
Սթրեսային իրավիճակներում հանրային ծառայողը երբեմն կանգնում է ոչ միայն մասնագիտական, այլև բարեվարքային չափանիշների պահպանման լուրջ փորձության առաջ։ Նման դեպքերում անհրաժեշտ է խուսափել վարքագծի կանոնների խախտումից՝ պահպանելով հանրային վստահությունը։
Սթրեսային իրավիճակներում ի՞նչ սկզբունքներով պետք է առաջնորդվեն հանրային ծառայողները, որո՞նք կարող են լինել վարքագծի կանոնների խախտման հետևանքները և ինչպե՞ս ցույց տալ հավասարակշռված մոտեցում նմանօրինակ իրավիճակներում։
Այս և մի շարք այլ առանցքային թեմաներ ընդգրկված էին Ներքին գործերի նախարարության կողմից կազմակերպված հոգեբանական աջակցության նպատակով անցկացված հանդիպումների օրակարգում, որին մասնակցում էին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, Փրկարար ծառայության և Ոստիկանության շուրջ 80 աշխատակից։
Մասնակիցներին ներկայացվել են գործնական օրինակներ, որոնք ցույց են տվել, թե բարձր սթրեսային իրավիճակում ինչպես կարող են խախտվել վարքագծի կանոնները, որոնց հետևանքով էլ կարող են լինել թե՛ ներքին կարգապահական խնդիրներ, թե՛ հանրային վստահության կորուստ։ Անդրադարձ է կատարվել նաև հուզական սպառմանը, մասնագիտական դեֆորմացիային, գենդերային և այլ հարցերի:
Նմանօրինակ հանդիպումները շարունակական են՝ ուղղված ոչ միայն տեսական գիտելիքների փոխանցմանը, այլև գործնական հմտությունների ամրապնդմանը։










