Ապրիլի 25-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Նիդերլանդների ազգային տոնի՝ Թագավորի օրվան նվիրված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:

Նախարար Սարգսյանը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների Թագավորությանը Ազգային տոնի կապակցությամբ։

Ելույթն ամբողջությամբ՝ ստորև.

Հարգելի՛ տիկին դեսպան,
հարգելի՛ գործընկերներ,
տիկնայք և պարոնայք,

Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ինձ համար պատիվ է ջերմորեն շնորհավորել Նիդերլանդների Թագավորության Ազգային տոնի՝ Թագավորի օրվա կապակցությամբ:
Հայաստանի և Նիդերլանդների միջև բարեկամությունը խարսխված է ամուր պատմական կապերի ու վստահության, հարգանքի ու ընդհանուր ժողովրդավարական արժեհամակարգի վրա:

Մեր միջպետական հարաբերությունների երեք տասնամյակների ընթացքում մենք նաև ամուր հիմք ենք ստեղծել բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և բազմաշերտ համագործակցության համար:
Ուրախ եմ արձանագրել, որ այս տարի մարտից մեկնարկած Հայաստան – Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության հռչակագրով մեր երկկողմ հարաբերությունները թևակոխել են պատմական նոր շրջան` ուղենշելով համագործակցության խթանման նորանոր ուղղություններ և հեռանկարներ։ Այս երկխոսությունը կոչված է ոչ միայն ամրապնդելու մեր երկու ժողովուրդների միջև կապերն, այլև նպաստելու տարածաշրջանային և գլոբալ կայունությանը։
Մենք մեծապես կարևորում ենք Նիդերլանդների հետ համագործակցությունը նաև Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում: Վերջին ժամանակահատվածում Հայաստան-ԵՄ հարաբերությունները էականորեն զարգացել են գրեթե բոլոր ուղղություններով: Մենք հավատում ենք, որ Հայաստան-ԵՄ բանակցվող նոր գործընկերության օրակարգը, ինչն իրապես արտացոլում է ԵՄ-ի հետ մեր բազմաշերտ երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում արձանագրված առաջընթացը, լրացուցիչ լիցք կհաղորդի մեր փոխգործակցության խորացմանը՝ Հայաստանի՝ ԵՄ-ի և առավել լայն եվրոպական համայնքի հետ մերձենալու հանձնառության համատեքստում:

Հայաստանը խորին հարգանք է տածում Նիդերլանդների նկատմամբ՝ որպես ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պահպանման առաջատար երկիր։ Մենք բարձր ենք գնահատում երկկողմ համագործակցությունը, հատկապես՝ ներքին գործերի, ոստիկանության, հանցագործությունների դեմ պայքարի և արտակարգ իրավիճակների ոլորտներում։
Նիդերլանդների փորձը մեզ համար արժեքավոր է։ Արժանին պիտի մատուցենք նաև այն հետևողական աջակցությանը, որ Նիդերլանդները ցուցաբերում է Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում։

Լիահույս եմ, որ առաջիկա տարիները կնշանավորվեն նոր ձեռքբերումներով՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների:
Եվս մեկ անգամ շնորհավորում ու ջերմ բարեմաղթանքներ եմ հղում Թագավորական ընտանիքին, Նիդերլանդների Թագավորության կառավարությանը և բարեկամ ժողովրդին:

Շնորհակալություն:

Նմանատիպ գրառումներ