Մատուցվող ծառայությունների որակի մշտադիտարկում, գնահատում և բարելավում. ՆԳ նախարարության ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչությունը հետևողականորեն իրականացնում է մատուցվող ծառայությունների որակի ներքին և արտաքին գնահատումներ՝ նպատակ ունենալով վերհանել թերացումներն ու խթանել քաղաքացիների սպասարկման որակի բարձրացումը։

ՆԳՆ ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության պետ Վազգուշ Կոստանյանի խոսքով՝ վարչությունն իր վերահսկողական գործունեության շրջանակում իրականացրել է ծառայությունների մատուցման որակի ներքին գնահատում։ Գնահատման արդյունքում բոլոր բաղադրատարրերի համակցությամբ իրականացվել է կարիքների գնահատում, առանձնացվել են խնդրահարույց և լավագույն բաժինները, ինչպես նաև համապատասխան առաջարկություններ են ներկայացվել մատուցվող ծառայությունների որակն էլ ավելի բարելավելու և լավարկելու ուղղությամբ։

Մայիս-հունիս ամիսներին վարչության աշխատակիցները շրջել են Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ու Հաշվառման-քննական ստորաբաժանումներում՝ մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ հավաքագրելով սպասարկված քաղաքացիների գնահատականը։

Գնահատման թերթը կազմելիս հաշվի են առնվել մի շարք կարևոր բաղադրիչներ՝ շենքային պայմաններից սկսած մինչև աշխատակիցների վարքագիծ։ Բոլոր ցուցանիշները համադրելիս ձևավորվել է ընդհանուր տոկոսային գնահատական, որն էլ ցույց է տվել, թե որքան որակով է տվյալ ստորաբաժանումում կազմակերպվում քաղաքացիների սպասարկումը։

«Ունենք նյութատեխնիկական գնահատման առարկա, որն ունի իր առանձին բաղադրիչները՝ գույքային պայմաններ, տեխնիկական պայմաններ, Հաշվառման-քննական ստորաբաժանումները՝ ավտոդրոմի առկայություն, առկա իրավիճակ։ Ունենք նաև գնահատման առարկայի երկրորդ կտորը, որը վերաբերում է մատուցվող ծառայությունների կարգին։ Մատուցվող ծառայությունների կարգն իր մեջ ներառում է նաև էթիկական կտորը, այսինքն աշխատակիցների վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ, աշխատակիցների արտաքին տեսքը, նրանց արհեստավարժությունը»,- նշել է Ծառայությունների որակի գնահատման բաժնի պետ Լիանա Ամիրխանյանը։

Գնահատման արդյունքները հնարավորություն են տվել առանձնացնել Միգրացիայի և քաղաքացիության ու Հաշվառման-քննական ծառայությունների լավագույն և առավել բարելավման կարիք ունեցող հնգական ստորաբաժանումներ։

Վարչության ծառայողների կողմից արտաքին գնահատման շրջանակում վերջին իրականացված հարցմանը մասնակցել է 1153 քաղաքացի։ Նրանցից 400-ի շրջանում հարցումն իրականացվել է պատահականության սկզբունքով՝ հեռախոսազանգերի միջոցով։

Ծառայությունների մատուցման մեթոդաբանության բաժնի պետ Սուրեն Ռուստամյանի խոսքով՝ 359 քաղաքացի հայտնել է գոհանակություն, բավարարված չի եղել 41 քաղաքացի։ Այստեղ բավարարվածության մակարդակը բավական բարձր է՝ մոտ 90 տոկոս։ 753 քաղաքացու շրջանում հարցումները կատարվել են կենդանի ձևաչափով․ մասնակիցների 53 տոկոսը եղել են կանայք, 47-ը՝ տղամարդիկ։

Քաղաքացիները հարցման ընթացքում գնահատել են մատուցվող ծառայության որակը, այդ թվում՝ սպասարկման արագությունը, աշխատակիցների վարքագիծը, մասնագիտական պատրաստվածությունը և այլն։ Հարցվածների 85%-ը տվել է դրական գնահատական։

Ներքին գործերի նախարարությունը կարևորում է ծառայությունների մատուցման գործընթացների վերաբերյալ քաղաքացիների կարծիքը և դիտարկում այն կարևոր գործիք՝ մատուցվող ծառայությունների շարունակական կատարելագործման համար։

Նմանատիպ գրառումներ