«Ի՞նչ կարող է պատմել անձնագիրը մեր մասին. նոր կենսաչափական անձնագրի դեպքում շատ ավելին, քան թվում է առաջին հայացքից։ Բացենք այն։ Առաջին էջում հայոց այբուբենն է, իսկ հաջորդ էջերում` մեր պատմության, մշակույթի, ծագումնաբանության, կրոնի, պետականության խորհրդանիշները՝ հարատև պետության հավատով։

Սիրելի՛ քաղաքացիներ, այս ձևավորումը ստեղծվել է մի քանի փուլով։ Նախ ընտրել ենք անձնագրի կազմի գույնը՝ բուրգունդյան կարմիր։ Այս գույնը և դրա երանգները աշխարհի տարբեր պետությունների և հատկապես Եվրոպական միության երկրների հիմնական ընտրությունն են։

Ապա խնամքով ընտրել ենք պատկերները` ապահովելով դրանց գեղարվեստական մշակումները։

Հընթացս յուրաքանչյուր պատկեր համադրել ենք անվտանգության պահանջների հետ։ Օրինակ` պատկերը պետք է հնարավոր լինի տեղավորել վիզայի էջի 1/3 հատվածում կամ պետք է չծածկի մեր զինանշանի պատկերով ջրանիշը։

Այս պայմաններում ակնհայտ է, որ փորձարկել ենք բազմաթիվ օրինակներ, ի վերջո վիզայի էջերում թողնելով այն պատկերները, որոնք ապահովել են անվտանգային էլեմենտների հետ ճիշտ համադրություն։

Այս ամենից հետո Ձեզ հետ կիսվել ենք անձնագրի նախնական էսքիզային տեսքով, ամբողջացրել անձնագրի վերջնական նկարագիրը` հասցեագրելով նաև Ձեր դիտարկումները։

Ուրախությամբ եմ փաստում, որ այս ահռելի աշխատանքում իրենց ներդրումն են ունեցել նաև Հայաստանի տաղանդավոր երիտասարդները, ոլորտի մասնագետները։

Արդյունքում ստեղծել են կենսաչափական փաստաթուղթ, որը ներկայացնում է մեր ինքնությունն ու պետականությունը, պաշտպանված է ժամանակակից տեխնոլոգիաներով»։

Նմանատիպ գրառումներ