ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ապրիլի 25-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության փոխտնօրեն Լյուկ Ֆոչմանի գլխավորած պատվիրակությանը։

Արմեն Մկրտչյանը բարձր է գնահատել Հայաստանում սեյսմիկ անվտանգության բարելավման և հանրային ենթակառուցվածքների կառավարման ֆինանսավորման ռազմավարության մշակման ծրագրի շրջանակում կատարված ծավալուն աշխատանքները՝ կարևորելով աղետների ռիսկի կառավարման ոլորտում Ասիական զարգացման բանկի հետ ձևավորված համագործակցությունը։

Արմեն Մկրտչյանը նշել է, որ ծրագրի շրջանակում նախանշված ուղղություններն ու միջամտությունները համահունչ են ՆԳ նախարարության ռազմավարական առաջնահերթություններին՝ հատկապես աղետների ռիսկի կառավարման և հանրային անվտանգության ապահովման համատեքստում։

Քննարկման ընթացքում կարևորվել է ոլորտային ենթակառուցվածքների սեյսմակայունության բարելավման անհրաժեշտությունը, ինչի շրջանակում փոխնախարար Մկրտչյանն ընդգծել է շահագրգիռ գերատեսչությունների ակտիվ ներգրավվածությունն ու համագործակցությունը։

Արմեն Մկրտչյանն անդրադարձել է նաև «Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությանն» ու «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» նոր օրենքի ընդունմանը։

Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության փոխտնօրեն Լյուկ Ֆոչմանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ սեյսմիկ անվտանգության և աղետների ռիսկի կառավարման ոլորտը բանկի համար հանդիսանում է առաջնահերթություն, և հատկապես կարևոր է, որ տարբեր պետական կառույցներ ակտիվորեն ներգրավված են գործընթացում՝ ցուցաբերելով պատասխանատվություն ոլորտի զարգացման ուղղությամբ։

Պատվիրակության անդամները ներկայացրել են կոնկրետ ուղղություններով իրականացված աշխատանքները՝ մասնավորապես անդրադառնալով ներկա իրավիճակին և ռիսկի վերլուծությանը, Ծրագրի հիմնական գործողություններին ու ակնկալվող արդյունքներին։

Նմանատիպ գրառումներ