բարձր հատկանիշներ, կարող է հաղթահարել՝ հիմնավոր գիտելիքների դեպքում։ Ծառայակից իմ բոլոր ընկերներին խորհուրդ կտամ դիմել՝ նախօրոք պատրաստվելով, մի փոքր աշխատելով իրենց որակների վրա։ Հնարավոր է՝ շատ հանգիստ քննությունները հանձնել», – նշել են ատեստացիան հաղթահարած ոստիկանները։

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ից մեկնարկել է ոստիկանության ծառայողների ատեստացիայի գործընթացը։ Այն շարունակվում է, և ատեստացիան հաղթահարած բոլոր ծառայողների համար կբարձրանան սոցիալական երաշխիքները։

Նմանատիպ գրառումներ