Ապրիլի 30-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ընդհանուր հայտարարագրման գործընթացին, այդ թվում՝ նույնականացման քարտերի թողարկմանն ու գործընթացի շրջանակում ընթացակարգային հարցերին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանում թվայնացման գործընթացին, ընդգծել է, որ թվայնացման անկյունաքարը ID քարտ ունենալն է։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտնել է, որ ապրիլի 30-ի դրությամբ ստացվել է 96 900 դիմում՝ նույնականացման քարտ տրամադրելու հետ կապված, և արդեն իսկ տպագրված է 81 900 նույնականացման քարտ:
«Սրանք ընդամենը մուտք եղած դիմումներն են: Կան նաև հերթագրման համակարգում սպասող քաղաքացիներ, որոնք դեռ չեն ներկայացրել դիմումները տպագրության գործընթացի իրականացման համար: Ըստ այդմ՝ Երևանում և մարզերում ընդհանուր հաշվարկով ևս 54 261 անձ սպասում է իր հերթին, որպեսզի կարողանա մոտենալ անձնագրային համապատասխան ստորաբաժանում և դիմում ներկայացնել՝ նույնականացման քարտ ստանալու հետ կապված: Եթե ընդհանուր հանրագումարով նայենք՝ ստացվում է շուրջ 151 հազար անձ արդեն իսկ ստացել է նույնականացման քարտ կամ սպասում է իր հերթին, որպեսզի կարողանանք քարտերի տպագրություն իրականացնել»,- ասել է ՆԳ նախարարը:
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշել է նաև, որ օրական շուրջ 1000 նույնականացման քարտի սպասարկում կարող են իրականացնել, բայց առաջիկայում թիվը կկրկնապատկվի. «Մենք ձեռք ենք բերել երկու նոր տպագրական սարքերի համար նախատեսված լազերային համակարգ, որը թույլ կտա նույնականացման քարտերի՝ ավելի արագ տպագրություն իրականացնել, ըստ այդմ՝ թողունակությունն ավելի մեծացնել»:
Նախարարը ներկայացրել է նաև վիճակագրություն, ըստ որի՝ 2023 թվականին տրամադրվել է շուրջ 64 հազար նույնականացման քարտ, 2024 թվականին՝ 161 հազար, իսկ 2025 թվականին 4 ամիսների կտրվածքով գեներացված պահանջարկը մոտենում է նախորդ տարվա ծավալին: