ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը hոկտեմբերի 22-ից 24-ը պաշտոնական այցով Վրաստանում էր:
Պատվիրակության կազմում էին ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը և ՃԿԱԿ օպերատիվ հերթափոխերի բաժնի օպերատիվ հերթափոխի պետ Գարրի Արմաղանյանը։
Կամո Ցուցուլյանը Թբիլիսիում հանդիպումներ է ունեցել Ճապոնիայի միջազգային համագործակցության (JICA) տարածաշրջանային ղեկավար Վակուի Ջունջիի և Վրաստանի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տնօրեն Թեմուր Մղեբրիշվիլիի հետ։
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության տարածաշրջանային ղեկավարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ իրականացված ծրագրերը։
Քննարկվել են նաև համագործակցության երեք նոր ուղիներ, մասնավորապես՝ ռադիոկապի արդիականացման, Երևան քաղաքի համար փրկարարական տեխնիկայի ձեռք բերման և խոշոր աղետներին արձագանքելու նպատակով ծանր ինժեներական տեխնիկայի ձեռք բերման վերաբերյալ։
Վակուի Ջունջին նշել է, որ գործակալությունը շահագրգիռ է շարունակել համագործակցությունը, և առաջարկվող ծրագրերը կներկայացվեն գործակալության ղեկավարությանն ու Ճապոնիայի կառավարությանը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ գործակալության ռազմավարության առանցքային նպատակը աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի իրականացումն է: Վակուի Ջունջին հատուկ կարևորել է այդ ոլորտում միջազգային համագործակցության խորացումը և առաջարկել ընդլայնել համատեղ ծրագրերի շրջանակը՝ ներառելով նաև փորձագետների վերապատրաստման և փոխանակման ծրագրեր։ Նա, մասնավորապես, նշել է Ճապոնիայում վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու հնարավորության մասին՝ որպես արդյունավետ մեխանիզմ նոր հմտություններ ձեռք բերելու և միջազգային փորձառություն փոխանակելու համար։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու շփումները նոր ծրագրերի քննարկման վերաբերյալ:
Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տնօրեն Թեմուր Մղեբրիշվիլլի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համապատասխան ծառայությունների միջև փորձի փոխանակման և համատեղ գործողությունների կազմակերպման հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև 2025 թվականին Հայաստանում անցկացնել ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի՝ ԻՆՍԱՐԱԳ-ի չափորոշիչներով համատեղ դաշտային ուսումնավարժանք, որը կուժեղացնի երկու երկրների համագործակցությունը արտակարգ իրավիճակների արդյունավետ արձագանքման ոլորտում։