Հարգելի՛ նախագահող, հարգելի՛ ներկաներ.
Թույլ տվեք ներկայացնել վերջին 5 տարիներին հանրապետությունում արձանագրված հանցավորության շարժընթացի, աճի միտումների, դրանք ծնող պատճառների, նպաստող պայմանների, ինչպես նաև ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ համապարփակ վերլուծական տեղեկատվություն:
Նախ կցանկանայի նշել, որ 2020 թվականից ի վեր ոստիկանությունն ունեցել է գերծանրաբեռնված օրակարգ` պայմանավորված երկրում հայտարարված արտակարգ, ապա նաև ռազմական դրությամբ: Բացի այդ, ծավալուն աշխատանքներ են իրականացվել տարաբնույթ զանգվածային միջոցառումների ժամանակ` հասարակական կարգի պատշաճ պահպանման և հասարակական անվտանգության ապահովման բնագավառում: 2019-2023 թթ. ընթացքում միջինում տարեկան ունեցել ենք 4 հազար զանգվածային միջոցառում, այդ թվում` Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, սպորտային, մշակութային և միջազգային նշանակության տարբեր միջոցառումներ:
Ներկայացնելով հանցավորության շարժընթացը, կուզենայի արձանագրել, որ վերջին 5 տարիներին հանցավորության աճը միջինում կազմել է 11,1 %՝ կրճատվելով 0,7 %-ով (2019 թ.՝ աճ 8,8 %, 2023 թ.՝ աճ 8,1 %)։ Ի դեպ, 2024 թ. 8 ամիսներին արդեն իսկ արձանագրվել է հանցագործությունների թվի նվազում 1070-ով կամ 4,2 %-ով (25 637-ից 24 567)։
Վերջին 5 տարիներին առանձնապես ծանր հանցագործությունների աճը միջինում կազմել է 58,3 % (2019 թ.` 284, 2020 թ.` 296, 2021 թ.` 350, 2022 թ.` 880, 2023 թ.` 1 678), ինչը հիմնականում պայմանավորված է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգության, դրանց իրացման, ինչպես նաև հանկարծամահություների դեպքերով, որոնց մասին առավել մանրամասն կխոսեմ:
Ծանր հանցագործությունների աճը միջինում կազմել է 13,4 % (2019 թ.` 4 490, 2020 թ.` 4 077, 2021 թ.` 4 447, 2022 թ.` 5 080, 2023 թ.` 6 116), ինչը հիմնականում պայմանավորված է խոշոր չափերի թմրամիջոցների իրացման, զենք-զինաթերքի ապօրինի շրջանառության, առանձնապես խոշոր չափերով խարդախությունների դեպքերի արձանագրմամբ:
Հիմնական հանցատեսակներից հաշվետու ժամանակահավածում աճել են սպանությունները (միջինում՝ 12,1 %), սպանության փորձերը (միջինում՝ 18,4 %), զենք-ռազմամթերքի ապօրինի շրջանառությունը (միջինում՝ 15,6 %), ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը (միջինում՝ 13,9 %), խուլիգանությունը (միջինում՝ 23,2 %), թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը (միջինում՝ 46,6 %) և խարդախությունները (միջինում՝ 10,4 %)։
Ընդ որում, արձանագրված սպանությունների շուրջ 10 %-ը (270-ից 26-ը) եղել է անհայտ կորածներով նախաձեռնված վարույթներ:
Առհասարակ, վերլուծությունը ցույց է տալիս, որ սպանությունների շուրջ 80%-ը կատարվում են կենցաղային հողի վրա:
Միևնույն ժամանակ, նվազել են գողությունների (միջինում՝ 10,8 %), այդ թվում՝ բնակարանային (միջինում՝ 11,4 %), կողոպուտի (միջինում՝ 9,4 %), դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (միջինում՝ 3,4 %), այդ թվում՝ ծանր դեպքերը (միջինում՝ 3 %):
Վերջին 5 տարիներին գրանցված դեպքերի գերակշիռ մասը կամ 83 %-ը կազմել են ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունները, որոնք առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ են։
Առավել խորքային ներկայացնելով գրանցված հանցագործությունների աճի պատճառները՝ կուզենայի նախ ձեր ուշադրությունը հրավիրել մի շարք այնպիսի գործոնների, որոնք էականորեն ազդել են վիճակագրության ձևավորման վրա։
