Մայիսի 10-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված «Սա Եվրոպան է» թատերական ներկայացմանը, ինչի ընթացքում ՀՀ կառավարության անունից հանդես է եկել ելույթով:

Ելույթն ամբողջությամբ՝ ստորև.

Ձերդ գերազանցություններ,
Կառավարության հարգարժան անդամներ,
Հարգելի՛ ներկաներ,
Սիրելի՛ հանդիսատես,
«Աշխարհի խաղաղությունը չի կարող պաշտպանվել առանց այնպիսի ստեղծագործ ջանքերի, որոնք համաչափ են դրան ապառնացող վտանգներին»:

Այս ուշագրավ խոսքերով է սկսվում Ռոբերտ Շումանի պատմական հռչակագիրը, որը հնչեց 1950 թվականի մայիսի 9-ին՝ դառնալով առաջին վճռական քայլը դեպի խաղաղ ու միասնական Եվրոպա: Հռչակագրի հիմքում դրված էր մի նոր գաղափար՝ միավորել Եվրոպան համագործակցության միջոցով և կանխել պատերազմները: Այս գաղափարը հիմք հանդիսացավ ընդհանուր արժեքների վրա կառուցված Միության ստեղծման համար՝ կանխորոշելով Եվրոպայի ապագան:
Այսօր մենք համախմբվել ենք Երևանում՝ նշելու Եվրոպայի օրը և մեծարելու համընդհանուր արժեքները, որոնք միավորում են Հայաստանը և Եվրոպական միությունը: Խաղաղությունը, ժողովրդավարությունը, միասնությունը, մշակութային բազմազանությունը և մարդու իրավունքների պաշտպանությունն այն արժեքներն են, որոնց հիման վրա Հայաստանն ու Եվրոպական միությունը կառուցում են գործընկերություն՝ հանուն համընդհանուր բարօրության:

Հայաստանն ու Եվրոպական միությունը երբևէ այսքան մոտ չեն եղել: Սրանք պարզապես խոսքեր չեն: Վերջին տարիներին քաղաքական ակտիվ երկխոսությունը և ոլորտային գործընկերության խորացումը նոր խթան են հաղորդել Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններին: Այս հարցում կարևորագույն դերակատարություն է ունեցել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն ուրվագծում է ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման, օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, ոլորտային համագործակցության խորացման, տնտեսության արդիականացման և երկրի դիմակայունության բարձրացման ուղղությամբ երկուստեք ստանձնած պարտավորությունները։

Մենք բարձր ենք գնահատում ԵՄ և անդամ-երկրների հստակ վճռականությունը շարունակելու խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ և վերահաստատում ենք Եվրոպական միության հետ առավել մերձենալու Հայաստանի կառավարության վճռականությունը:
Այս համատեքստում ցանկանում եմ անդրադառնալ նաև Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին: Մուտքի արտոնագրերի ազատականացումը կակտիվացնի մարդկանց միջև շփումները՝ նպաստելով գործարար, սոցիալական և մշակութային կապերի ամրապնդմանը։

Ձերդ գերազանցություն պարոն դեսպան,
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպային օրվան նվիրված այս գեղեցիկ և հիշարժան մշակութային միջոցառմանը մասնակցելու հրավերի համար: Թող ներկայացումը, որ մենք րոպեներ անց կվայելենք մեզ ևս մեկ անգամ հիշեցնի միասնության և համագործակցության կենսական կարևորության մասին՝ ոգեշչելով կերտելու ապագա, որտեղ խաղաղությունը կենսակերպ է, իսկ մշակույթը՝ կամուրջ:
Մաղթում եմ բոլորիս հաճելի դիտում:

Նմանատիպ գրառումներ