Նոյեմբերի 30-ին Երևանում տեղի է ունեցել «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքի նախագծին նվիրված երրորդ քննարկումը, որին մասնակցում էին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների անդամներ, ինչպես նաև հանձնաժողովներին կից գործող փորձագետներ:
Մասնակցում էին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի տնօրենի պաշտոնակատար Լիլիթ Դանեղյանը, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատարությունը և ոստիկանության շտաբի ղեկավար կազմը։
ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը համապարփակ անվտանգության հայեցակարգի ներքին անվտանգային բաղադրիչի շրջանակներում կարևորել է բարեփոխումն ու այդ ուղղությամբ ԱԺ հետ արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով Ոստիկանական գվարդիայի օրենսդրական փաթեթին մանրամասն անդրադարձ կատարելու հերթական հնարավորությունը՝ հիմքում ունենալով հայեցակարգի ուղղությամբ իրականացված քննարկումները։
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր բացման խոսքում կարևորել է օրենքի նախագծին նվիրված փուլային քննարկումները, ինչը հնարավորություն է տվել տարբեր հարթակներում մասնագիտականա կարծիքներ փոխանակել և վեր հանել խնդիրներ։
Լիլիթ Դանեղյանը շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարարությանը երկարատև և սերտ համագործակցության համար։ Նա անդրադարձել է Եվրոպայի Խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի շրջանակում օրենքի մշակման և իրավական ակտերում փոփոխություններ կատարելու նպատակով փորձագիտական աջակցությանը, կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներին։ Լիլիթ Դանեղյանը ելույթում նշել է, որ ԵԽ-ն կշարունակի աջակցել ՆԳ նախարարությանը նշված ոլորտի բարեփոխումների իրականացման շրջանակում։
Հանդիպման ընթացքում ակտիվ քննարկում է ծավալվել մասնավորապես ոստիկանության զորքերի՝ այլ ստորաբաժանման կազմից դուրս գալու հարցի շուրջ։
Մանրամասն քննարկվել են արտակարգ և ռազմական դրության ժամանակ Ոստիկանական գվարդիայի լիազորությունների, ինչպես նաև ռեժիմների ապահովման օժանդակության վերաբերյալ հարցեր։
Հիշեցնենք, որ քննարկումները կազմակերպվել էին «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի կողմից, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից։