Վերջին տարիներին նկատվում է կիբեռհանցագործությունների աճ. հաճախ դրանք վերաճում են անդրսահմանային հանցագործությունների: Կիբեռհանցագործությունների դեմ արդյունավետ պայքար մղելու տեսանկյունից կարեւոր են միջպետական համագործակցությունը և ներպետական օրենսդրությամբ արդյունավետ իրավական կարգավորումներ սահմանելը: Այս մասին ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Կառավարության օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը, որով առաջարկվում է արդյունավետ կառուցակարգեր նախատեսել կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակներում։
Նշվել է, որ գործնականում կիբեռհանցագործությունները տարբերակելիս որոշակի խնդիր է առաջանում: «Հանրության շրջանում շփոթ կա այն առումով, որ այն, ինչ կատարվում է համացանցում կամ համացանցի օգտագործմամբ, կիբեռհանցագործություն է: Այդ շթոփը պետք է ցրել, որովհետեւ կիբեռհանցագործությունն ունի հստակ առարկա, հստակ օբյեկտ եւ համացանցի օգտագործմամբ ոչ բոլոր հանցագործությունները պետք է դիտարկել կիբեռհանցագործություն»,- հստակեցրել է փոխնախարարը:
Առաջարկվել է Քրեական օրենսգրքում առանձին հավելվածի տեսքով սահմանել կիբեռհանցագործությունների ցանկը, ինչը բխում է Բուդապեշտի կոնվենցիայից:
Հաջորդ փոփոխությունը վերաբերել է քրեադատավարական ընթացակարգերին: Արփինե Սարգսյանի խոսքով՝ համացանցային տվյալները դասակարգելու միջազգայնորեն ընդունված մոտեցում կա՝ բաժանորդային, փոխանցվող եւ բովանդակային, որոնք մեր օրենսդրությունն ըստ տեսակների մինչ այժմ չի տարբերակել: Ըստ այդմ, առաջարկվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, Բուդապեշտի կոնվենցիային համապատասխան, հստակ տարանջատել բաժանորդի, փոխանցվող և բովանդակային տվյալները։ Նախագծով առաջարկվում է IP հասցեն ստանալ դատական վերահսկողության շրջանակներում (այժմ այն տրվում է քննիչի համապատասխան որոշման հիման վրա՝ դատախազի հաստատմամբ):
Նախատեսվում է բնակարանի խուզարկության արդյունքում ստացված էլեկտրոնային սարքերի եւ կրիչների թվային խուզարկություն իրականացնելու համար վարույթն իրականացնող մարմնի կողմից նոր միջնորդություն ներկայացնելու և միջնորդվող ապացուցողական գործողության կատարումը թույլատրելու մասին դատարանի առանձին որոշում ստանալու պահանջ, եթե դրանց ստացումը նախատեսված չէր տվյալ գործողության կատարումը թույլատրելու մասին որոշմամբ կամ ողջամտորեն չէր ակնկալվում: Բացի այդ, այն դեպքում, երբ խուզարկվում է կոնկրետ համակարգիչ, սակայն հիմքեր կան ենթադրելու, որ վարույթի համար նշանակություն ունեցող տվյալներ կարող են լինել նաև ՀՀ տարածքում գտնվող համակարգչային մեկ այլ համակարգում, ապա նախատեսվում է խուզարկությունը տարածել նաև այդ համակարգերի նկատմամբ։
Քաղաքացիաիրավական կարգավորումների շրջանակում առաջարկվել է նաև հստակեցնել կրիպտոակտիվի հասկացությունը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ հանցավոր գործունեության մեջ կրիպտոակտիվի ներգրավմամբ ստացված եկամուտները, նախնական տվյալներով, գերազանցում են 5 մլն դոլարը, իսկ 2023 թվականի կտրվածքով՝ արձանագրվել է կրիպտոակտիվների օգտագործմամբ 249 հանցագործության դեպք: Կրիպտոակտիվի տնօրինման հետ կապված գործողությունները պետք է կատարվեն բացառապես անկանխիկ գործառնությունների շրջանակում։
Հարակից զեկույցում ԱԺ պատգամավոր Լիլիթ Մինասյանն անդրադարձել է կրիպտոակտիվների ոլորտում կարգավորումներին և դրանց շրջանառության վտանգներին:
Նախագծերի փաթեթն արժանացել է Հանձնաժողովի դրական քվեարկությանը։