Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողները մշտապես Ներքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում են։ Դպրոցներում պարբերաբար իրականացվում են միջոցառումներ, հանդիպումներ: Հերթական միջոցառումը դեկտեմբերի 13-ին էր. այն կազմակերպվել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:
Ծրագրի նպատակը տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հանրության իրազեկվածությունը բարձրացնելն էր։
Ծրագրի պատասխանատու Անժելա Մանուկյանի խոսքով՝ ««Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը, Freedom House միջազգային կազմակերպության ֆինանսավորմամբ, զբաղվում է «Հայաստանում ժողովրդավարական մշակույթի զարգացումը» դրամաշնորհային ծրագրով, որի շրջանակում իրականացվում են բարեփոխումների վերաբերյալ դասընթաց-քննարկումներ»:
Մարտունի քաղաքի Տիգրան Աբրահամյանի անվան ավագ դպրոցում կազմակերպված դասընթաց-քննարկումը ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումների վերաբերյալ էր։ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար-հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը աշակերտներին և ուսուցիչներին ներկայացրել է Ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումներն ու դրանց շրջանակում գրանցված դրական արդյունքները: Նա իր խոսքում ընդգծել է, որ բարեփոխումներն ուղղված են քաղաքացիների կյանքն առավել հարմարավետ ու անվտանգ դարձնելուն։
Բարեփոխումների շուրջ հանրության իրազեկվածությանն ուղղված նման դասընթաց-քննարկումները կարևորել են նաև հանդիպման մասնակիցները:
Տիգրան Աբրահամյանի անվան ավագ դպրոցի տնօրենի տեղակալ Տաթևիկ Կարապետյանի խոսքով՝ «Այսպիսի հանդիպումները պետք է պարբերաբար լինեն, որպեսզի և՛ աշակերտները, և՛ ուսուցիչները տեղեկացված լինեն մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումներից»:
Հանդիպման ընթացքում ծավալվել է ակտիվ քննարկում: Ներկաները բարձրաձայնել են Ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումներին վերաբերող հարցեր, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ: