Սեպտեմբերի 4-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել Փրկարարի օրվան նվիրված տոնական միջոցառում։
Մասնակցում էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։
Ներկա էին նաև Նախարարության և ենթակա ծառայությունների ղեկավար կազմը, ծառայողներ։
Արփինե Սարգսյանը ՆԳ նախարարի, նախարարության և իր անունից շնորհավորել է փրկարարներին մասնագիտական տոնի կապակցությամբ։
Ընդգծելով Հայաստանի Հանրապետության դիմակայունության առումով փրկարար ծառայողների աշխատանքի կարևորությունը՝ Սարգսյանը կարևորել է դինամիկ հասարակական հարաբերություններին զուգընթաց փրկարարների պատրաստվածությունը, շարունակական կրթության ապահովումը, որը հանրությանը մատուցվող ծառայության արդյունավետության բարձրացման երաշխիք է։
Փոխնախարարը նշել է, որ պետք է արժանին մատուցել ծառայողների 24/7 ռեժիմով մատուցած ծառայության հետևում կանգնած ընտանիքների անդամներին, ծառայողների կրթական գործընթացը կազմակերպող դասախոսական անձնակազմին, փրկարարական աշխատանքի համար փրկարարական գույքը պատշաճ տեսքի բերող անձնակազմին և ծառայության թիկունքում կանգնած բոլոր անձանց, որոնք այս կամ այն կերպ աջակցում են փրկարարի աշխատանքին։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ Կառավարությունը հետևողականորեն բարելավել և շարունակելու է բարելավել փրկարարների կրթական գործընթացը, աշխատանքային պայմանները, աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությունը, սոցիալական երաշխիքները, ինչը թույլ կտա, հենվելով ունեցած արդյունքների վրա, ապահովել զարգացման նոր մակարդակ։
Փրկարարի օրվա առթիվ շնորհավորելով ներկաներին՝ Կամո Ցուցուլյանը շնորհակալություն է հայտնել ծառայողներին քաղաքացիների փրկության և պաշտպանության գործում խիզախության, բարեխիղճ ծառայության ու նվիրվածության համար։
Իր ելույթում Արամ Հովհաննիսյանը Ոստիկանության անձնակազմի անունից շնորհավորել է փրկարարներին՝ առանձնահատուկ կարևորելով ոստիկանների և փրկարարների համատեղ արդյունավետ աշխատանքը։
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել ՆԳ նախարարության փրկարար ծառայության պաշտոնական նոր կայքի՝ rescue.mia.gov.am-ի շնորհանդեսը։ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը նշել է, որ սա Հայաստանում առաջին պետական կայքն է, որի տեղեկատվությունը գտնվում է ամպային տիրույթում: Նա հավելել է, որ եռալեզու կայքը համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին, իսկ ԵՄ ստանդարտներին համապատասխան ալգորիթմի ներդրման շնորհիվ կայքը հասանելի է նաև հաշմանդամություն ունեցող անձանց։
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։
Բարեխիղճ և բարձր պատասխանատվությամբ ծառայություն իրականացնելու և մասնագիտական տոնի կապակցությամբ փրկարարները պարգևատրվել են մեդալներով, հուշանվերներով ու պատվոգրերով, խրախուսվել արտահերթ կոչումներով։
Միջոցառումն ավարտվել է տոնական համերգով։

Նմանատիպ գրառումներ