Մարտի 7-ին ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչ Թիերի Ժիրարդին։
Հանդիպմանը ներկա էր ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:
Հանդիպման նպատակն էր քննարկել ինչպես արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և պատրաստվածության ընդհանուր մոտեցումները, կամավորական փրկարարական շարժման զարգացման ուղիները, այնպես էլ կառույցների միջև համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունները:
ՆԳՆ ՓԾ տնօրենը ողջունելով հյուրին՝ երախտագիտությամբ անդրադարձել է այն ոլորտներին, որտեղ Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների գործուն աջակցությամբ բազմաթիվ ծրագեր են իրականացվել։
Կամո Ցուցուլյանը հատկապես շեշտել է կամավորական փրկարարական շարժման զարգացման նպատակով Ավստրիական Կարմիր խաչի ընկերության ֆինանսավորմամբ Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագիրը, որը մեկնարկել է 2022 թ. դեկտեմբերին և նախատեսվում է ավարտին հասցնել 2025 թ. օգոստոսին:
ՓԾ տնօրենը բարձր է գնահատել կամավորական շարժման զարգացման միջոցով Հայաստանի Հանրապետության մարզերում բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդմանն ուղղված աշխատանքները, որոնց շրջանակներում արդեն իսկ արդյունավետ գործում են ութ կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր. ներկայումս աշխատանքներ են տարվում չորս նոր հենակետերի ստեղծման և կարողությունների զարգացման ուղղությամբ։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Թիերի Ժիրարդը գոհունակությամբ շեշտել է Փրկարար ծառայության ջանքերը և փորձը կամավորականության զարգացման բնագավառում, երկու կառույցների միջև արդյունավետ փոխգործակցությունը, ինչը որպես հաջողված մոդել ներկայացվել է վերջերս տեղի ունեցած համաշխարհային համաժողովում՝ որպես կամավորականության ոլորտում համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունք և օրինակելի փորձ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առաջիկայում ծրագրի շրջանակներում նախատեսվող կամավորական հենակետերի անհրաժեշտ գույք-սարքավորումներով, համապատասխան հանդերձանքով վերազինման հարցերը, կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի ստանդարտ գործողությունների ընթացակարգերին առնչվող, փորձի փոխանակման, հետագա աջակցության ցուցաբերման և այլ հարցեր:
Կամո Ցուցուլյանը պատրաստակամություն է հայտնել ՆԳՆ ՓԾ կողմից կազմակերպել կամավոր հրշեջ-փրկարարների ուսուցում, սիմուլյացիոն վարժանքների անցկացում և համայնքներին հրշեջ տեխնիկայով ապահովման աշխատանքները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային հաջորդ փուլի մեկնարկին համատեղ այցելություններ կազմակերպել մարզեր՝ տեղերում իրավիճակի ուսումնասիրման և կարիքների գնահատման նպատակով։
Ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում ստորագրել փոխհամագործակցության հուշագիր, որը հնարավորություն կտա շարունակել աշխատանքները նաև այլ ուղղություններով:

Նմանատիպ գրառումներ