Մարտի 15-ին Վիեննայում կայացել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 67-րդ բարձր մակարդակի նիստը, որին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը՝ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորությամբ։

Պատվիրակության կազմում էր ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանման ներկայացուցիչ Վահան Հակոբյանը։ Ներկա էր Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանը։

Բարձր մակարդակի նիստում ելույթ են ունեցել տարբեր երկրների կառավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Իր խոսքում Արփինե Սարգսյանն ընդգծել է տարածաշրջանային և միջազգային համագործակցության կարևորությունը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում։ Նա ներկայացրել է նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում վերջերս Հայաստանի Հանրապետության արձանագրած հաջողությունները և ընդգծել հիմնական մարտահրավերները՝ հույս հայտնելով միջազգային գործընկերների հետ համատեղ փոխօգնության շրջանակներում գտնել նաև դրանց հաղթահարման ուղիները։
«Տիկի՛ն նախագահ, Ձերդ գերազանցություններ, պատվիրակությունների ղեկավարնե՛ր, գործընկերնե՛ր,
Մեծ պատիվ է Հայաստանի Հանրապետության անունից ելույթ ունենալ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 67-րդ նիստի այս նշանավոր միջազգային հարթակում։ Որպես Հանձնաժողովի նոր անդամ՝ Հայաստանը հավատարիմ է իր մանդատին և առաքելությանը՝ ուժեղացնելու թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման և դրա դեմ պայքարի իր կարողությունները: Հայաստանը հավատարիմ է մնում թմրամիջոցների վերահսկման արդյունավետ կարգի ապահովմանը` երեք միջազգային կոնվենցիաներին և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Թմրամիջոցների համաշխարհային խնդրին նվիրված հատուկ նստաշրջանների արդյունքներին համապատասխան:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը մեծ վտանգ է ներկայացնում մարդու առողջության և ողջ միջազգային հանրության անվտանգության և բարգավաճման համար: Հայաստանը գիտակցում է, որ խնդրի անդրազգային բնույթը անհնարին է դարձնում թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելումն ու վերահսկումը առանց արդյունավետ տարածաշրջանային և միջազգային համագործակցության։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության ռեկորդային մակարդակը և թմրամիջոցների շուկաների ընդլայնումը մեզ պարտավորեցնում են բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության, գիտական համայնքի և մասնավոր հատվածի միջև համագործակցության արդյունավետ ուղիներ գտնել՝ լուծելու ոչ միայն թմրամիջոցների ապօրինի շրջանառության խնդիրը, այլև անդրադառնալու հանրային առողջապահական խնդիրներին և այն հնարավորություններին, որոնք ստեղծում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը՝ կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի, մարդկանց և զենքի առևտրի, ահաբեկչության և այլ հանցագործությունների տարածման համար:
Մեր վերջին ամենակարևոր նախաձեռնություններից մեկը 2023 թվականին Սինթետիկ թմրամիջոցների սպառնալիքներին ուղղված համաշխարհային կոալիցիային Հայաստանի միանալն էր։ Ավելին, և՛ 2023, և՛ 2024 թվականները ՆԳ նախարարության կողմից հայտարարվել են որպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարիներ։ ՀՀ կառավարությունը ձևավորել է նաև Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով։ Հանձնաժողովը ոչ միայն համախմբելու է ջանքերը թմրամիջոցների շրջանառության վերահսկման և հանրային անվտանգության ապահովման ոլորտում, այլև թիրախավորելու է հանրային առողջության հետ կապված խնդիրները:
Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թեև բնական ծագում ունեցող թմրամիջոցները շարունակում են մնալ ամենատարածվածը Հայաստանի Հանրապետության տարածքում, սակայն տագնապալի աճ է նկատվել նաև մարդու առողջության համար առավել վտանգավոր սինթետիկ թմրամիջոցների շրջանառության ծավալի մեջ։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին զուգահեռ՝ մեզ համար կարևոր են թմրամիջոցների օգտագործման հետ կապված անհատների առողջության համար բացասական հետևանքները չեզոքացնելուն ուղղված քայլերը։ Խորապես մտահոգիչ է, որ շատ անհատներ տառապում են թմրամիջոցների պատճառով, ձեռք են բերում առողջական լուրջ խնդիրներ կամ վատթարագույն դեպքերում՝ նույնիսկ զրկվում են կյանքից։ Թմրամիջոցների հետևանքով տուժածների առողջության վերականգնման համար պետք է որդեգրվեն նոր մեթոդներ և մոտեցումներ, որոնք առաջնորդվում են մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար սկզբունքով։
Նոր տեխնոլոգիաների ոլորտում առաջընթացի շնորհիվ առցանց շուկաները, սոցիալական մեդիա հարթակներն ու ցանցերը դարձել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության կազմակերպման հիմնական վայրերը: Մեր օրերում կրիպտոարժույթը նույնպես ակտիվորեն օգտագործվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը դյուրին դարձնելու համար, ինչը լուրջ խոչընդոտ է իրավապահ մարմինների աշխատանքի համար, քանի որ կրիպտոարժույթի շրջանառության իրավական դաշտը լավ կարգավորված չէ։ Այս խնդիրը լուծելու համար Ներքին գործերի նախարարությունը մշակել է օրենքների նախագծերի փաթեթ, որը կարգավորում է կրիպտոարժույթի օգտագործմամբ հանցագործությունների քննության հետ կապված մի շարք կարևոր հարցեր։
Քանի որ տեխնոլոգիական առաջընթացը շարունակաբար օգտագործվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը հեշտացնելու համար, իրավապահ մարմինների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը կանխելու և քննելու համար ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումը նույնպես կարևոր է: Հուսով ենք, որ նոր տեխնոլոգիաների միջոցով կազմակերպված թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը խափանելու համար փոխադարձ տեխնիկական և մեթոդական աջակցությունը կշարունակի մնալ միջազգային գործընկերների հետ մեր համագործակցության առաջնահերթություններից մեկը։
Ուրախ եմ տեղեկացնել նաև, որ Ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակներում Քրեական ոստիկանությունում ստեղծվել է Համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժինը։ Բաժնի ջանքերի շնորհիվ 2023 թվականին կտրուկ աճել են համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հայտնաբերման դեպքերը:
Մենք իսկապես երախտապարտ ենք թմրամիջոցների շրջանառությունը վերահսկելու միջազգային համատեղ ջանքերի մաս լինելու համար։ Համոզված եղեք, որ Հայաստանը լիովին հավատարիմ է միջազգային համագործակցությունը տարբեր մակարդակներում խորացնելու, լավագույն փորձով և քաղած դասերով կիսվելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման, դրա դեմ պայքարի և հասարակության, պետության և անհատների վրա դրա վնասակար ազդեցության նվազեցմանը միտված բոլոր նախագծերին մասնակցությանը:
Հարգելի՛ գործընկերներ,
Թմրամիջոցների դեմ պայքարի քաղաքականության միջազգային բոլոր պարտավորությունների կատարումն ընդլայնելու և թմրամիջոցների չարաշահման, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի մշակման և արտադրության, ինչպես նաև այդ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության ռեկորդային ծավալների մարտահրավերներին դիմակայելու նպատակով, ինչպես նաև 2019 թվականի նախարարական (թիվ 2) Հռչակագրի ընդգծմանը համապատասխան՝ ես պարտավորվում եմ Հայաստանի Հանրապետության անունից մինչև 2025 թվականը մշակել «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը»։
Շնորհակալություն ուշադրության համար»։

Վիեննայում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մասնակցել է նաև ԱՄՆ կողմից կազմակերպված «Համաշխարհային հանրային առողջության և անվտանգության պաշտպանություն. սինթետիկ թմրամիջոցների և դրանց պրեկուրսորների և դրանց նկատմամբ միջազգային միասնական արձագանքի ձևավորում» հարակից միջոցառմանը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Ելույթ է ունեցել նաև ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Փոխնախարարը ներկայացրել է սինթետիկ թմրամիջոցների դեմ Հայաստանի իրավապահների պայքարի մանրամասներ և պատրաստակամություն է հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը ԱՄՆ և մյուս գործընկերների հետ, որն ուղղված է հանրային առողջապահության ու անվտանգության ապահովմանը։

 

Նմանատիպ գրառումներ