Սեպտեմբերի 12-ին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) պատվիրակությանը՝ Թերեզ Մարիա Րիթերի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ ՆԳ նախարարի տեղակալը կարևորել է Կոմիտեի դերն ու նշանակությունը ոլորտային բարեփոխումների իրականացման հարցում: Սարգսյանը փաստել է, որ հատկապես հիմա՝ ոստիկանության ոլորտի լայնամասշտաբ բարեփոխումների իրականացման փուլում, պատվիրակության հերթական այցը Հայաստան լավ հնարավորություն է Կոմիտեի մանդատի լույսի ներքո վերագնահատելու իրականացվող քայլերն ու ապահովելու դրանց լիակատար համապատասխանությունը միջազգային ստանդարտներին։

Ներկայացնելով Ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումները՝ Արփինե Սարգսյանը մատնանշել է ԽԿԿ նախորդ այցերի արդյունքում տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները, մասնավորապես ծավալուն օրենսդրական և գործնական աշխատանքները՝ ուղղված քրեական, քրեադատավարական և ոստիկանական ոլորտի օրենսդրական և գործառնական դաշտի փոփոխությանը։ Հատուկ ուշադրություն է դարձվել ձերբակալման ինստիտուտի փոփոխությանը, որը բարձր երաշխիքներ է ապահովում ազատությունից զրկվող անձի համար։

Փոխնախարարը անդրադարձել է նաև պրակտիկ լուծումներին, այդ թվում՝ ոստիկանության բաժինների մուտքերի և ելքերի հատվածները 349 տեսանկարահանող սարքավորումներով ապահովելուն, պարեկային ծառայությանը տեսախցիկներով վերազինելուն, ոստիկանության ծառայողների վերապատրաստմանը, որոնք նպաստելու են թե՛ ոստիկանության համար անհրաժեշտ երաշխիքների ձևավորմանը, և թե՛ ոստիկանների կողմից քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար թափանցիկ և պատասխանատու գործելաոճ երաշխավորելուն։

Հանդիպմանը մասնակցել է նաև Քննչական կոմիտեն և համատեղ դիտարկվել են նաև քրեական դատավարության նոր օրենսգրքի ուժով քրեական արդարադատության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները, այդ թվում՝ հատուկ անդրադարձ է կատարվել հարցաքննությունները տեսաձայնագրառմամբ իրականացնելուն։

Հյուրերը բարձր են գնահատել իրականացված լայնամասշտաբ օրենսդրական և գործառնական փոփոխությունները և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար։

Հանդիպման մասնակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Նշենք, որ սեպտեմբերի 12-ից 22-ը պատվիրակությունը այցով Հայաստանի Հանրապետությունում է, և դրա շրջանակներում Կոմիտեի մանդատի ուժով դիտարկվելու են նաև ձերբակալվածներին պահելու վայրերը։

Նմանատիպ գրառումներ