Այս համատեքստում արձանագրեմ, որ յուրաքանչյուր տարվա ավարտին գրանցված հանցագործության դեպքերով նախաձեռնված որոշակի քանակի վարույթներ կարճվում են քրեական օրենսգրքով նախատեսված` հանցանքի բացակայության հիմքով։ Դրանք, չհանդիսանալով հանցագործության իրական դեպքեր, այնուամենայնիվ, բացասական իմաստով արտացոլվում են ընթացիկ տարվա վիճակագրության մեջ և միայն հաջորդ տարի հանվում ընդհանուր հաշվառումից։ Մասնավորապես, 2019 թվականին կարճվել և հաշվառումից հանվել է 144, 2020 թվականին` 246, 2021 թվականին` 585, 2022 թվականին` 4 324, իսկ 2023 թվականին` 4 014 դեպք: Ներկայացված տվյալներից ակնհայտ է, որ այդպիսի դեպքերը վերջին 2 տարիներին ունեն շեշտակի աճ, ինչը պայմանավորված է նրանով, որ 2022 թվականի հուլիսի 1-ից գրանցված բոլոր հանցագործության դեպքերով նախաձեռնվում են քրեական վարույթներ, մինչդեռ նախկինում դրանք մերժվում էին նյութերի նախապատրաստման փուլում և չէին արտացոլվում վիճակագրության մեջ։
Հանցավորության աճի վրա ազդող գործոններից են եղել նաև հաշվետու ժամանակահատվածում կատարված այլ օրենսդրական փոփոխություններ։ Մասնավորապես, 2021-2022 թթ. ծանր վիրավորանք հասցնելու քրեականացումը (2021 թ.` 268, 2022 թ. 1 156 դեպք), իսկ 2022 թ. հուլիսի 1-ից` հանկարծամահության բոլոր դեպքերով սպանության հատկանիշներով քրեական վարույթների նախաձեռնումը (2022 թ.` 542, 2023 թ.` 1 187)։ Ինչ վերաբերում է իրական սպանություններին, ապա դրանց թիվը 2023 թվականին նվազել է 3-ով (58-55), իսկ 2024 թվականի 8 ամիսների ընթացքում` 17-ով (55-38):
Հարկ է նշել, որ հանցավորության աճին նպաստում է նաև այն, որ ոստիկանության կողմից ծանր կամ բազմադրվագ հանցագործություններով ձերբակալվածների նկատմամբ երբեմն կիրառվում է անազատության հետ չկապված խափանման միջոց, ինչը չի բացառում վերջիններիս կողմից կրկին հանցանք կատարելը: Օրինակ` 2023 թվականի ընթացքում ձերբակալված 2 533 մեղադրյալի նկատմամբ միջնորդություն է ներկայացվել դատարան` խափանման միջոցը կալանք կիրառելու մասին, որից 458-ը մերժվել է, իսկ 2024 թվականի 8 ամիսներով` 1 972-ից մերժվել է 168-ը: Այսպես` թմրամիջոց իրացրած անձը գրավի դիմաց ազատ էր արձակվել և գտնվելով ազատության մեջ` կատարել ավազակային հարձակում, գողություն, խուլիգանություն, ինչպես նաև ապօրինի պահել զենք և թմրամիջոց, բնակարանային գողություն կատարած անձը գրավի դիմաց ազատ է արձակվել, որից հետո կատարել է 4 բնակարանային գողություն և այլն: Իսկ ոչ մեծ ծանրության գողություններ կատարած անձինք, ունենալով մեղադրյալի կարգավիճակ և գտնվելով ազատության մեջ, շարունակում են կատարել տասնյակ հանցագործություններ:
Հանցավորության վրա որոշակի ազդեցություն են ունենում նաև հայտարարված համաներումները, քանի որ կատարված վերլուծությունները փաստում են, որ յուրաքանչյուր համաներումից հետո արձանագրվում է հանցավորության աճ: Օրինակ` 2018 թվականի նոյեմբերին հայտարարված համաներումից հետո 2019-2021 թթ. համաներված 4 976 անձանցից հետագայում հանցանք են կատարել 1 152-ը, նրանցից 249-ը` երկու և ավելի անգամ, այդ թվում՝ 1-ական սպանության և սպանության փորձի, 3-ը` սպանության սպառնալիքի, 4-ական` ավազակության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 197-ը` գողության, որոնցից 33-ը` բնակարանային և այլն:
Միևնույն ժամանակ, վերջին 5 տարիների ընթացքում նախկինում դատապարտված 1 521 անձանց կողմից կատարվել է 1 980 հանցագործություն (2019 թ.` 337, 2020 թ.` 242, 2021 թ.` 531, 2022 թ.` 562, 2023 թ.` 310)։
