Սեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն է, ինչի կապակցությամբ ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղի է ունեցել տոնական միջոցառում։

Ներկա էին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Ծառայության ղեկավար կազմը, փրկարարներ։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհավորելով մասնագիտական օրվա կապակցությամբ՝ ընդգծել է, որ պետության կողմից մշտապես կարևորվում և արժևորվում է փրկարարի բարեխիղճ և անձնազոհ ծառայությունը։

Նախարարը նշել է, որ փրկարարները հստակ գիտակցում են ծառայության կարևորությունը, անհրաժեշտության դեպքում միշտ քաղաքացու կողքին են՝ բարձր պատասխանատվությամբ կատարելով իրենց առջև դրված խնդիրները, պատվով հաղթահարելով դժվարությունները, ինչի ապացույցն են նաև վերջին շրջանում տեղի ունեցած աղետների ժամանակ նրանց ցուցաբերած արհեստավարժությունն ու անձնվիրությունը:

Անդրադառնալով Փրկարար ծառայության վերափոխման նոր հայեցակարգին՝ նախարար Սարգսյանը նշել է, որ այն հիմնված է փրկարարների փորձառության, աշխատանքի արդյունքների վերագնահատման, տարբեր արտակարգ իրավիճակներում ձեռք բերած դասերի վրա։ Նոր հայեցակարգը պետք է նոր որակական փոփոխություններ բերի Փրկարար ծառայություն, պետք է շարունակաբար վերլուծվեն աշխատանքի արդյունքները, ու եթե լավարկման կարիք կա, պետք է ներկայացվեն իրատեսական առաջարկություններ:

Շնորհակալություն հայտնելով փրկարարներին՝ նախարար Սարգսյանը վստահեցրել է, որ բարձր է գնահատվում նրանց ծառայությունը, որ նրանք իրենց ամենօրյա աշխատանքով բարձրացնում են համակարգի հանդեպ հասարակության վստահությունը, ինչը պետք է նշաձող լինի առավել պրոֆեսիոնալ և բարեխիղճ աշխատանքի համար:

Նա առանձնակի երախտագիտություն է հայտնել նաև փրկարարների ընտանիքների անդամներին՝ ծառայության դժվարությունները գիտակցումով ու համբերատարությամբ կիսելու համար:

Կամո Ցուցուլյանն օրվա կապակցությամբ շնորհավորելով գործընկերներին՝ առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել նախարար Արփինե Սարգսյանին՝ Փրկարար ծառայության գործունեությունը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, վստահության և աջակցության համար:
Տեղի է ունեցել նաև պարգևատրման հանդիսավոր արարողություն:

Նմանատիպ գրառումներ