ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումների կարևոր ուղղություններից է համակարգը բարձրակարգ, ժամանակի պահանջներին համապատասխան կադրերով համալրելը, ինչպես նաև նախարարության ծառայողներին շարունակական որակյալ կրթությամբ և անհրաժեշտ հմտություններով ապահովելը: Այսպիսով, Քրեական ոստիկանության մասնագիտացված ծառայության ձևավորման շրջանակում արդեն իսկ անցկացվել են հարցազրույցներ, որոնք հաղթահարած թեկնածուները այժմ ՆԳՆ կրթահամալիրում անցնում են վերապատրաստում՝ ձեռք բերելու լրացուցիչ մասնագիտական գիտելիքներ և կարողություններ՝ Քրեական ոստիկանությունում ծառայությունը պատշաճ իրականացնելու համար։
ՆԳ նախարարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որ վերապատրաստումն անցնելուց հետո Քրեական ոստիկանության ծառայողները ձեռք բերած մասնագիտական գիտելիքների շնորհիվ ծառայությունում ապահովեն նոր որակ: Քրեական ոստիկանության համար պրոֆեսիոնալ կադրեր պատրաստելու այս պատասխանատու փուլի շրջանակներում ՆԳ նախարարությունը կարևորում է նաև միջազգային փորձի ուսումնասիրությունը և միջազգային լավագույն փորձի ներդրումը ՆԳՆ ոստիկանությունում։
Միջազգային փորձի ուսումնասիրման նպատակով ՆԳՆ մի շարք ծառայողներ աշխատանքային այցով մեկնել էին Լիտվայի Հանրապետություն: ԵՄ «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում մայիսի 6-10-ը ճանաչողական այցով Լիտվայի Հանրապետության ՆԳՆ քրեական ոստիկանություն մեկնած ՆԳՆ պատվիրակությունը ծանոթացել է Լիտվայի Հանրապետության Քրեական ոստիկանության կառուցվածքին և հիմնական գործառույթներին, Լիտվայում ոստիկանների կրթության և վերապատրաստման անցկացման համակարգին, Քրեական ոստիկանության կողմից տվյալների մշակման և վերլուծության տեխնիկական համակարգերին և մեթոդներին և այլն։
Այցի ընթացքում պատվիրակությունը և Լիտվայի ոստիկանությունը պայմանավորվածություն են ձեռք բերել հանցագործությունների ռազմավարական և մարտավարական վերլուծության, օպերատիվ կառավարման, կիբերհանցագործությունների բացահայտման, պարեկային ծառայության և քրեական ոստիկանության աշխատակիցների պատրաստման և վերապատրաստման ոլորտներում խորացնելու համագործակցությունը: Մասնավորապես, ՆԳՆ կրթահամալիրում կազմակերպվելու են Լիտվայի Քրեական ոստիկանության մի շարք փորձագետների կողմից դասախոսություններ և վերապատրաստումներ՝ Քրեական ոստիկանության ապագա ծառայողների համար անցկացվող կրթական ծրագրի շրջանակներում։