2025 թվականի օգոստոսի 7-ին ՆԳ նախարարության փրկարար ծառայությունում տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որը նախագահում էր ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։
Ներկա էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, պատասխանատու ստորաբաժանումների և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Կամո Ցուցուլյանը ողջունելով ներկաներին` կարևորել է նման քննարկումներն ու դրանց արդյունքում սերտացող համագործակցությունը: Նա նշել է, որ աշխատանքային խմբի տարբեր ուղղվածության մասնագետների համագործակցությունը կնպաստի ռիսկերը կառավարելու և մարտահրավերներն արդյունավետ դիմագրավելու գործին:
Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը ներկայացրել է օրակարգային հարցերը, որից հետո ծավալվել է ակտիվ քննարկում։
Նիստի ընթացքում միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամների կողմից բարձրացվել են խնդրահարույց հարցեր և առաջարկվել առարկայական լուծումներ:
Քննարկվել են նաև սողանքների ցանկից դուրս մնացած տարածքներում հետազոտությունները շարունակելու անհրաժեշտությունը, սողանքավտանգ վայրերում անտառապատման և ջրահեռացման աշխատանքների իրականացման հնարավորությունները, համայնքապատկան հողերում գտնվող անտառածածկ հատվածներում` ապօրինի ծառահատումների նկատմամբ վերահսկողության խստացումը և այլ հարցեր:
Ամփոփելով նիստը՝ Կամո Ցուցուլյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին ու շեշտել, որ աղետների ռիսկի թիրախային կառավարումը պահանջում է հետևողական մոտեցում և հենց նման քննարկումների արդյունքում են գտնվում խնդիրների լուծման նոր` ավելի արդյունավետ եղանակներ:

Նմանատիպ գրառումներ