Հարկ է նշել, որ ոստիկանությունում գրեթե իսպառ վերացել է հանցագործությունները թաքցնելու երևույթը, ինչը ևս հանցավորության վիճակագրության աճին նպաստող հանգամանք է:
Վերջին տարիներին հանցավորության աճի վրա ազդել է նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերումը: Օրինակ, եթե 2014-2018 թթ. հայտնաբերվել է ընդհանուր 297 նման դեպք, ապա 2019-2023 թվականների ընթացքում` 13 827 դեպք (2019 թ.` 125, 2020 թ.` 984, 2021 թ.` 1 732, 2022 թ.` 5 396, 2023 թ.՝ 5 590)։
Այս հանցատեսակի հայտնաբերման շեշտակի աճը պայմանավորված է ժամանակակից տեխնիկայով հագեցված Պարեկային ծառայության հանրապետության ողջ տարածքում գործարկմամբ: Այսինքն, այս իրավախախտումները նախկինում էլ են կատարվել, սակայն դժվար հայտնաբերելիության պատճառով դուրս են մնացել գրանցված հանցագործությունների հաշվառումներից։
Առհասարակ, վերլուծելով նախկին տարիների ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը, պետք է փաստել, որ դրանց նպաստել է նաև հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցների զգալի աճը:
Տրանսպորտային միջոցների տարեցտարի շեշտակի ավելացման պայմաններում 2014-2018 թթ. համեմատությամբ արձանագրված ճանապարհատրասպորտային պատահարների հետևանքով զոհերի կամ վիրավորների թիվը ոչ միայն համադրելի է հաշվետու ժամանակահատվածի թվի հետ, այլև որոշ դեպքերում դրանք անգամ նվազել են: Օրինակ, եթե 2015 թվականին հանրապետությունում հաշվառված է եղել շուրջ 560 հազար տրանսպորտային միջոց և նախորդ տարվա համեմատ արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի աճ` 49-ով (297-346), ապա 2022 թվականին, ունենալով շուրջ 890 հազար տրանսպորտային միջոց, արձանագրվել է զոհերի նվազում 47-ով (368-321), իսկ 2024 թվականին հաշվառված շուրջ 935 հազար տրանսպորտային միջոցի պարագայում, արդեն 8 ամիսների դրությամբ արձանագրվել է զոհերի նվազում՝ 35-ով (245-210):
Ընթացիկ տարում 325-ով նվազել է ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարների (2 978-2 653), այնպես էլ 380-ով վիրավորների թիվը (4 232-3 852):
Կարևոր է նաև արձանագրել, որ Ոստիկանության պատասխանատու ստորաբաժանումների կողմից կատարվում են բնակավայրերի և ճանապարհների երթևեկության կազմակերպման վիճակի ուսումնասիրություններ՝ ելնելով ճանապարհատրանսպորտային պատահարների կուտակման վայրերից (սև կետեր) և երթևեկության ինտենսիվությունից:
Երևան քաղաքում փողոցների և խաչմերուկների թողունակությունը բարձրացնելու, հոսքերի հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով` ոստիկանության առաջարկությամբ փոփոխություններ են կատարվել մի շարք խաչմերուկներում և փողոցներում, ինչը ևս նպաստել է վթարայնության մակարդակի նվազեցմանը։
Անդրադառնալով մեկ այլ կարևոր միջոցառման՝ հարկ է նշել, որ հանրապետությունում տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգը ներդրվել է դեռևս 2013 թվականին: Այն իրենից ներկայացնում է ԷՖ-ՓԻ-ԹԻ տեսակի փակ համակարգ, որի պատճառով նոր տեսախցիկների ավելացում համակարգին հնարավոր չէ, իսկ գործող տեսախցիկներն էլ ֆիզիկապես և բարոյապես մաշվել են ու հանվել արտադրությունից:
Դրանց արդիականացման շրջանակներում նախատեսվում է ունենալ արդի լուծումներին համապատասխան սեփական համակարգ, որին կարող են ինտեգրվել նոր սերնդի ցանկացած տեսախցիկ, բացի այդ, տեսահսկող համակարգերի տեսադաշտում գտնվող վարչական իրավախախտում կատարած տրանսպորտային միջոցների հայտնաբերումը պետք է ամբողջությամբ իրականացվի ավտոմատացված եղանակով։ Մասնավորապես, համակարգը պետք է ճանաչի տրանսպորտային միջոցը համարանիշով, դիմելով տվյալների շտեմարանին` գտնի այն օգտագործող վարորդին կամ սեփականատիրոջը, ճանաչի տրանսպորտային միջոցի կողմից կատարված իրավախախտումը։
