Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի խոսքով՝ սպանությունների թիվը 2021 թվականից սկսած նվազել է. նվազման միտումը շարունակվել է նաև 2024 թվականին։
• 2021 թվականին արձանագրվել է 60 դեպք, 2022 թ․՝ 58 դեպք, 2023 թ․՝ 55 դեպք, իսկ 2024 թ․ առաջին կիսամյակում 28 դեպք՝ նախորդ տարվա 31-ի համեմատ․ բոլոր դեպքերը բացահայտվել են։
• Հանցագործությունների մասով 2023 թվականի համեմատ նույնպես նվազում է արձանագրվել։ 2023 թվականի 6 ամիսներին՝ 19891 դեպք, 2024 թ․ նույն ժամանակահատվածում՝ 18818 դեպք․ նվազում է արձանագրվել 5,4 տոկոսով։
• Հանցագործությունների բացահայտման ցուցանիշը ևս բարձր է՝ 69,8 տոկոս՝ նախորդ տարվա 67,9 տոկոսի համեմատ։
• 2022 թվականից Քրեական դատավարության նոր օրենսգրքով ցանկացած դեպքով նախաձեռնվում է քրեական վարույթ․ սրանով է պայմանավորված նաև հանցագործությունների ցուցանիշի աճի որոշակի արձանագրումը։ Մասնավորապես՝ հանկարծամահությունը դասվում է առանձնապես ծանր հանցագործությունների շարքին, վարույթ է նախաձեռնվում սպանության հատկանիշներով, իրականացվում է փորձաքննություն, ինչից հետո վարույթը հիմնականում կարճվում է։
• Պարբերաբար միջոցառումներ են իրականացվում ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ. արդյունքում՝ 2021 թվականին հայտնաբերվել և կամավոր հանձնվել է 751 միավոր, 2022 թվականին՝ 925, 2023 թվականին՝ 1159, 2024 թ․ առաջին կիսամյակում՝ 553 միավոր։
• Ոստիկանության բարեփոխումների շրջանակում նոր ձևավորվող Քրեական ոստիկանության վերաբերյալ Վարդան Վարդանյանը նշել է, որ հիմնական տրամաբանությունն առանձին ճյուղային հանցագործությունների սպասարկումն է, ինչը միտված է բացահայտման արդյունավետության բարձրացմանը և առավել մասնագիտացած ծառայության իրականացմանը։
• Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումների շրջանակում գործում է միջգերատեսչական հանձնաժողով, կանխարգելիչ աշխատանքներին ներգրավվում են հասարակական կազմակերպություններ. ոստիկանությունն այսօր ունի բավական լավ գործիքակազմ նաև համացանցային ապօրինի շրջանառության դեմ պայքարում։