Պարեկային ծառայողների հաղորդակցման մշակույթի կատարելագործմանն ուղղված թեմատիկ քննարկումները շարունակվում են։ Հերթական ոչ ֆորմալ հանդիպումը ՆԳՆ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիրում էր։ Հանդիպման բանախոսն էր ՆԳ նախարարի խորհրդական Սևան Քոչարյանը, որն ունի ծառայության 43 տարվա փորձ։

Ոստիկանության պաշտոնաթող գեներալ-մայորը կիսվել է երկարամյա գործունեության ընթացքում կուտակած մասնագիտական գիտելիքներով ու փորձով, ներկայացրել այդ ընթացքում հանդիպած դժվարություններն ու դրանք հաղթահարելու անձնական մոտեցումները։

Սևան Քոչարյանի խոսքով՝ անկախ զբաղեցրած պաշտոնից անձնակազմում առաջնահերթ է պահպանել համախմբված և գործընկերային մթնոլորտ, որտեղ առավել քան կարևոր են մարդկային որակներն ու փոխադարձ հարգանքը։

Հանդիպումը խթանելով միջսերնդային հաղորդակցությունը՝ ներկաներին հնարավորություն է տվել ակտիվ քննարկել աշխատանքային առօրյայում հանդիպած դեպքերն ու իրավիճակները, ստանալ խորհուրդներ և համատեղ վերլուծել կոնֆլիկտային իրավիճակների արդյունավետ կառավարման, հաղորդակցության, կոնկրետ իրավիճակում որոշումներ կայացնելու հմտությունների զարգացման ուղիները։

ՆԳ նախարարության այս նախաձեռնության շրջանակում նման ձևաչափով հանդիպումները շարունակական են, որոնք միտված են և՛ պարեկային ծառայող-քաղաքացի հաղորդակցության որակի բարելավմանը, և՛ հանրության շրջանում ոստիկանության հանդեպ վստահության մակարդակի բարձրացմանը։

 

Նմանատիպ գրառումներ