Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի՝ միջազգային որակավորում ունեցող փրկարարները երեք տասնամյակ է՝ առանձնահատուկ բարդության փրկարարական աշխատանքներ են իրականացնում Հայաստանում և երկրի սահմաններից դուրս։
Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը ստեղծվել է Հատուկ փրկարարական ջոկատի հիմքի վրա. նախկինում կոչվում էր Արագ արձագանքման փրկարարական ջոկատ։ Առաջին պետական փրկարարական կազմավորումը ստեղծվել է 1997 թվականի սեպտեմբերի 4-ին։ Ջոկատի կազմավորման օրն էլ նշվում է որպես Փրկարարի օր։
Կենտրոնն ունի 7 ջոկատ, որոնցից 4-ը փրկարարական ջոկատներ են, մեկը՝ կինոլոգիական, մեկը՝ ջրասուզական, իսկ մեկն էլ մասնագիտացված մոտոցիկլետավարների օղակ է։
Կենտրոնն ունի տարբեր մասնագիտություների 94 փրկարար՝ հետախույզ-կինոլոգներ, լեռնափրկարար-դեսանտներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքերի հրահագիչներ, մոտոցիկլավարներ, ընդհանուր պրոֆիլի փրկարարներ։
ՀՆՓԱԻԿ-ը ՄԱԿ-ի Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի անդամ է։ ՀՆՓԱԻԿ պետ Հայկ Նաղդալյանի խոսքով՝ «Կենտրոնը Ինսարագ թիմի անդամ է դարձել 2015 թվականին, ինչը մեծ ձեռքբերում է Փրկարար ծառայության համար. մենք ոչ միայն Հայաստանի տարածքում կարող ենք փրկարարական աշխատանքներ կատարել, այլև որակավորված ենք այլ երկրներում տեղի ունեցած աղետներին արձագանքնել»։
ՀՆՓԱԻԿ-ը բարձր պատրաստականության ստորաբաժանում է՝ համալրված հատուկ փրկարարական գույքով, սարքավորումներով, մեխանիզմներով:
Կենտրոնն ունի միջազգային չափորոշիչներին համապատասխան պահեստ, որտեղ կան համապատասխան գույներով դասակարգված՝ անհրաժեշտ պարագաներով արկղեր, որոնցում կա նաև մշտապես թարմացվող սնունդ: Այլ կերպ ասած՝ փրկարարները ամեն պահի պատրաստ են մեկնել աշխարհի ցանկացած կետ՝ օգնություն ցուցաբերելու։ Սիրիա, Իրան, Թուրքիա, Վրաստան, Ռուսաստանի Դաշնություն… Բոլոր դեպքերում ՀՆՓԱԻԿ-ի փրկարարներն արձագանքել են արագ՝ աղետի գոտիներում իրականացնելով ջրափրկարարական, լեռնափրկարարական, որոնողափրկարարական, վթարավերականգնողական աշխատանքներ։
Կենտրոնի մասնագիտացված ստորաբաժանումների ծառայողները վարժանքների և տարաբնույթ պարապմունքների միջոցով մշտապես կատարելագործում են իրենց մասնագիտական ունակությունները։
Ինչպես ասում են՝ նրանք փրկում են ամենուր՝ օդում, ջրում, ցամաքում։
Անօդաչու թռչող սարքավորումների մասնագիտացված խումբն իրականացնում է ինչպես իրազեկման, այնպես էլ փրկարարական աշխատանքներ:
«Դրոնները նախատեսված են որոնողափրկարարական և հետախուզության համար՝ մարդ որոնելու, ինչպես նաև խոշոր հրդեհների ժամանակ հետախուզություն անելու՝ հրդեհի չափը, տարածման ուղղությունները ճշտելու համար, որպեսզի ավելի օպերատիվ, ավելի ճիշտ կազմակերպվեն հրդեհաշիջումը և որոնողափրկարարական աշխատանքները»,-ասում է ՀՆՓԱԻԿ խմբի ավագ հրահանգիչ Ռուբիկ Մարգարյանը։
Ոչ մի կանչ մյուսին նման չէ. ամեն մի կանչ մի պատմություն է՝ փրկված կյանքեր, օգնության ձեռք մեկնելու հնարավորություն…
Ներկայացնում է հետախույզ կինոլոգիական ջոկատի հրամանատար էդգար Գալոյանը. «Ջոկատի հաշվարկում ունենք 10 փրկարար շուն. 6-ը փլատակներում մարդկանց է որոնում, 3-ը՝ զոհվածների մարմինները, իսկ 1-ը զենք-զինամթերք, պայթուցիկներ որոնելու համար է»։
Ջրասուզական ջոկատի հրամանատարն ասում է, որ ջրասուզակի աշխատանքը բարդ է, բայց նաև՝ հետաքրքիր. այն հմտություններ է պահանջում: Ասում է նաև, որ ջրից վախենալ պետք չէ, բայց զգուշությունը կօգնի կյանքեր փրկել։
Լեռնափրկարար դեսանտ Սամվել Կոլյանի խոսքով՝ փրկարար լինելը կենսակերպ է, իսկ ամեն հաղթահարած լեռը, փրկված կյանքը ավելի ուժեղ են դարձնում։
ՀՆՓԱԻԿ-ի փրկարարների երազանքը մեկն է՝ աղետներն ու դժբախտ պատահարները հասնեն նվազագույնի, իսկ իրենք գիտելիքներն ու հմտությունները դրսևորեն միայն վարժանքների և դասընթացների ժամանակ:
Այդուհանդերձ, եթե հնչեց ահազանգը, իմացեք, որ նրանք կգան: