Ավտովթար, արգելափակված մեքենա և տուժածներ… Տարբեր իրավիճակներում փրկարարական աշխատանքների կազմակերպման և առաջին օգնության մոտեցումները տարբեր են, իսկ խնդիրը մեկը`փրկել կյանքեր:
Փրկարարների եռօրյա վերապատրաստումների շրջանակում` ապրիլի 10-ին Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացվել են «Ավտոտրանսպորտային միջոցների վթարների դեպքում իրականացվող փրկարարական աշխատանքներ» թեմայով գործնական պարապմունքներ:
ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դասախոս, կապիտան Անդրանիկ Խաչատրյանի խոսքով՝ «Շատ կարևոր են նմանատիպ վերապատրաստման դասընթացները, որովհետև Հայաստանում օր-օրի ավելանում են տրանսպորտային միջոցները, և դրան զուգահեռ՝ ավելանում են նաև վթարները: Այդ իսկ պատճառով կարևորվում է, որպեսզի մեր փրկարարները էլ ավելի կարողանան բարձրացնել իրենց հմտությունները, գիտելիքները: Տեսական դասընթացների ավարտից հետո իրականացվում են պարտադիր գործնական պարապմունքներ, որտեղ արդեն նման իրավիճակային պայմաններում խաղարկման սցենարներով կազմակերպվում են այսպիսի աշխատանքներ»:
Սկզբում փրկարարները ստանում են անվտանգության կանոնների վերաբերյալ հրահանգավորում, ծանոթանում խաղարկային իրավիճակներին, այնուհետև անցնում փրկարարական աշխատանքներին։ Ըստ սցենարի՝ կան վթարված մեքենաներ, տարբեր վնասվածքներով տուժածներ: Փրկարարների խնդիրն է գնահատել իրավիճակը, հատուկ տեխնիկայի ճիշտ օգտագործմամբ ազատել արգելափակված տուժածներին և ցույց տալ առաջին օգնություն։
ՀՓՋ օղակի հրամանատար Հակոբ Հարությունյանն ասում է՝ «Այս ընթացքում շատ բան սովորեցինք: Դասընթացները կարևոր են ավելի բարդ իրավիճակներ հաղթահարելու համար»:
Վերապատրաստման դասընթացին մասնակցում էր տարբեր ստորաբաժանումների 13 փրկարար: Դասընթացի նպատակն էր բարձրացնել փրկարարների պատրաստվածությունը, կատարելագործել համատեղ փրկարարական աշխատանքների կազմակերպչական և գործնական հմտությունները։
Վերապատրաստում անցած ծառայողներին տրվեցին հավաստագրեր։