Պետություն-հասարակություն կապն ամրապնդելու, ավելի արդյունավետ ու բազմակողմանի պետական կառավարում ապահովելու նպատակով ՆԳ նախարարությունը շարունակում է ակտիվ համագործակցությունը հանրության տարբեր շերտերի հետ։
Այդպիսի համագործակցության հերթական օրինակը ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի ձևավորումն էր: Նպատակը երիտասարդների ձայնը պետական կառավարման օրակարգում լսելի դարձնելն է։
Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդների միջազգային օրը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Երիտասարդական խորհրդի անդամներին։ Նախարարը կարևորել է նրանց մասնակցությունը պետական կառավարման գործընթացներում և պատրաստակամություն հայտնել աջակցելու նրանց ակտիվ ներգրավվածությանը առավել պատասխանատու հարթակներում և նրանց գեներացրած ողջամիտ գաղափարները կյանքի կոչելուն։
«Յուրաքանչյուրդ վաստակել եք ձեր տեղը ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի կազմում։ Համատեղ ուժերով մենք ձևավորում ենք քննարկման նոր սեղան, որտեղ յուրաքանչյուրդ անհատականություն եք և յուրաքանչյուրդ իր նպաստը պետք է բերի այս խորհրդի կատարելագործման, զարգացման ինչպես նաև իր առջև դրված նպատակների ճիշտ իրականացման ուղղությամբ։
Եվ ես կարծում եմ, որ առավել քան կարևոր է լսելի դարձնել երիտասարդների ձայնը տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին և այդ ձայնը լսելի դարձնել ոչ թե վաղը, այլ հենց այսօր։
Ես ուզում եմ, որ մենք չվախենանք փոքր փոփոխություններից, քանի որ դրանք դոմինոյի էֆեկտով կարող են մեծ փոփոխությունների հանգեցնել։ Հետևապես ձեզնից յուրաքանչյուրն է նաև, որ պետք է մաս կազմի այդ փոփոխության և բերի ավելի մեծ փոփոխություն
ու առաջընթաց Հայաստանի Հանրապետությունում»,-նշել է Արփինե Սարգսյանը։
Նախարար Սարգսյանն ընդգծել է, որ թափանցիկություն և բոլորի համար հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով խորհրդի կազմը ձևավորվել է երկու փուլով։
ՆԳ նախարարի մամուլի քարտուղար-հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանի խոսքով՝ ի սկզբանե խորհրդի կազմում ընդգրկվելու հայտ է ներկայացրել 132 հոգի։ Ներառական հանձնաժողովի մանրակրկիտ ուսումնասիրությունների ու գնահատման արդյունքում ընտրվել է շուրջ 70 մասնակից, որոնք անցել են հաջորդ` հարցազրույցի փուլ։ Հարցազրույցների փուլից հետո 37 երիտասարդ ներգրավվել է որպես խորհրդի անդամ։
«Գործընկերներիս խնդրել էի, որ հատկապես հարցազրույցների փուլում առանձնացնեն բոլոր այն հետաքրքրական դրվագները, որոնք թույլ կտային մեզ առավել խորությամբ հասկանալու, թե երիտասարդները ի՞նչ են մտածում, ի՞նչ են ուզում, ինչպե՞ս են պատկերացնում ռեֆորմները։ Եվ պատահական չէ, որ իմ ուշադրությունը կենտրոնացավ մի մտքի վրա, որը հետևյալ հարցադրումն էր պարունակում․ «Ինչու՞ ենք մենք միայն վերջում տեղեկանում որևէ փոփոխության մասին»։
Սա շատ կարևոր ազդակ էր նաև ինձ համար, որ այս խորհուրդը պետք է լինի հենց այն մեկնակետը, որտեղ մենք միասին ոչ թե տեղեկանալու ենք որևէ բարեփոխման իրականացման մասին, այլ համատեղ գծագրելու ենք այդ փոփոխությունը և դուք մասն եք կազմելու այդ փոփոխության»,-վստահեցրել է նախարար Սարգսյանը։
Անդրանիկ նիստի ընթացքում առանձնացվել են մի շարք թեմատիկ ուղղություններ, որոնք կդառնան հետագա քննարկման և ուսումնասիրման առարկա, մասնավորապես՝ ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցում, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար և այլն։
Խորհրդի անդամներն ուղղել են հարցեր, ներկայացրել առաջարկություններ։ Ավարտին տեղի է ունեցել նաև ոչ ֆորմալ քննարկում։
Հանդիպումը կազմակերպվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանի ազգային պատկերասրահի համագործակցությամբ։