Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մարտի 21-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է նախարարության 2024 թվականի կատարողականի հաշվետվությունը՝ ընդգծելով, որ 2024 թվականին ավարտվեցին Ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքները։
Ներկայացնելով արձանագրված արդյունքները՝ Արփինե Սարգսյանն անդրադարձել է բարեփոխումների ընթացքին ու լավարկված աշխատանքներին։
Ոստիկանության ոլորտում իրականացված միջոցառումների շրջանակում ՆԳ նախարարը փաստել է, որ Պարեկային ծառայությունը շարունակել է ժամանակակից մոդելով աշխատանքը գրանցելով տպավորիչ արդյունքներ ոչ միայն վարչական իրավախախտումների, այլև հասարակական կարգի պահպանության և հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: «2024 թ. ընթացքում պարեկների կողմից կամ նրանց մասնակցությամբ բացահայտվել է 3691 հանցագործության դեպք»,- նշել է Արփինե Սարգսյանը: Նա ընդգծել է, որ 2025 թվականին խնդիրը պետք է լինի ձեռքբերումներն ամրապնդելն ու զարգացման հաջորդ փուլին հետամուտ լինելը՝ վերապատրաստումների միջոցով լավարկելով ծառայողների գիտելիքները։
Հաշվետու շրջանում գործարկվել են Քրեական և Համայնքային ոստիկանությունները ֆունկցիոնալ նոր բաշխվածությամբ: «Քրեական ոստիկանության դեպքում իրականացվել է բաց ընդունելություն, և քաղաքացիական անձինք ևս կարողացել են ընդունելության մաս կազմել, ինչը նոր, թարմ շունչ հաղորդելու տրամաբանություն ուներ իր մեջ»,-ասել է նախարարը։ Համայնքային ոստիկանության մասով շրջանառության է դրվել օրենսդրական նախաձեռնություն, որի ընդունման արդյունքում Համայնքային ոստիկանության դեպքում ևս կգործի բաց մրցութային ընթացակարգ, կհանվի նաև ոստիկանությունում ծառայության անցնելու համար թույլատրելի վերին տարիքային շեմը։
Ազգային ժողովի հետ համագործակցության շրջանակում ընդունվել է «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքը, որը հասարակական կարգի և անվտանգության ապահովման տեսանկյունից երաշխավորում է նոր ստանդարտներ, այդ թվում՝ ուժային միջոցների գործադրման մասով։
2024 թվականին կատարվել է մեծ աշխատանք՝ կանանց ներկայացվածությունը Ոստիկանության համակարգում թիրախային շեմին հասցնելու նպատակով։
2024 թվականին արձանագրվել է գրանցված հանցագործությունների նվազում` 434-ով կամ 1,1 տոկոսով:
2023 թվականի համեմատ 299-ով նվազել են նաև ճանապարհատրանսպորտային պատահարները․ զոհերի թիվը նվազել է 45-ով, վիրավորներինը՝ 421-ով։
roadpolice.am կայքում գրանցվել և էլեկտրոնային ծանուցման արդյունքում 20 տոկոս պակաս վճարելու խրախուսական նորմից օգտվելու հնարավորություն է ունեցել շուրջ 90 000 վարորդ։ 15 օրվա ընթացքում տուգանքը վճարելու դեպքում 30 տոկոս նվազեցումից օգտվել է 403 490 քաղաքացի։
2024 թվականի ընթացքում Միգրացիայի և քաղաքացիության ոլորտում Արփինե Սարգսյանը կարևորել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացի գործնական փուլի մեկնարկը: «Եվրոպական կողմը գնահատում է մինչ այս պահը Հայաստանի կառավարության ձեռնարկած բոլոր միջոցառումներն այն բոլոր ուղղություններով, որոնք պետք է հիմք հանդիսանան Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման երկխոսությունը տրամաբանական ավարտին հասցնելու համար»,-ընդգծել է նախարարը։
Որպես նախարարության ենթակա առանձին պետական մարմին՝ ավարտվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ձևավորումը։
Բիոմետրիկ համակարգի ներդրման մասով հայտարարվել է մրցույթ. կան որակավորված հայտատուներ, որոնց ներկայացրած առաջարկների հիման վրա արդյունքներն ամփոփման փուլում են։
Ներդրվել է շրջիկ ծառայությունը. նախարարության աշխատակիցներն այցելել են մարզեր և հանրային ծառայություններ մատուցել քաղաքացիներին։
Աղետների ռիսկի կառավարման ոլորտում 2024 թվականին Լոռու և Տավուշի մարզերում կատարվել է հետաղետային կարիքների գնահատում։ «Սա դիտարկել ենք որպես քաղած դաս և հնարավորություն, թե ինչպիսի ինստիտուցիոնալ լուծումներ պետք է տրվեն, որպեսզի աղետների ռիսկի կառավարումը առավել արդյունավետ լինի, և մենք ոչ թե կենտրոնանանք միայն Փրկարար ծառայության աշխատանքի վրա, այլ նախապես ճիշտ գնահատենք աղետային ռիսկը և հասկանանք, թե ինչ քայլեր պետք է արվեն հնարավոր վնասները նվազագույնի հասցնելու համար»,- նշել է Արփինե Սարգսյանը։
Կատարված աշխատանքի և լայնածավալ իրազեկման միջոցառումների արդյունքում անտառային հրդեհների թիվը նվազել է 41 տոկոսով։
Սևանա լճի այն լողափերում, որտեղ Փրկարար ծառայությունն ու ջրային պարեկներն իրականացրել են հերթապահություն, ջրահեղձման դեպքեր չեն արձանագրվել։
Ներքին գործերի նախարարն ընդգծել է՝ 2025 թվականը պետք է լինի Փրկարար ծառայության մոդեռնիզացման տարի։ «Հայեցակարգը պատրաստ է, և հավանության արժանանալու դեպքում կսկսենք բուն իմպլեմենտացման աշխատանքները»-,նշել է նա։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերում էին Ոստիկանության գվարդիային, վերջին օրերին հնչողություն ստացած դեպքին, համակարգում ծառայության անցնելու գործընթացին և այլն: