Հուլիսի 24-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ենթակա ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։
Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։
Կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների և օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու Համայնքային ոստիկանության Աշտարակի, Թալինի, Ապարանի տարածքային բաժինների, ինչպես նաև Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի ղեկավարները։
2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արագածոտնի մարզում գրանցվել է հանցագործության 799 դեպք, բացահայտվել՝ 615-ը։
Ընդհանուր առմամբ աճել է լատենտային հանցագործությունների բացահայտման թիվը, մասնավորապես՝ հայտնաբերվել է իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության 62 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 26-ով ավելի։
Դեպքերից 168-ը վերաբերում են մարզի քրեական ոստիկանության գործառույթներին։ Դրանցից բացահայտվել է 59 հանցանք։ Բացահայտված հանցագործություններով մեղադրանք է ներկայացվել 191 անձի։
Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում 2025 թվականի 6 ամիսներին գրանցվել է հանցագործության 406 դեպք, բացահայտվել՝ 389-ը։ Նվազել են մարդու դեմ ուղղված հանցանքները։ Միևնույն ժամանակ աճել է լատենտային հանցագործությունների բացահայտման թիվը, ինչը պայմանավորված է ապօրինի թմրաշրջանառության և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու դեպքերի հայտնաբերմամբ։
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնում գրանցվել է հանցագործության 126 դեպք, բացահայտվել՝ 105-ը։ Ապարանի բաժնի սպասարկման տարածքում աճել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցանքները, նվազել՝ մարդու դեմ ուղղվածները։
Համայնքային ոստիկանության Թալինի բաժնում անցած 6 ամիսների ընթացքում գրանցվել է հանցագործության 82 դեպք, բացահայտվել՝ 62-ը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցանքները, նվազել՝ հասարակական կարգի դեմ ուղղվածները։
Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակն անցած կիսամյակի ընթացքում բացահայտել է հանցագործության 230 դեպք. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բացահայտման դեպքերն աճել են 145-ով։ Կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 40․494 որոշում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 7364-ով ավելի։ Արագածոտնի պարեկները հայտնաբերել են ոչ սթափ վարելու 465, արագության գերազանցման 8626 դեպք։ Այս ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ևս աճել են։
Արփինե Սարգսյանը, բավարար գնահատելով կատարված աշխատանքը, անդրադարձել է մի շարք մտահոգիչ հարցերի։
Նա կարևորել է ոստիկանության տարբեր ծառայությունների միջև համագործակցված աշխատանքը՝ հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարելու առումով։
Արփինե Սարգսյանն, անդրադառնալով օպերատիվ իրավիճակի վերահսկելիությանն ու հանցավորության շարժընթացին, հանձնարարել է ակտիվացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումները քրեական ենթամշակույթի դեմ պայքարի, ապօրինի թմրաշրջանառության, ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և մի շարք այլ հանցատեսակների բացահայտման ուղղությամբ։
Նախարարն առանձնահատուկ անդրադարձել է կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների բացահայտմանը՝ ընդգծելով, որ այդ ուղղություններով անհրաժեշտ է դրսևորել առավելագույն հետևողականություն։
Քրեական ոստիկանության գործառույթներին վերաբերելի ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտումներին անդրադառնալիս՝ Արփինե Սարգսյանը հատկապես կարևորել է նախաքննական մարմինների հետ համագործակցված ապացուցողական բազա ստեղծելու հարցին՝ ընդգծելով, որ միայն այդ կերպ հնարավոր կլինի կյանքի կոչել պատժի անխուսափելիության գաղափարը:
Ծառայությունների արդյունավետության բարձրացման համատեքստում նախարարը կարևորել է անձնակազմի համալրվածությունը, ատեստավորման գործընթացում ներգրավվածության բարձր ցուցանիշը, կանխարգելիչ միջոցառումների ակտիվացումը, նյութատեխնիկական հագեցվածությունը, նշել, որ այդ ուղղություններով ամենօրյա ռեժիմով ձեռնարկվում են գործնական քայլեր։
Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, անդրադառնալով ՆԳ նախարարի նախանշած սկզբունքային մոտեցումներին, վստահեցրել է, որ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների առջև դրված խնդիրները կկատարվեն պատշաճ մակարդակով և սահմանված ժամկետներում:
Այնուհետև Արփինե Սարգսյանը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, այցելել է Արագածոտնի մարզային փրկարարական վարչություն, ծանոթացել շենքային ու գույքային պայմաններին, տեխնիկական ու մասնագիտական սարքավորումների հագեցվածությանը։
Նույն օրը նախարար Սարգսյանը, տեղակալ Արմեն Ղազարյանի ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի ուղեկցությամբ, այցելել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Աշտարակի բաժին ու քաղաքացիներից հետաքրքրվել մատուցվող ծառայությունների որակի մասին։
Նախարարը ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետ Արարատ Թևոսյանի ուղեկցությամբ եղել է նաև Աշտարակի հաշվառման-քննական բաժնում, շրջել հաստատության տարածքում և հաղորդակցվել քաղաքացիների հետ:
Արագածոտնի մարզ կատարած այցը եզրափակվել է Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում և Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակում իրականացված շրջայցով, որի ընթացքում նախարարը հետևել է ծառայությանը։ Նախարարին է ներկայացվել նաև ծառայողական նոր տրանսպորտային միջոցներն ու տեխնիկական հագեցվածությունը։