Մարտի 20-ին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկմանն է ներկայացրել ««Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որով նախատեսվում են ոլորտը կարգավորող մի շարք լավարկումներ և բարեփոխումներ։

Արմեն Մկրտչյանն ընդգծել է՝ նախաձեռնության նպատակը մասնավոր պահնորդական գործունեության կանոնակարգումն է, ինչպես նաև հանրային անվտանգության ապահովման երաշխավորման բարձրացումը։

Նրա խոսքով՝ նախաձեռնության ընդունումը կնպաստի պահնորդական ծառայություններին առնչվող օրենսդրության որոշակիացմանն ու ստանդարտացմանը։ «Օրենքը լրացնում ենք փաստացի մատուցվող բոլոր ենթատեսակներով. ահազանգման, տեսահսկման համակարգեր, որոնք օգտագործվում էին, սակայն օրենսդրական ամրագրում չունեին»,֊ նշել է Արմեն Մկրտչյանը։ Նա նաև նշել է, որ լիցենզիա ստանալու համար հայտ ներկայացնելիս կազմակերպությունը պետք է ունենա առնվազն 10 որակավորված պահնորդ՝ ներկայիս 1-ի փոխարեն:

Փոփոխությամբ նախատեսվում է, որ գործունեության այս տեսակը պետք է ունենա պարտադիր ապահովագրական պահանջ։

Արմեն Մկրտչյանն ընդգծել է նաև, որ պահնորդական կազմակերպությունների գործունեության նկատմամբ կսահմանվի վերահսկողության արդյունավետ գործիքակազմ։
Փաթեթի ընդունման արդյունքում ենթաօրենսդրական նորմով հնարավորություն կստեղծվի հաստատել պահնորդական գործունեության կարգը։

Ըստ կարգավորումների՝ նախատեսվում է նաև խստացում․ պահպանվող անձին այլ տրանսպորտային միջոցի ուղեկցման դեպքում կսահմանվի վարչական պատասխանատվություն։ Կսահմանվեն նաև պատասխանատվության միջոցներ՝ առանց լիցենզիայի մասնավոր պահնորդական ծառայություն մատուցելու դեպքում։

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը:

Նմանատիպ գրառումներ