Բացի այդ, ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառ հանդիսացող արագության գերազանցման կանխարգելման ուղղությամբ կիրառվելու է նոր համակարգ, որը տրանսպորտային միջոցների միջին արագության հաշվարկով, կարձանագրի սահմանված արագության գերազանցման դեպքերը` առանց կոնկրետ ճանապարահատվածում տեսախցիկի առկայության:
Այժմ կցանկանայի անդրադառնալ գրանցված հանցագործությունների աճի վրա էական ազդեցություն ունեցող լատենտային հանցատեսակներին և ընդհանուր վիճակագրական պատկերում դրանց մասնաբաժնին։
Վերջին 5 տարիների ընթացքում, պայմանավորված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող առավել համակարգային և սկզբունքային պայքարով, դեպքերի հայտնաբերման աճը միջինում կազմել է 46,6 % (2019 թ.` 847, 2020 թ.` 872, 2021 թ.` 974, 2022 թ.` 1 717, 2023 թ․՝ 4 564)։
Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերված ընդհանուր շուրջ 1 տոննա 220 կիլոգրամ թմրամիջոցներից, միայն 2023-2024 թվականներին հայտնաբերվածից 62 կիլոգրամը եղել է սինթետիկ, որից շուրջ 24 կիլոգրամը կամ 39 %-ը հայտնաբերվել է ոստիկանության կողմից:
Արձանագրեմ, որ թմրամիջոցների մեծ քանակ հանրապետություն ներկրվում է հարևան երկրներից և հատկապես Մեղրիի սահմանային հատվածով, որտեղ ոստիկանության իրավասությունները սահմանափակ են։
Ինչ վերաբերում է անչափահասների մասնակցությամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերին, ապա վերջին 5 տարիներին, ըստ ոստիկանության հաշվառումների, թմրամիջոցների իրացման և օգտագործման համար քրեական և վարչական պատասխանատվության ենթարկված անչափահասների թիվը յուրաքանչյուր տարի չի գերազանցել 10-ը։
Հարկ է նշել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ թմրամիջոցների իրացման աղբյուր է դարձել նաև համացանցը, որի միջոցով իրացման դեպքերը տարեցտարի աճում են:
2021-2023 թվականներին ընդհանուր հայտնաբերվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության 631 դեպք, որոնցից 173-ը՝ իրացման, իսկ 458-ը՝ ձեռք բերելու։
Վերջին հինգ տարիներին արգելափակվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող շուրջ 120 համացանցային հարթակ, հայտնաբերվել է թմրամիջոցների պատրաստման ընդհատակյա լաբորատորիա, որը վերջին 10 տարիներին գրանցված եզակի դեպք է։
Փաստ է, որ նշված հանցատեսակը կրում է անդրազգային բնույթ և չի սահմանափակվում կոնկրետ երկրի սահմաններով, իսկ նման դեպքերի բացահայտելիությունն ուղղակի պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների հագեցվածության և մասնագիտական բարձր կարողություններով: Դրանց ձևավորման ուղղությամբ իրականացվում է համակարգային աշխատանք։
Ներկայումս ոստիկանությունը հասանելիություն չունի այն սոցիալական կայքերին, որոնց միջոցով հիմնականում իրականացվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը:
Այս համատեքստում, հաշվի առնելով համացանցի միջոցով թմրամիջոցների իրացման զգալի աճը, քրեական ոստիկանությունում ստեղծվել է մասնագիտացված ստորաբաժանում, որի ծառայողների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են համացանցի միջոցով թմրամիջոցների իրացման բազմադրվագ դեպքեր:
Հարկ է նշել, որ 2023 թվականի ընթացքում հայտնաբերված թմրամիջոցների ապօրինի շրջանառության 4 564 դեպքերից 1 811-ը հայտնաբերվել են պարեկային ծառայության կողմից, ինչը վկայում է ոստիկանության արտաքին ծառայության արդյունավետության բարձրացման մասին։ Առհասարակ, հանրապետության ողջ տարածքում Պարեկային ծառայության ներդրումն իր ազդեցությունն է ունեցել հանցագործությունների հայտնաբերման գործընթացում։ Օրինակ, 2023 թվականի ընթացքում պարեկային ծառայողների կողմից հայտնաբերվել են զենք-ռազմամթերքի՝ 226, խուլիգանության՝ 168, ֆիզիկական ներգործության՝ 149, գողության՝ 131, ապօրինի ծառահատման՝ 82, կաշառքի՝ 44 և այլ դեպքեր։
Թմրամիջոցների տարածման կանխարգելման նպատակով, մշակվել է Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարության ու դրանից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագիր, որն ի թիվս թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ավանդական գործընթացի, կթիրախավորի նաև համապատասխան շահառուների բուժման արդյունավետության բարձրացման և վերասոցիալականացման ասպեկտները:
Բացի այդ, Կառավարության 2024 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով, որի հիմնական խնդիրն է պետական լիազորված մարմինների համագործակցության զարգացումը։
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, մեծ տարածում են գտնում համակարգչային տեխնիկայի միջոցով կատարվող հափշտակությունները և, այսպես կոչված, էլեկտրոնային խարդախությունները: Այսպես. 2019-2023 թվականների ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր 1 506 համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակության և 1 765 էլեկտրոնային խարդախության դեպք: 2019 թվականի համեմատ 2023-ին հայտնաբերվել է 7,9 անգամ ավելի հափշտակության և 8,3 անգամ ավելի խարդախության դեպք:
Այս հանցատեսակների դեմ պաքարում զգալի դեր ունի նաև այլ պետությունների իրավապահ մարմինների և խոշորագույն սոցիալական ցանցերի հետ սերտ փոխգործակցությունը, քանի որ համացանցային տիրույթում կատարվող թե՛ թմրամիջոցների, թե՛ խարդախությունների հետ կապված հանցագործությունների հիմնական մասը նախապատրաստվում է այլ երկրներում:
Նշեմ նաև, որ սույն թվականի մայիսի 3-ից ուժի մեջ են մտել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Եվրոպոլի միջև ստորագրված համաձայնագրերը, որոնք իրավական հիմք են հանդիսանում տեղեկատվության անվտանգ փոխանակման, ինչպես նաև Նախարարության կողմից Եվրոպոլի գրասենյակում կապի սպայի տեղակայման համար, ինչն էլ ավելի կխորացնի համագործակցությունը ինչպես Եվրոպոլի, այնպես էլ Եվրոպական Միության անդամ պետությունների հետ` հանցավորության դեմ պայքարում։
Բացի այդ, քաղաքացիների իրազեկվածությունն ապահովելու և վերջիններիս իրավագիտակցությունը բարձրացնելու նպատակով` ոստիկանությունում տարեսկզբին գործարկվել է Թեժ գիծ ծառայություն և արդեն իսկ 300 քաղաքացու տրամադրվել է անհրաժեշտ խորհրդատվություն: Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքԷջերում պարբերաբար շրջանառվել են իրազեկող բնույթի սոցիալական հոլովակներ:
Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում 2019 թվականի համեմատությամբ 2023 թվականին հայտնաբերված հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի թիվն աճել է ավելի քան 2 անգամ (2019 թ.՝ 526, 2020 թ.` 693, 2021 թ.` 751, 2022 թ.` 925, 2023 թ.՝ 1 159):
Առհասարակ հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների պատկերը հետևյալն է` 2019 թվականին` 74 դեպք, 2020 թվականին` 83, 2021 թվականին` 57, 2022 թվականին` 67, 2023 թվականին` 94: Միջինում աճը կազմել է 18,7 %:
Նշված դեպքերից, ըստ 2022-2023 թվականների տվյալների, 2022 թվականին 67 դեպքից օրինական հրազենով է կատարվել 27-ը կամ 40,3 %-ը, իսկ 2023 թ.-ին` 94 դեպքից` 44-ը կամ 46,8 %-ը: Օրինական 71 զենքերից 67-ը եղել են ակոսափող և ողորկափող որսորդական զենքեր, և միայն 4-ը` մարտական ատրճանակ:
Ի դեպ, շատ դեպքերում հնչողություն են ստանում հրազենով կատարված այնպիսի հանցագործության դեպքեր, որոնց հետագա քննությամբ պարզվում է, որ իրականում հրազենի փոխարեն գործադրվել է պնևմատիկ կամ գազային ատրճանակ: Արձանագրեմ, որ դրանց ձեռքբերումը մի դեպքում առհասարակ չի պահանջում թույլտվություն, իսկ մյուս դեպքում ունի հասանելի թույլտվության ընթացակարգ: Հայտնի են նաև դեպքեր, երբ գազային ատրճանակները վերասարքավորվել են մարտական հրազենի: Ավազակության 7 դեպքերով կիրառվել է խաղալիք կամ կրակայրիչ ատրճանակ, 12 դեպքով զենքը նմանակող այլ առարկա, իսկ 1 սպանության փորձ` պնևմատիկ ատրճանակով:
Ինչ վերաբերում է առգրավված և կամավոր հանձնված զենք-ռազմամթերքին, ապա նշեմ, որ վերջին 5 տարիների արդյունքներով հայտնաբերվել է ընդհանուր 4 054 միավոր հրազեն (2019 թ.՝ 526, 2020 թ.` 693, 2021 թ.` 751, 2022 թ.` 925, 2023 թ.՝ 1 159 միավոր հրազեն), մինչդեռ 2014-ից 2018 թվականներին` 3 457, աճը կազմել է` 597 կամ 17,3 %:
Անդրադառնալով հանցագործությունների բացահայտման աշխատանքներին` արձանագրեմ, որ 2019 թվականին հանցագործությունների բացահայտումը կազմել է 58 %, 2020 թվականին` 55,7 %, 2021 թվականին` 57,3 %, 2022 թվականին՝ 37,7 %, իսկ 2023 թվականին` 65,2 %:
Ինչպես տեսնում ենք, վերջին 5 տարիների ընթացքում հանցագործությունների բացահայտման արդյունավետությունն ունի կայուն աճ, բացառությամբ 2022 թվականի, ինչը պայմանավորված է եղել հաշվառման մեթոդաբանության փոփոխությամբ:
Ի դեպ, բացահայտումների արդյունավետությունը վերաբերում է նաև հանցագործության կառուցվածքում հիմնական հանցատեսակներին (օրինակ` սպանություններով՝ 76,4 %, սպանության փորձ` 92,3 %, ավազակությամբ` 92,1%, կողոպուտով` 90,5 %):
Ընդ որում, ոստիկանության, քննչական մարմինների և դատախազության տվյալներն այս առումով տարբերվում են, քանի որ ոստիկանության տեսանկյունից հանցագործությունը համարվում է բացահայտված, երբ ի հայտ է գալիս հանցանքը կատարելու մեջ կասկածվող անձը, իսկ հետագա գործընթացներն առավելապես գտնվում են վարույթը նախաձեռնած նախաքննական մարմնի տիրույթում։ Խոսքս վերաբերում է անձին որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն։
Հանցավորության տարածվածությունը և քանակական աճը պայմանավորված չէ միայն ոստիկանության կամ մյուս իրավապահ մարմինների աշխատանքի արդյունավետությամբ: Դրանց պատճառ են նաև հասարակական հարաբերությունների մի շարք այլ ոլորտներում տեղ գտած խնդիրները: Մասնավորապես, խոսքը վերաբերում է բնակչության կրթական մակարդակին, զբաղվածությանը և տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված` անդրազգային նոր հանցագործությունների տեսակների արագ ներթափանցմանը, ինչպես նաև հոգեբուժական և նարկոլոգիական հսկողության ոչ արդյունավետ մեխանիզմներին:
Թվարկված հիմնախնդիրներին համալիր լուծում տալու ռազմավարական մոտեցումների իրագործումն էականորեն կազդի նաև հանցավորության, որպես սոցիալական երևույթի, մակարդակի նվազման վրա:
