ՀՀ կառավարության 2024 թ. մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2346-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 350-Ա որոշման հիման վրա Ներքին գործերի նախարարությունը մարտի 12-ին հայտարարել էր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերություն ծրագրի մասնավոր գործընկերոջ ընտրության որակավորման հարցում։
Ծրագրի շրջանակում հայտարարվելիք մրցույթին մասնակցելու նպատակով որակավորման հայտ են ներկայացրել անձը հաստատող փաստաթղթերի արտադրության և ոլորտի ծրագրային ու տեխնիկական ապահովվածության ոլորտում առաջատար միջազգային ընկերություններ։ Որոշ թեկնածուներ մրցույթի որակավորման փուլին մասնակցելու նպատակով ձևավորել են երկու և ավելի ընկերություններից բաղկացած կոնսորցիում, եղել են նաև անհատական դիմումատուներ։
Ծրագրի գնահատող հանձնաժողովը երեսնօրյա ժամկետում քննել է ներկայացված հայտերի համապատասխանությունը հրապարակված որակավորման պահանջներին։ Մանրամասն վերլուծվել են հայտատուների ֆինանսական և տնտեսական, ինչպես նաև տեխնիկական և մասնագիտական կարողությունները։
Գնահատման արդյունքներով որակավորվել են երեք թեկնածուներ՝ 2 կոնսորցիում․ առաջինը՝ ձևավորված AUGENTIC GmbH and Imprensa Nacional և Casa da Moeda S.A. ընկերությունների համագործակցությամբ, երկրորդը՝ IDEMIA Identity & Security France SAS և A.C.I. Technology S.à.r.l. ընկերությունների համագործակցությամբ և մեկ անհատ ընկերություն՝ Mühlbauer ID Services GmbH։
Ըստ ընթացակարգի՝ հաջորդիվ մեկնարկում է որակավորված հայտատուների հետ խորհրդակցությունների փուլը, որի ընթացքում քննարկվելու են մրցույթի պայմանները։ Դրան հաջորդելու է բուն մրցույթի հայտարարումը։ Հաղթող թեկնածուի հետ կկնքվի պայմանագիր․ նա նոր ենթակառուցվածք հիմնելու և մրցույթի պահանջներին համապատասխան արտադրություն սկսելու համար կունենա մինչև մեկ տարի ժամանակ։