Նոյեմբերի 3-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված ՆԳ նախարարության ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն իր ելույթում նշել է, որ 2026թ. պետական բյուջեի նախագծով ՆԳ նախարարության ընդհանուր հատկացումները կազմում են 102,6 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով՝ 101,4 մլրդ դրամ, կապիտալ ծախսերի գծով՝ 1.2 մլրդ դրամ։
2025 թվականի պլանավորված բյուջեով սոցիալական բնույթ ունեցող և գնում չհանդիսացող ծախսերը կազմում են 89,4 մլրդ դրամ, որից միայն աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցած միջոցները՝ 79,3 մլրդ դրամ, գնումների ընթացակարգով նախատեսվող հատկացումները՝ 13,3 մլրդ դրամ, որից կապիտալ ծախսերը՝ 1,2 մլրդ դրամ:
Ընթացիկ ծախսերի գծով 2,3 մլրդ դրամի ավելացումը պայմանավորված է.
1. ՆԳՆ ծառայողների ատեստավորման արդյունքներով հավելավճարների վճարումների ապահովմամբ,
2. ՆԳՆ կազմավորման արդյունքում մի շարք ստորաբաժանումների քաղծառայության անցման արդյունքում քաղաքացիական ծառայողների պարգևատրման վճարումների ապահովմամբ (2025թ. նշված ուղղությամբ ֆինանսական միջոցներ չեն հատկացվել),
3. Ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովված ծառայողներին ամսական դրամական հատուցում (բնակվարձ) վճարելու նպատակով ֆինանսական միջոցների նախատեսմամբ,
4. Ոստիկանության գվարդիայի կարիքների համար սննդի ծառայությունների ձեռքբերման համար լրացուցիչ ֆինանսական միջոցների նախատեսմամբ և այլն:
Կապիտալ հատկացումներով նախատեսվում է Սեյսմիկ պաշտպանության ծառայության՝ «ՀՀ ՆԳՆ ՍՊԾ համակարգի ազգային դիտացանցի արդիականացում»։ Ներդրումային ծրագիրը հավանության է արժանացել Կառավարության կողմից։ Նախատեսվում է ձեռք բերել երկրաքիմիական կայանի 6 տնակ ու 13 սարքեր-սարքավորումներ։
Շենք-շինությունների շարունակական շինարարության աշխատանքների համար նախատեսված է 700 մլն դրամ, ինչպես նաև ապահովվելու է ՓԾ ներդրումային ծրագրի շարունակականությունը․ 2026 թվականի կտրվածքով ձեռք է բերվելու հրշեջ-փրկարարական տրանսպորտային միջոցներ։
ՆԳՆ բարեփոխումների շրջանակում ձևավորված նոր կառուցվածքին համահունչ, ՆԳՆ միասնական համակարգի ստորաբաժանումների գործունեության ապահովման ծախսերի ֆինանսավորումը նախատեսվում է կազմակերպել և իրականացնել 6 ծրագրով և 32 քաղաքականության միջոցառմամբ։
Ըստ առանձին միջոցառումների՝ մշակվել և բյուջետային հայտում ներառվել է 115 արդյունքային չափորոշիչ, որից 73-ը՝ քանակական, 20-ը՝ որակական, 21-ը՝ ժամկետային և 1-ը՝ ոչ ֆինանսական ցուցանիշներ, դրանով, ըստ էության, ապահովելով նախատեսվող բյուջետային միջոցների հաշվին իրականացվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների և ակնկալվող արդյունքների միջև փոխկապվածությունը:
Ներքին գործերի նախարարությունում և ենթակա պետական մարմիններում մեկնարկած բարեփոխումների խորքային գործընթացը շարունակվել է նաև 2025 թվականին՝ ուղղված կառավարման արդյունավետության, ծառայությունների որակի և հանրային վստահության բարձրացմանը։ 2026 թվականին նախարարությունը կշարունակի բովանդակային վերափոխումները՝ նպատակ ունենալով ապահովել համակարգի առավել ճկուն, ժամանակակից և արդյունավետ գործունեությունը։