Այդ հիմնախնդիրները փոխկապակցված են նաև հանցավորության պատճառ հանդիսացող այնպիսի արատավոր երևույթի հետ, ինչպիսին է դեռևս կենսունակությունը պահպանող քրեական ենթամշակույթի դրսևորումը, որի վերջնական չեզոքացման հարցում անկյունաքարային նշանակություն ունի իրավագիտակից քաղաքացիական հասարակության ձևավորումը, ինչն ըստ էության հասանելի է երկարաժամկետ հեռանկարում` ներառելով փուլային լուծումներ:
Ներքին գործերի նախարարության կողմից ստանձնած հանձնառությունների շրջանակում` հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներկայումս ընթանում են ինստիտուցիոնալ բարեփոխումներ:
Մասնավորապես, դրանք վերաբերում են ոստիկանության չորս հենասյունային ծառայությունների ձևավորման և կենսագործման աշխատանքներին։ Այս նպատակադրումների իրագործումը հնարավորություն կտա նշված ծառայություններին զարգանալ ըստ իրենց մասնագիտական ուղղությունների, մասնավորապես՝ յուրաքանչյուր ուղղության ծառայող, բացի ընդհանուր ոստիկանական կոմպետենցիաներից, պատրաստվելու և վերապատրաստվելու է` ըստ ոլորտային գործառույթների։
Բացի այդ, ծառայությունները հագեցվելու են ժամանակակից սպառազինությամբ, ապահովվելու են արդի տեխնիկական միջոցներով և ծրագրային համակարգերով։
Ոստիկանության հենասյունային ծառայությունների համագործակցված գործունեության արդյունքում ակնկալում ենք հանցավորության դեմ պայքարում ունենալ արդյունավետության էական բարձրացում՝ թե կանխարգելման, և թե օպերատիվ բացահայտման առումով։
Այս առումով կարևոր եմ համարում նշել նաև այն հանգամանքը, որ ոստիկանության ծառայությունները բեռնաթափվելու են ոչ ոստիկանական գործառույթներից` կենտրոնանալով իրենց առջև դրված խնդիրների վրա։
Մասնավորապես, ներկայումս համայնքային ոստիկանության կողմից իրականացվում են ոչ ոստիկանական մի շարք ուղղություններով հսկայական ծավալի աշխատանքներ։ Օրինակ` միայն 2023 թվականին ստացվել է պարտապանին հայտնաբերելու և հետախուզում հայտարարելու վերաբերյալ ավելի քան 10 հազար որոշում, տարբեր պետական մարմիններից ստացված 22 հազար ծանուցագիր, 8 հազար անձի ներկայացնելու վերաբերյալ գրություններ և այլն:
Ամփոփելով ելույթս, այդուհանդերձ կցանկանայի արձանագրել, որ Հայաստանը, համաձայն միջազգային հեղինակավոր ՆԱՄԲԵՈ վերլուծական-տեղեկատվական պորտալի, 2023 թվականին ներկայացրած «Հանցավորության և անվտանգության ինդեքսի» ամփոփ տվյալների, ուսումնասիրված 142 երկրների շարքում զբաղեցրել է 7-րդ տեղը (2022 թ.՝ 8, 2018 թ.՝ 18):
Երևան քաղաքն իր հերթին ընդգրկվել է 20 ամենաանվտանգ քաղաքների շարքում՝ 416-ից (2018 թ.՝ 59), իսկ տարածաշրջանում առաջինն է:
«Վորդ Փոփյուլեյշն Ռեվյու» հանրահայտ կազմակերպության՝ աշխարհում հանցավորության մակարդակի վերաբերյալ վերլուծության համաձայն, Հայաստանը հանցավորության ցածր մակարդակ ունեցող 137 երկրների շարքում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, իսկ տարածաշրջանային երկրների շարքում՝ 1-ին հորիզոնականը։
Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից 2023 թվականին Հայաստանի բնակչության շրջանում իրականացված հարցումների համաձայն` բնակչության կողմից հայաստանյան կառույցների աշխատանքից բավարարված լինելու հանգամանքով պայմանավորված` Ոստիկանությունը զբաղեցրել է երկրորդ տեղը, զիջելով միայն Հայ Առաքելական Եկեղեցուն:
ԵԱՀԿ կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանություն Հայաստանում» ծրագրի շրջանակում «Արինսայթս» անկախ հետազոտական ընկերության կողմից իրականացված հարցման արդյունքներով մայրաքաղաքի և մարզերի բնակիչների 72 %-ը վստահում է ոստիկանությանը կամ ունի չեզոք դիրքորոշում։ Միևնույն ժամանակ, Ոստիկանությունը 6 իրավապահ կառույցներից շարունակում է մնալ առաջինը։