ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում Բրյուսելում մասնակցել է մի շարք հանդիպումների։
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը:
Հանդիպման արդյունքում ընդունված մամուլի համատեղ հաղորդագրությամբ՝ կողմերը գոհունակությամբ նշել են ի թիվս այլնի վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը, տարվող երկկողմ, կառուցողական աշխատանքն այս ուղղությամբ և վերջերս ընդունված «ԵՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը:
Քննարկումներում առանձնահատուկ տեղ է գտել անվտանգության ոլորտում համագործակցությունը։ Առաջնորդները ողջունել են ԵՄ-ի և Հայաստանի միջև անվտանգության և պաշտպանության խորհրդակցությունների մեկնարկը՝ ընդգծելով խաղաղության, կայունության և ժողովրդավարական դիմակայունության նկատմամբ իրենց համատեղ հանձնառությունը:
Անդրադառնալով անվտանգության հետ կապված մի շարք հարցերի, այդ թվում՝ արտաքին տեղեկատվության մանիպուլյացիաներին և միջամտությանը, ապատեղեկատվությանը և կիբեռսպառնալիքներին, եվրոպական կողմն առաջարկել է համագործակցել Հայաստանի հետ՝ գնահատելու նրա կարիքները, որոշելու համագործակցության առաջնահերթ ոլորտները և կիրառելու ԵՄ առկա գործիքները:
Համատեղ հաղորդագրությունը՝
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հանդիպման ընթացքում քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը և ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ` հույս հայտնելով, որ ՀՀ-ԵՄ սերտ փոխգործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել տարբեր ուղղություններով:
Կողմերը քննարկել են ԵՄ ֆինանսական գործիքակազմերով Հայաստանում իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր:
Մարթա Կոսը նշել է, որ առաջիկայում պատրաստվում է այցելել Հայաստան` ավելի առարկայական քննարկելու համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները:
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է նաև Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերին։
Քննարկվել են Հայաստան-Բելգիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր:
Բելգիայի վարչապետը ընդգծել է իր երկրի աջակցությունը Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների զարգացման գործում` վստահություն հայտնելով, որ ՀՀ վարչապետի Բրյուսել այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանը:
Վարչապետ Փաշինյանը գոհունակություն է հայտնել հանդիպումների արդյունքներից և ընդգծել ՀՀ Կառավարության հանձնառությունը զարգացնելու գործակցությունը ԵՄ-ի հետ, այդ թվում ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետ զարգացման ուղղությամբ:
Նույն օրը Հայաստանի պատվիրակությունը հանդիպում է ունեղել նաև Փարիզում։
Ելիսեյան պալատում Նիկոլ Փաշինյանը ջերմորեն շնորհավորել է Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով և բարեկամ Ֆրանսիային մաղթել բարօրություն և բարգավաճում:
Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար՝ ընդգծելով Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությունը զարգացնելու և խորացնելու իր հանձնառությունը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են նաև համատեղ ծրագրերի ընթացքին:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Բրյուսելում այսօր տեղի ունեցած քննարկումներին՝ ընդգծելով ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու ՀՀ Կառավարության նպատակադրումը:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ: