Վերջին օրերին եղանակային գործոններով և ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում բազմաթիվ ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր ավտոճանապարհներին արգելափակված, խցանման մեջ հայտնված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։

Միայն դեկտեմբերի 23-ից 24-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ գրանցվել է 79 դեպք։ Մասնավորապես, Ստեփանավան, Սևան, Գավառ, Ջերմուկ քաղաքներում, Յաղդան, Գեղադիր, Ծաղկաշեն, Հորս, Քաղսի, Ֆանտան, Թաթուլ գյուղերում, Աշոցք-Կրասար, Երևան-Սևան, Ապարան-Քուչակ, Թթուջուր-Չքնաղ, Մայակովսկի-Ձորաղբյուր, Հնաբերդ-Գեղադիր-Նորաշեն, Կախակն-Մեծ Մասրիկ, Արեգունի-Գեղամասար, Սիսիան-Վայք և Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհներից փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 461 տրանսպորտային միջոց և 1261 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
Առատ տեղումներով և ձնաբքով պայմանավորված՝ Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ճանապարհահատվածը ժամանակավորապես դարձել է անանցանելի, ինչի հետևանքով մոտ 400 տրանսպորտային միջոց հայտնվել է խցանման մեջ։

Քաղաքացիներին հրատապ օգնություն ցուցաբերելու նպատակով տեղում շուրջօրյա ռեժիմով օպերատիվորեն աշխատանքներ են իրականացնում փրկարարները, որոնք Գորայք բնակավայրում` նախապես ծավալված առաջնային հենակետում, քաղաքացիներին տրամադրում են տաք սնունդ և տաքանալու համար համապատասխան միջոցներ և անհրաժեշտ պարագաներ։

Նշված հատվածում մոտ 210 քաղաքացու առաջնային օգնության կետում ցուցաբերվել է համապատասխան օգնություն։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 85 մարդատար և 16 բեռնատար ավտոմեքենաներ․աշխատանքներն ինտենսիվ շարունակվում են։

Ավտոճանապարհներին արգելափակումների, խցանումների մեջ հայտնված քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու նպատակով փրկարարներն իրականացնում են համապատասխան աշխատանքներ՝ համագործակցելով ոստիկանության պարեկային ծառայողների, ճանապարհների շահագործման և շինարարական ընկերությունների աշխատակիցների հետ:

Ելնելով քաղաքացիների անվտանգությունից՝ ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել զգոնություն և վերը նշված հատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ գրառումներ