Հունիսի 12-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Կառավարության հեղինակած «Ոստիկանության գվարդիայի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով շահագրգիռ քննարկման համար, ընդգծել է, որ բարեփոխումների շրջանակում Ոստիկանությունը, որպես մասնագիտացված կառույց, զարգանալու է չորս հենասյունային ուղղություններով, և Ոստիկանության գվարդիան այդ շարքում է, որի ձեւավորումը նախատեսված է եղել թե՛ Կառավարության ծրագրով, թե՛ ոլորտային ռազմավարությամբ:

Օրենսդրական փաթեթով կկատարվեն հետևյալ փոփոխությունները.

✔ Սահմանվում է Ոստիկանության գվարդիայի նոր կարգավիճակը.
Ոստիկանության գվարդիան կգործի բացառապես քաղաքացիական կառավարման և խորհրդարանական վերահսկողության ներքո։ Արդյունքում, Ոստիկանության գվարդիայի ձևավորման, գործունեության կարգը, ինչպես նաև գվարդիայում ծառայության առանձնահատկությունները կարգավորվելու են բացառապես Ոստիկանությանը վերաբերող օրենսդրությամբ, և գվարդիան, ի տարբերություն ներկայիս Ոստիկանության զորքերի, այլևս չի ներառվելու «այլ զորքեր» օրենսդրական բնորոշման մեջ՝ այդպիսով վերացնելով գործող երկակի կարգավիճակը, որը զուգակցում է արտաքին և ներքին անվտանգության գործառույթները և հանդիսանում Ոստիկանության զորքերի ռազմականացման հիմնական նախադրյալը: Ոստիկանության գվարդիային վերապահվելու են պետության պաշտպանության ոլորտի այնպիսի գործառույթներ, որոնք բխում են Ոստիկանության խնդիրներից և արդյունավետ կերպով կարող են իրականացվել նոր ձևավորվող ծառայության կողմից:

«Պետական մարմինների դեպքում գործառույթը պետք է շատ հստակ լինի։ Եթե Ոստիկանության կազմում զուգորդում ենք Ոստիկանության գործառույթը և պաշտպանական գերատեսչության ուղղակի գործառույթը, ապա չենք կարող հարյուր տոկոսանոց օգտակար գործողության գործակից երաշխավորել ո՛չ Ոստիկանության համար, ո՛չ պաշտպանական գերատեսչության։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները կաջակցեն ՀՀ պաշտպանությանն ավելի արդյունավետ գործիքակազմով. այն կլինի շատ ավելի հասցեական և ավելի թիրախային»,-եզրափակիչ ելույթում ընդգծել է Արփինե Սարգսյանը։

✔Հստակեցվում է Ոստիկանության գվարդիայի գործառույթների շրջանակը։ Ոստիկանության գվարդիան ձևավորվելու է որպես լիարժեք նոր կառույց՝ չլինելով Ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը։
✔Սահմանվում է միջազգային չափանիշներին համապատասխան նոր ստանդարտ ուժային միջոցների՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի և հատուկ տեխնիկայի գործադրման դեպքերի, հիմքերի և համաչափության պայմանների մասով:
✔Սահմանվում են գվարդիայի ապագա ծառայողների որակյալ կրթության և վերապատրաստման ուղղությունները. առանց համապատասխան հատուկ պատրաստության գվարդիայի ծառայողը ուժային միջոցներ կիրառելու իրավասություն չի ունենա։

Եզրափակիչ ելույթում Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքում հավաքներին վերաբերող կարգավորումներին՝ հստակեցնելով, որ օրենսդրական փոփոխությունը գալիս է առավելապես օգնելու, ավելի կազմակերպված դարձնելու այդ իրավունքի իրացումը։

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդգծել է. «Ես ցանկանում եմ, որ մենք վստահենք իրավապահ համակարգին և խորհրդարանական վերահսկողության շրջանակներում հետևողականություն ցուցաբերենք»։

Նմանատիպ գրառումներ