Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության թեմայով Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ «Ա1+»-ում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը, ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը և «Իրական աշխարհ, իրական մարդիկ» կազմակերպության ներկայացուցիչ Սարգիս Ավետիսյանը։

Քննարկման ընթացքում փոխնախարար Մկրտչյանն անդրադարձել հետևյալին․

✔️Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության քրեաիրավական, առողջապահական և սոցիալական ուղղություններով իրականացվող գործնական քայլերին:

✔️Վերջին երեք տարվա վիճակագրությանը՝ ընդգծելով, որ այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում առգրավել են շուրջ 180 կգ թմրամիջոց, ինչը մի քանի անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։

✔️Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025-2027թթ. ռազմավարական ծրագրին, որով հասցեագրվել են նաև բուժման, կրթության, բուժումից հետո սոցիալական վերաինտեգրման հետ կապված հարցերը:

✔️Թմրամիջոցների ծագման աղբյուրներին՝ շեշտելով, որ ՆԳ նախարարության հիմնական կարողությունները և գործիքակազմերը ներդրվել են ինչպես թմրամիջոցների ներքին արտադրման դեմ պայքարին, այնպես էլ հանրապետության սահմանային հատվածներում մեծաքանակ թմրամիջոցների մաքսանենգ ներկրման դեպքերի բացահայտման գործին, ինչի շնորհիվ կանխվում է թմրամիջոցների փոքր չափաբաժիններով հետագա տարածումը։

✔️Առցանց եղանակով թմրամիջոցների իրացմանը՝ նշելով, որ համացանցն այլևս պետք է դիտարկել որպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարածք և այս մասով իրավապահ համակարգն առցանց տիրույթում պետք է իրականացնի «պարեկություն»։

Անդրադառնալով անչափահասների շրջանում թմրամիջոցների իրացաման և օգտագործման դեպքերին՝ Արմեն Մկրտչյանը ընդգծել է, որ այս առնչությամբ հատկապես Համայնքային ոստիկանությունը մեծ անելիք ունի, և ՆԳ նախարարությունը նաև կենտրոնացած է այս ուղղության արդյունավետության բարձրացման վրա։

Նմանատիպ գրառումներ