ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել 2024 թ. հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 1043-Ն որոշմամբ հաստատված հավելվածում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին:
Հաշվի առնելով, որ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառվել են վնասներ, առաջարկվում է սահմանել տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման կարգը: Մասնավորապես, առաջարկվում է տրանսպորտային միջոցի կորստի դեպքում փոխհատուցման ենթակա գումարի չափը, իսկ տրանսպորտային միջոցի վնասվածության դեպքում՝ վնասվածության աստիճանը և դրա հիման վրա փոխհատուցման ենթակա գումարի չափը որոշել ԱՊՊԱ ոլորտում շարժական գույքին պատճառված վնասները գնահատող համապատասխան որակավորված փորձագիտական կազմակերպությունների կողմից կատարված փորձաքննության արդյունքում տրված եզրակացությամբ, որն արժանահավատ փոխհատուցման չափ կերաշխավորի տրանսպորտային միջոցի ձեռքբերման կամ դրա վերանորոգման համար:
Փոխհատուցման հիմքում դրվում են այն կազմակերպությունների եզրակացությունները, որոնք փորձաքննություն իրականացնում և եզրակացություն տալիս են Ներքին գործերի նախարարության կողմից փորձագիտական ծառայությունների ձեռքբերման շրջանակում:
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է, որ այս պահի դրությամբ համայնքային հանձնաժողովներն արձանագրել են 193 տրանսպորտային միջոցներ, որոնք աղետի հետևանքով վնասվել կամ կորսվել են: 193 տրանսպորտային միջոցներից 152-ի մասով արդեն իսկ կան վերջնական փորձագիտական եզրակացությունները:
Ըստ Արփինե Սարգսյանի՝ քաղաքացիները հնարավորություն կունենան դիմում ներկայացնել օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ։ Քաղաքացիները կներկայացնեն հաշվեհամար, որին անկանխիկ եղանակով փոխհատուցումը կիրականացվի:
«Պատճառված վնասը որքան կֆիքսվի փորձագետի կողմից, այնքան մենք ամբողջական հատուցումն իրականացնելու ենք, այսինքն՝ եզրակացությամբ տրված փոխհատուցման ենթակա վնասի 100 տոկոսի չափով»,- նշել է փոխնախարարը:
Որոշման ընդունման արդյունքում կանոնակարգվում են փոխհատուցման հետ կապված կազմակերպչական հարցեր։

 

Նմանատիպ գրառումներ