Ներկայացնելով հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման ուղղությունը՝ նախարարը նշել է, որ 2025թ. 9 ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր պատկերում առկա է լատենտային համարվող հանցագործությունների հայտնաբերման և բացահայտման էական աճ։ Մասնավորապես՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության (աճ՝ 391-ով), զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության (աճ՝ 249) և այլն։
Հատկանշական է, որ հաշվետու ժամանակահատվածում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը ընդհանուր հանցագործությունների կազմում նվազել է 0,7%-ով․ ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների հիմնական ցուցիչը կազմել է 85,7%։
Իրականացված աշխատանքների արդյունքում գրանցված հանցագործություններով բացահայտման արդյունավետությունը բարձրացել է և հանցագործությունների թիվը, որոնցով կո որպես մեղադրյալ ներգրավված անձ, աճել է 3,5%-ով, առանձնապես ծանր հանցագործություններով՝ 9,9%-ով, ծանրերով՝ 5,8%-ով։
Ներկայացնելով հանցավորության շարժընթացն ըստ հիմնական և հատկապես հանրությանը անհանգստացնող տեսակների, նախարար Սարգսյանն անդրադարձել է սպանության դեպքերին։ Հանրապետությունում շարունակում են գերակշռել կենցաղային բնույթի սպանությունները, որոնք վերջին տարիների կտրվածքով կտրուկ և վտանգավոր աճի տեմպեր չունեն։ Սպանությունները հանցավորության ընդհանուր կառուցվածքում կազմում են ընդամենը 0,2%-ը։
Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի՝ սպանությունների վերաբերյալ համաշխարհային զեկույցների համաձայն, 100 հազար բնակչության հաշվով սպանությունների միջին ցուցանիշը 2021թ․-ին կազմել է 5,8 դեպք։
ՄԱԿ-ի գրասենյակը նման համաշխարհային ցուցանիշ հրապարակում է 4-5 տարվա պարբերականությամբ։
Նույն ցուցանիշը Հայաստանի մասով 2021թ․-ին եղել է 2, 2022թ․-ին՝ 1.9, 2023թ․-ին՝ 1.8, 2024թ․-ին՝ 2։
Ակնհայտ է, որ ՀՀ-ում այս ցուցանիշն էականորեն ցածր է համաշխարհային միջինից։
Առհասարակ, մարդու դեմ ուղղված և հատկապես բռնությամբ զուգորդվող հանցագործությունները մտահոգիչ են և այս ուղղությամբ անհրաժեշտ է ունենալ հստակ քաղաքականություն։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեծամասամբ այսպիսի հանցագործությունների պատճառ են հանդիսանում անձանց առողջական, կրթական և սոցիալական հիմնախնդիրները, որոնք հանցավորության կանխարգելման տեսանկյունից հասցեագրվել են ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից մշակման փուլում գտնվող «Հանցավորության կանխարգելման ռազմավարական ծրագրում»։ Այն մինչև տարեվերջ կներկայացվի կառավարության հավանությանը։
Այս համատեքստում, օրենսդրական նախաձեռնությամբ արդեն իսկ սահմանվել են նոր սահմանափակումներ՝ ուղղված հանրային անվտանգության բարձրացմանը և անչափահասների շրջանում բռնության կանխարգելմանը։ Մասնավորապես, արգելվել է 18 տարին չլրացած անձանց վաճառել արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքին նմանվող առարկաներ, սարքեր կամ գործիքներ, որոնք կարող են օգտագործվել որպես զենք կամ ստեղծել վտանգավոր իրավիճակ։
Բացի այդ, տասնվեցից մինչև տասնութ տարեկան անչափահասներին արգելվել է այդպիսի առարկաների, սարքերի կամ գործիքների կրումը՝ առաջացնելով վարչական պատասխանատվություն։ Օրենքի ընդունումից ի վեր (2025թ․ օգոստոսի 3)՝ 12 դեպքով իրականացվել է վարչարարություն։
Նշված փոփոխությունները կարևոր նշանակություն ունեն անչափահասների շրջանում իրավախախտումների կանխարգելման, հասարակական կարգի պահպանման և պատասխանատու վարքագծի ձևավորման առումով։
Հաշվետու տարում 8-ով կամ 4%-ով նվազել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունները։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անչափահասների հանցավորությունը ունի որոշակի լատենտայնություն, քանի որ վերջիններիս հետ կապված հարաբերություններն ունեն զգայուն բնույթ և շատ դեպքերում դպրոցներից կամ ծնողներից այդպիսի դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը ժամանակին չի տրամադրվում ոստիկանությանը․ իր ելույթում նշել է ՆԳ նախարարը։
Այս ուղղությամբ, ներքին գործերի նախարարության կողմից 6 միջնորդագրեր են ուղարկվել ԿԳՄՍ նախարարություն՝ դպրոցների կողմից նմանատիպ տեղեկությունները ոստիկանությանը չտրամադրելու վերաբերյալ։
Որպես միջնաժամկետ մարտավարություն, հաշվետու տարում ոստիկանության ուժերը նպատակաուղղված են եղել նաև հանցագործության կատարման գործիք և միջոց հանդիսացող ապօրինի պահվող զենք-ռազմաթերքի հայտնաբերման աշխատանքներին և որպես արդյունք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 59%-ով աճել է առգրավված, հայտնաբերված և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնված հրազենի թիվը (1․074-ից` 1.708)։
Հաշվետու ժամանակահատվածում Ներքին գործերի նախարարության վարած քաղաքականությանը համահունչ, որպես առաջնահերթ ուղղություն շարունակել է մնալ նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը։
Այս տարի հաստատվել է «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունն ու դրանից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը», որը թիրախավորում է ոչ միայն թմրամիջոցների հետ կապված հանցատեսակների կանխարգելումն ու բացահայտումը, այլ նաև համապատասխան շահառուների բժշկական օգնության որակի բարձրացումը և վերասոցիալականացումը։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համատեքստում հաշվետու ժամանակահատվածում կենտրոնացել ենք դրանց արտադրության և ներմուծման դեպքերի հայտնաբերման աշխատանքների վրա՝ փորձելով ապօրինի շրջանառությունից դուրս բերել թմրամիջոցների առավել խոշոր խմբաքանակներ՝ կանխելով դրանց հետագա բազմադրվագ իրացումը։
Այսպես, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվն աճել է 18,1%-ով։
Միևնույն ժամանակ, իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, ընթացիկ տարում, առգրավվել և շրջանառությունից դուրս է բերվել 415 կգ 281 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը գրեթե կրկնակի անգամ ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (2024թ․ 9 ամիս՝ 205 կգ 562 գրամ)։ Առգրավված թմրամիջոցներից 37 կգ 175 գրամը սինթետիկ տեսակի է։
Համաձայն օպերատիվ ամփոփագրերի՝ միայն ոստիկանության կողմից հայտնաբերվել և առգրավվել է 290 կգ 683 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը 128 կգ 304 գրամ ավել է նախորդ տարվա համեմատ։
Անդրադարձ է կատարվել նաև հանրությանն առավել անհանգստացնող տրանսպորտային միջոցներից կատարված գողություններին և այդ ուղղությամբ իրականացված ու ձեռնարկվող միջոցառումներին։ Այսպես, ըստ օպերատիվ ամփոփագրերի, հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 1․443 նման դեպք, ինչը 82-ով կամ 5,4%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Նմանատիպ դեպքերի կանխարգելման և հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության պարեկային և համայնքային ծառայությունների կողմից օրվա տարբեր ժամերին իրականացվում են բակային շրջիկ ծառայություններ, ինչի արդյունքում հայտնաբերվել և վնասազերծվել են այսպիսի բազմադրվագ գողություն կատարող 16 և շորթում կատարող 4 հանցավոր խումբ, ինչը պետք է էական ազդեցություն ունենա այս հանցատեսակի կրճատման վրա։
Նշված հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ նախաձեռնվել է նաև օրենսդրական փոփոխություն և արդյունքում 2025թ․ հուլիսի 3-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը նախատեսված է որպես միջին ծանրության հանցանք, նախկին ոչ մեծի փոխարեն՝ սահմանելով առավել խիստ պատժաչափ։
Անդրադառնալով տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին, Արփինե Սարգսյանը նշել է, որ քրեական ոստիկանության կողմից ներկայացված հաղորդումներով պետությանը և համայնքին պատճառված նյութական վնասը, նախնական հաշվարկներով, կազմել է շուրջ 25 մլրդ դրամ։
Հաշվետու ժամանակահատվածում բացահայտվել է կեղծ ներդրումային հարթակների միջոցով համակարգչային հափշտակություններ կատարող 3 հանցավոր խումբ, մեղադրանք է առաջադրվել 18 անձի։
Ներկայացնելով ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը, նշել է, որ թեև 9 ամիսների դրությամբ 10,7%-ով աճել են ճանապարհատրանսպորտային պատահարները, այդուհանդերձ, արձանագրել ենք առավել վտանգավոր պատահարների կրճատում, ինչի արդյունքում զոհվածների թիվը նվազել է 43-ով։
Առհասարակ, վերլուծելով նախկին տարիների վիճակագրությունը, պետք է փաստել, որ դրանց նպաստել է նաև հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցների տարեցտարի զգալի աճը:
Ներկայացնելով ոստիկանության ինստիտուցիոնալ զարգացման գործընթացը՝ նշել է, որ նոյեմբերի 1-ին գործարկվել է նաև ոստիկանության վերջին՝ չորրորդ հենասյունային ուղղությունը, ոստիկանության գվարդիան, որը պատասխանատու է հասարակական կարգի պահպանության և անվտանգության ապահովման համար։ Ընթացիկ տարում նաև մեծածավալ աշխատանքներ են իրականացվել ոստիկանությունում ուժային միջոցների գործադրման ստանդարտի ներդրման ուղղությամբ․ նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտել ուժի կիրառման ստանդարտը և 10 հազարից ավելի ոստիկանության ծառայողներ անցել են ուժային միջոցների գործադրման ստանդարտի վերաբերյալ վերապատրաստումներ։
Ոստիկանության կառուցվածքի և ֆունկցիոնալի ավարտական տեսքի ապահովման համատեքստում նախարար Սարգսյանը նշել է, որ արդեն մեկնարկել են ՆԳՆ կազմում մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորման աշխատանքները։ Նշված գործընթացի շրջանակներում նախատեսվում է Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի և Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ֆունկցիոնալը տեղափոխել Նախարարություն և ձևավորել ահազանգերի ընդունման մեկ միասնական հարթակ, ինչը կնպաստի ահազանգերի սպասարկման մակարդակի բարելավմանը և հնարավորություն կտա առավել բարձրորակ ծառայություններ մատուցել քաղաքացիներին՝ խստորեն պահպանելով զանգերի սպասարկման բոլոր ընթացակարգերը և հաղորդակցման մեթոդների գրագետ կիրառումը՝ չթողնելով անպատասխան զանգ՝ նույնիսկ գերծանրաբեռնվածության պայմաններում։
Ինստիտուցիոնալ վերափոխման առանցքային ուղղություններից է նաև մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի խորքային բարեփոխումը՝ նպատակ ունենալով ձևավորել միասնական մարդկային ռեսուրսների կառավարման այնպիսի համակարգ, որը թույլ կտա ապահովել ՄՌԿ քաղաքականության ամբողջական, համակարգված և թափանցիկ իրականացում։ Նախատեսվում է ներդնել նոր, թվայնացված մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգ (HRMIS), որի միջոցով կկարգավորվեն ինչպես աշխատակիցների ընտրության և առաջխաղացման, այնպես էլ վերապատրաստումների, կատարողականի գնահատման և ծառայողական շարժի բոլոր գործընթացները։
Միաժամանակ, մշակվում են կատարողականի գնահատման նոր մոտեցումներ, որոնք հնարավորություն կտան իրականացնել ծառայողների գնահատում ոչ թե մեկանգամյա, այլ շարունակական հիմունքներով, ընդգրկելով ինչպես ծառայողական գործառույթների արդյունավետությունը, այնպես էլ ֆիզիկական և կրակային պատրաստվածության արդյունքները, կարգապահական վարքագիծը և կոմպետենցիաները։
2025թ․ հոկտեմբերի 2-ին ընդունվել է «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքը և հարակից օրենքների փաթեթը, որով ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների համար ապահովվել են բարեվարքության և կարգապահական ընթացակարգերի միասնական մոտեցումներ։
«Առաջին անգամ հետևյալ կարգավորումը ունենք՝ նախարարության կազմում գործող Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը, որը պատասխանատու է նաև համակարգի կարգապահության, նաև այդ դեպքերի բացահայտման համար, աշխատանքի է ընդունելու ծառայողին բացառապես բարեվարքության ստուգման եզրակացության հիման վրա։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր է, քանի որ բարեվարքությունը, կարգապահությունը ստուգող ստորաբաժանման աշխատակիցները առաջին հերթին պետք է իրենք լինեն այդպիսին, հետո նոր դիտարկեն մյուս ծառայողների վարքագիծը»,- ընդգծել է Արփինե Սարգսյանը։
Խոսելով Միգրացիայի և քաղաքացիության ոլորտում իրականացված աշխատանքներից՝ նախարարը նշել է, որ դրանցից առավել հատկանշական են մատուցվող ծառայութունների որակի բարձրացման և թվայնացմանն ուղղված աշխատանքները։
Նրա խոսքով՝ այս համատեքստում ամենանշանակալի գործընթացներից մեկը ԵՄ-ի հետ վիզաների ազատականցման երկխոսությունն է։ Առաջիկա օրերին հայկական կողմին պաշտոնապես կհանձնվի Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, որը նաև պաշտոնապես կհրապարակվի, և հանրությանը ևս հայտնի կդառնան այն կարևորագույն քայլերը, որ պետք է իրականացվեն այս ուղղությամբ։
2025 թվականի հոկտեմբերի 6-ից նախագործարկվել է Քաղաքացիության նոր համակարգը։ 2026 թվականի հունվարի 1-ից դիմումների ընդունումն ու հերթագրումը կիրականացվի բացառապես քաղաքացիության գործերի նոր էլեկտրոնային համակարգի միջոցով։ Ընթացիկ տարվա 9 ամիսներին ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 17․180 անձի (2024թ. 9 ամիսների ընթացքում՝ 14․876) (աճը՝ 15,5%): Դադարեցվել է 3․166 անձի ՀՀ քաղաքացիությունը (2024թ. 9 ամիսների ընթացքում՝ 2․859)՝ (աճը՝ 10,7%):
Անդրադառնալով Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիության ձեռքբերման գործընթացին՝ նախարարը նշել է, որ 2025թ․ հոկտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմում է ներկայացրել 21․916 տեղահանված անձ։ Նույն օրվա դրությամբ ՀՀ Նախագահի հրամանագրով 14․064-ին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, իսկ անձնագրավորման միջոցով ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել 7․191 անչափաս, հանրագումարում՝ 21․255 տեղահանված անձ արդեն իսկ ստացել է ՀՀ քաղաքացիություն, իսկ 7․852 գործ հիմա ընթացքի մեջ է։
2026 թվականին նախատեսվում է ներդնել նաև օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակների տրամադրման դիմումների ընդունման և վարույթների իրականացման առցանց միջավայր։ ««Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխությունների փաթեթն է արդեն իսկ հաստատվել է Կառավարության կողմից և առաջիկայում կքննարկվի խորհրդարանում։
Թվայնացմանը զուգահեռ ներդրվում է նաև այլ գործիքակազմեր հանրային ծառայությունների մատուցման որակի բարելավման ուղղությամբ։
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիներին տրամադրվել է 312․177 (2024թ. 10 ամիսների ընթացքում՝ 467․374)՝ ՀՀ քաղաքացու անձնագիր:
Խոսելով բիոմետրիկ համակարգի ներդրման մասին՝ նախարար Սարգսյանը նշել է, որ այս ուղղությամբ ակտիվորեն շարունակվում են աշխատանքները, կա կնքված պայմանագիր, մասնավոր գործընկերոջ հետ տարածքային գրասենյակների մասով որոշարկում, վերջնականացվել են տարածքային գրասենյակների արտաքին նկարագրերը, հաստատվել է բիոմետրիկ նույնականացման քարտի արտաքին նկարագիրը, իսկ առաջիկայում կհաստատվի անձնագրի արտաքին նկարագիրը։

ՆԳ նախարարի խոսքով՝ պետք է վերանայվեն ծառայության շենքային պայմանները, որի շինարարական աշխատանքների նախատեսման մոդելային տարբերակը մասնավոր գործընկերոջ հետ նախատեսված է։ Այս աշխատանքների ապահովումը կիրականացվի 2026 թվականի առաջին կիսամյակում, իսկ երկրորդ կիսամյակից կսկսվի բիոմետրիկ նոր անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը։
Արփինե Սարգսյանը նշել է, որ բիոմետրիկ նոր համակարգի ներդրման պայմանների հարցը մանրամասն դիտարկվել է մասնավոր գործընկերոջ հետ, որպեսզի անցումը սահուն լինի, իսկ հերթերի պատկերը՝ կառավարելի։
ՄՔԾ ոլորտի բարեփոխումների համատեքստում ՆԳ նախարարը կարևորել է նաև Ազգային ժողովի կողմից 2025թ. հուլիսի 3-ին ընդունված «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ նոր օրենքը: Նախարարը ներկայացրել է ընթացիկ տարում այս ուղղությամբ ձեռնարկված էական քայլերը․ ներկայումս ընթանում է X-Road փոխգործելիության հարթակի ներդրումը, որը կապահովի տվյալների արագ և անվտանգ փոխանակում գերատեսչությունների միջև։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է նաև ՆԳ նախարարության կողմից մատուցվող հանրային ծառայությունների որակի բարելավմանն ուղղված փոփոխությունները։

Անդրադառնալով հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման ոլորտում կատարված աշխատանքներին՝ նախարար Սարգսյանն ընդգծել է ներդրված հիբրիդային հերթագրման նոր համակարգի կարևորությունը, ինչը թույլ է տալիս թե՛ օնլայն, թե՛ կենդանի հերթագրման տարբերակով գրանցվել և սպասարկվել հաշվառման-քննական բաժիններում։

Թվային գործընթացի համատեքստում իրականացվել են նաև մի շարք օրենսդրական բարեփոխումներ, մասնավորապես՝ ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից ՀՀ տարածքում գործում են թվային վարորդական վկայականներ և հաշվառման վկայակագրեր։ Քաղաքացին այլևս պարտավոր չէ իր մոտ կրել ֆիզիկական վարորդական վկայական և հաշվառման վկայագիր, եթե երթևեկում է ՀՀ տարածքում։

Խոսելով քաղաքացիների կյանքն առավել հարմարավետ դարձնելուն միտված մյուս գործիքակազմի մասին՝ նախարարն ընդգծել է լրացուցիչ վճարի դիմաց վարորդական վկայական ստանալու տեսական կամ գործնական քննությունը արտահերթ հանձնելու նոր կարգավորումը։

Նրա խոսքով՝ այս հնարավորությունը քաղաքացիները բավականին ակտիվ են օգտագործում։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը խոսել է նաև տրանսպորտային միջոցների առուվաճառքի օնլայն հարթակի մասին:

2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է Փրկարար ծառայության ոլորտում կատարված աշխատանքներին և նշել, որ 2025 թվականի 9 ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցվել է ընդհանուր 14․704 արտակարգ դեպք և պատահար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է (հիմնականում պայմանավորված է հրդեհների թվի աճով)։

Նախարար Սարգսյանը հայտարարել է, որ Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից 2025 թվականի 9 ամիսների ընթացքում փրկվել է 162 մարդու կյանք։
Խոսելով ինստիտուցիոնալ զարգացման մասին` ՆԳ նախարարն ընդգծել է գործարկված 11 հրշեջ-փրկարարական կամավորական հենակետերի կարևորությունը, որոնք սպասարկում են 51 բնակավայրեր․ «Սա ոչ թե նոր հենակետերի ձևավորում է, այլ գաղափարախոսության փոփոխություն, որովհետև համայնքի բնակիչները ևս պետք է մասնակցեն համայնքի անվտանգության կազմակերպմանը և հրշեջ-փրկարարական կամավորական ջոկատների ներգրավումը այս առումով բավական դրական պատկեր է ապահովել։ Նշեմ, որ սրանցից 2-ը ձևավորվել են 2025 թվականին՝ Մեղրաձորում և Մարմարիկում»,-ասել է ՆԳ նախարարը։
Խոսելով Փրկարար ծառայության համար ընթացիկ տարում գույքի ձեռք բերման մասին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ հաստատվել է ներդրումային ծրագիր շուրջ 5 մլրդ դրամի չափով․ ձեռք կբերվի 91 հրշեջ-փրկարարական ավտոմեքենա և հատուկ տեխնիկա։
«Պետք է փաստեմ, որ ընթացիկ տարում՝ մինչև նոյեմբերի ավարտը, նախատեսում ենք ունենալ 8 հրշեջ և 10 արագ արձագանքման փրկարարական ավտոմեքենա։ Ամբողջովին վերանայվել է մարտական համազգեստը և ձեռք են բերվել մի շարք գործիքներ, որոնք հեշտացրել են Փրկարար ծառայության կյանքը ընդհանուր գործընթացների կազմակերպման տեսանկյունից»,- ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Ազգային ժողովում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է նոյեմբերի 1-ից լուծարված «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ նշելով, որ Կառավարությունը համապատասխան որոշումն ընդունել է, և ՊՈԱԿ-ը նոյեմբերի 1-ից լուծարվել է։
ՆԳ նախարարի խոսքով՝ այս փոփոխությունը ոչ թե կրճատում է, այլ տեխնիկական անվտանգության ոլորտի էական բարեփոխման մաս։
Կբարելավվի տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում Ներքին գործերի նախարարության կողմից քաղաքականության մշակման և իրականացման գործիքակազմը՝ նշված գործառույթի իրականացումը դարձնելով առավել արդյունավետ:
Ըստ Սարգսյանի՝ ոլորտային քաղաքականությունը պետք է մշակի ՆԳ նախարարությունը, իսկ գործընթացների կազմակերպումը պատվիրակի մասնավոր կազմակերպություններին։
«Բնականաբար այստեղ վերահսկողական գործիքակազմը ևս շատ կարևոր է, որպեսզի որակի առումով խնդիրներ չունենանք։ Նախատեսել ենք լիցենզավորման կոնկրետ գործընթաց, որն առաջիկայում ավելի մանրամասն համատեղ կքննարկենք և առաջ կգնանք»,- հավելել է ՆԳ նախարարը։
«2026 թվականին մեծ ջանքեր են ներդվելու նախարարության մանդատի ներքո՝ դիմակայուն ինստիտուտների ձևավորման ուղղությամբ։ Չնայած դրան, շարունակվելու է հասարակական անվտանգության և հանցավորության դեմ պայքարի, աղետների ռիսկերի և ճգնաժամային այլ իրավիճակների, միգրացիայի և քաղաքացիության ոլորտներում իրականացվող գործառույթների ամենօրյա պատշաճ իրականացումը»,-ընդգծել է ՆԳ նախարարը:
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը պատասխանել է նաև ԱԺ պատգամավորների հարցերին:

Նմանատիպ գրառումներ