ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունները կատարող Նատալի Սահակյանը մայիսի 23-ին առցանց ձևաչափով մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի 34-րդ նստաշրջանի՝ «Ոստիկանության և հանրության միջև գործընկերության կառուցում. համայնքային ուղղվածությամբ ոստիկանություն և համայնքային ներգրավվածություն» խորագրով պանելային քննարկմանը։
ՆԳՆ բարեփոխումների գործընթացում ակտիվ ներգրավվածության համար Նատալի Սահակյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը, Եվրոպական Միությանը, ՄԱԿ-ի գործակալություններին, ԱՄՆ կառավարությանը, Եվրոպայի խորհրդին, միջազգային այլ կազմակերպություններին ու դոնոր գործակալություններին։
Բանախոսը ներկայացրել է համայնքային ոստիկանության ոլորտում Հայաստանի փորձը՝ անդրադառնալով ոստիկանության բարեփոխումների ռազմավարությանը, գրանցված առաջընթացին ու անելիքներին։
«Այս բարեփոխումները եվրոպական ժողովրդավարական համակարգերի հետ ավելի մեծ ինտեգրման ճանապարհի մի մասն են, և մենք հանձնառու ենք մեր բոլոր գործընկերների հետ համագործակցությանը։ Սրանք միայն ոստիկանական բարեփոխումներ չեն. հիմնարար փոփոխություններ են Հայաստանի անվտանգության ոլորտում, որոնք կառուցված են հաշվետվողականության, թափանցիկության և հանրային ներգրավվածության սկզբունքների վրա։
Միջազգային կազմակերպությունների և գործընկեր երկրների հետ համագործակցելով՝ Հայաստանը կարող է օգտվել լավագույն փորձից, համատեղ գործողություններից։ Միասին աշխատելով՝ քաղաքացի, Ոստիկանություն, Կառավարություն և միջազգային հանրություն՝ մենք կարող ենք կառուցել ավելի անվտանգ Հայաստան։ Մենք նվիրված ենք այս կարևոր առաքելությանը և ակնկալում ենք ձեր աջակցությունը՝ մեր տեսլականը իրականություն դարձնելու գործում»,- նշել է Նատալի Սահակյանը։
Ամփոփելով՝ Նատալի Սահակյանը հավելել է, որ մշակման փուլում է Հանցավորությունների դեմ պայքարի ռազմավարական ծրագիրը: Այն հանցավորության դեմ պայքարի ոլորտում ներպետական քաղաքականության մշակման ու կենսագործման հիմնարար փաստաթուղթ է՝ նպատակաուղղված հանցավորություն ծնող և խթանող պատճառների, պայմանների վերհանմանն ու վերացմանը, իրավապահ մարմինների գործունեության նկատմամբ հասարակության վստահության մակարդակի բարձրացմանը: