Հուլիսի 31-ին կառավարության նիստի ընթացքում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների նախագծերը, որոնք արժանացել են Կառավարության հավանությանը։
«Մենք ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում առաջին ինստիտուցիոնալ քայլն արեցինք առ այն, որ կարգապահական վարույթները տեղափոխվեցին նախարարության տիրույթ, և ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչություն ձևավորվեց որպես ինստիտուցիոնալ մեխանիզմ նախարարի ուղիղ ենթակայության ներքո՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պիտի ունենայինք փոխզսպումների ճշգրիտ համակարգ, որը կերաշխավորեր, որ ծառայողական կարգապահությանը վերաբերող բոլոր հարցերը օբյեկտիվ քննության են ենթարկվում, և, ըստ այդմ, ռեակցիան լինում է համապատասխան իրավիճակին»,-նշել է ՆԳ նախարարը:
Օրենսդրական փաթեթը նախատեսում է, որ առաջին հերթին ծառայողների բարեվարքությանը հետևող վարչություն ծառայողները համապատասխանում են բարեվարքության պահանջվող սկզբունքներին:
Նախարար Սարգսյանի խոսքով՝ նրանք պաշտոնին նշանակվելուց առաջ պետք է անցնեն բարեվարքության ուսումնասիրություն, ինչը թույլ կտա վստահ լինել, որ վարչությունում գործում է բարեվարք անձնակազմ, որը կարողունակ է հուսալի գործիքակազմով հետևել մյուսների աշխատելաոճին:
Կներդրվեն նաև անհրաժեշտ այլ գործիքակազմեր, որոնք կհեշտացնեն ծառայողական քննության հետ կապված հարցերը:
«Նախատեսել ենք առավել պարզեցված գործիքակազմ. տեսակապի միջոցով ծառայողական քննությունն անցկացնելու հնարավորություն: Նախատեսված է նաև ծառայության կողմից փորձաքննություն նշանակելու լիազորություն, եթե կա թմրամիջոցի կամ ալկոհոլի ազդեցության տակ ծառայության ներկայացման հետ կապված հարց, ապա ծառայությունը կարող է նշանակել նաև համապատասխան հետազոտություն այս առումով, որը կդառնա ծառայողական քննության շրջանակներում քննարկման ենթակա հարց»,- նշել է Արփինե Սարգսյանը:
Արփինե Սարգսյանը նշել է նաև, որ օրենսդրական այս փաթեթը նախատեսում է ձևավորել էթիկայի հանձնաժողով՝ նաև քաղաքացիական հասարակության գործընկերների ներգրավմամբ, ինչը գործընթացը կդարձնի առավել օբյեկտիվ:

Փաթեթը նախատեսում է, որ տարեկան կտրվածքով պետք է պարբերաբար հրապարակվի վարչության գործունեությունը։ Այս համատեքստում յուրաքանչյուր ծառայողական քննության կամ բարեվարքության ստուգման արդյունքները ևս պիտի լինի հրապարակային և հանրամատչելի տեղեկատվություն՝ հանրությանը ևս հանրային վերահսկողություն իրականացնելու հնարավորություն տալու առումով:
Փաթեթում նախատեսված է նաև վարքագծերի կանոնների սահմանման հստակ պահանջ: Կարգապահական պատասխանատվության մնացյալ հարցերը ևս ավելի լավարկված են՝ հաշվի առնելով նախորդ փորձառության արդյունքները:
Ներկայացված փաթեթով նախատեսված է, որ ոստիկանության կառուցվածքում գործող ինֆորմացիոն կենտրոնը, տեղափոխվելու է նախարարության տիրույթ։ Ձևավորվելու է նոր վարչություն, որը կրկին համապատասխան հակակշռի պայմաններում կկարողանա հանցավորության մասով երաշխավորել հուսալի և արժանահավատ վիճակագրություն:
«Վերջին փոփոխությունը, որը փաթեթը նախատեսում է փոփոխություններով. եթե ունենք ծառայողների շարժ համակարգում, ապա նախատեսել ենք վեցամսյա կտրվածքով սոցիալական երաշխիքի պահպանման կանոն և հնարավորություն՝ շարունակելու պահպանել այդ երաշխիքը, եթե վեցամսյա կտրվածքով աշխատողը կանցնի ատեստացիոն պրոցեսով և դրական կերպով կհաղթահարի այն»,- ամփոփել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

Նմանատիպ գրառումներ