Սեպտեմբերի 19-ին՝ Անկախության տոնին ընդառաջ, ՆԳ նախարարությունում տիրում էր մշակութային յուրահատուկ մթնոլորտ: Օրվա խորհրդին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպվել էր ցուցահանդես, որի ընթացքում նախարարության և ենթակա ծառայությունների աշխատակիցները հանդես էին գալիս ոչ թե որպես ծառայողներ, այլ՝ արվեստի դեսպաններ։
Նրանք ներկայացրել էին իրենց ստեղծագործությունները՝ համադրելով մասնագիտական փորձն ու յուրօրինակ մոտեցումներն արվեստին։
Ոգեշնչման աղբյուրները բազմազան էին, սակայն գաղափարը մեկն էր՝ Անկախության արժևորումը։ Ոմանց ստեղծագործություններում հարատև խաղաղության գաղափարն էր, մյուսների մոտ՝ հայրենիքին հավատարմությամբ և անձնվիրումով ծառայելու ոգին, ոմանք էլ պարզապես արվեստի լեզվով փոխանցել էին իրենց ապրումները, ներաշխարհն ու հոգեվիճակը։
Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներին ծանոթացել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Ներկա էին նաև ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների ներկայացուցիչներ։
Շնորհավորելով Անկախության տոնի կապակցությամբ՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ ոլորտային խնդիրների լուծման և համակարգի շարունակական լավարկման հետ մեկտեղ կարևոր է նաև նախարարության արժեքներին համահունչ մշակութային նախաձեռնությունների իրականացումը։
Նրա խոսքով՝ նմանօրինակ միջոցառումները նպաստում են մարդակենտրոն միջավայրի ձևավորմանը և ծառայողների ինքնարտահայտման հնարավորությունների ընդլայնմանը։
Անկախության տոնին նվիրված ցուցահանդեսը կազմակերպվել էր ՆԳՆ Մշակույթի կենտրոնի կողմից: