Մայիսի 15-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի փաթեթին։

Օրենսդրական նախաձեռնությամբ՝ կթույլատրվեն նաև թվային տարբերակով վարորդական վկայականները, հնարավորություն կստեղծվի արտահերթ մասնակցելու վարորդական իրավունքի վկայականի հաջորդ որակավորման քննությանը՝ որպես քաղաքացիներին մատուցվող արագացված ծառայություն։

Մասնավորապես՝
✔️արտահերթ ծառայությունների ստացման հնարավորություն կտրվի այն անձանց, որոնք առաջին անգամ մասնակցել են վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական կամ գործնական քննությանը և ստացել են բացասական արդյունք։ Գործող կարգավորման համաձայն՝ հաջորդ անգամ ստանդարտ սպասելաժամանակը համապատասխանաբար 7 կամ 30 օր է։

Քննական գործընթացն առաջին անգամ չհաղթահարած անձը, օրենքով սահմանվող վճարի դիմաց, հնարավորություն կունենա հաջորդ իսկ օրը կամ երրորդ օրը արտահերթ մասնակցելու որակավորման քննությանը՝ ստանդարտ 7 օրվա փոխարեն։ Քննական գործընթացը երկրորդ անգամ չհաղթահարած անձը նմանատիպ հնարավորություն կունենա՝ մեկշաբաթյա կամ երկշաբաթյա ժամկետում՝ ստանդարտ 30 օրվա փոխարեն։

✔️ Հաշվառման վկայագիրը և վարորդական վկայականը հասանելի կլինեն թվային տարբերակով։ Իրավաչափ կհամարվի ՀՀ տարածքում երթևեկությունը առանց պլաստիկ վարորդական վկայականի (ֆիզիկական առկայության)։

✔️Հնարավորություն կտրվի պետական գրանցման-հաշվառման ամբողջ գործընթացն իրականացնել թվային տարբերակով, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը և հաշվառման վկայագրերը հնարավոր կլինի առաքել փոստային եղանակով։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվել է, արդյոք դիտարկվում է վարորդական իրավունքի ձեռքբերման քննությունը պատվիրակելու հարցը՝ այն համատեքստում, որ հավաստագրված ուսում իրականացնող կառույցի կողմից քննության անցկացումն ավելի արդյունավետ կլինի: Ի պատասխան ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ տարբերակը դիտարկվում է․ «Այս պահին քննարկում ենք այն տարբերակը, որ վարորդական քննություն հանձնելուց առաջ անպայման լինի կրթական բաղադրիչ և Կառավարությունը, այս դեպքում՝ Ներքին գործերի նախարարությունը սահմանի այն բոլոր հիմնական չափանիշները, որոնք կարիք կլինի ունենալ կրթական գործընթացում։ Մասնավոր ընկերությունը հնարավորություն կունենա սպասարկել կոնկրետ կրթությունը, և մենք վստահ կլինենք, որ տվյալ չափանիշներով կրթական գործընթաց անցած ապագա վարորդը կարող է ողջամտորեն ստանալ վարորդական իրավունքի վկայական»,-ասել է Ներքին գործերի նախարարը:

Նմանատիպ գրառումներ