Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության (CTBTO) գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ին այցելել է Ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի Գառնիի երկրաֆիզիկական դիտարան։

Ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանի ակտիվ խզվածքային գոտիները, Սպիտակի երկրաշարժի դասերն ու սեյսմիկ խոցելիության նվազեցմանն ուղղված քայլերը, ինչպես նաև ՊՈԱԿ-ի ընթացիկ ծրագրերը, սարքավորումների արդիականացման գործընթացը, արտերկրում երիտասարդ մասնագետների վերապատրաստման հեռանկարները։

Քննարկվել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք սեյսմիկ անվտանգության թեմայով տարածաշրջանային աշխատաժողովի նախապատրաստական աշխատանքները։

Ռոբերտ Ֆլոյդը բարձր է գնահատել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Գառնիի IRIS/GNI սեյսմիկ կայանի դերը ոչ միայն աշխարհում տեղի ունեցող խոշոր երկրաշարժերը, այլև միջուկային գաղտնի փորձարկումները գրանցելու և դրանց վերահսկողությունն ապահովելու հարցում։ 1991 թվականից Գառնիի IRIS/GNI սեյսմիկ կայանի գրանցած տվյալներն արբանյակային կապով փոխանցվում են նաև Ալբուքերքի սեյսմոլոգիական լաբորատորիա (ԱՄՆ) և CTBTO-ի միջազգային կենտրոն (Ավստրիա)։

Պատվիրակության անդամները շրջել են դիտարանի թունելախորշում, ծանոթացել իրական ժամանակում սեյսմիկ տվյալների գրանցման գործընթացին։

«Ուրախ ենք, որ տարածաշրջանում կա այսպիսի կառույց, որն անխափան և բարձր որակով տվյալներ է գրանցում։ Կարծում եմ՝ դեռ միասին անցնելու բավական երկար ճանապարհ ունենք»,-նշել է գործադիր քարտուղարը։

Նմանատիպ գրառումներ