Հոկտեմբերի 31-ին Կոտայքի մարզի Մեղրաձոր բնակավայրի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհաշիջման կազմակերպումն ու իրականացումը՝ ուղղաթիռի ներգրավմամբ» թեմայով։ Ուսումնավարժանքին հետևում էին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ու գործընկեր կառույցների ղեկավարներ։

Ըստ ուսումնավարժության սցենարի՝ անտառպետության տարածքում հրդեհ էր բռնկվել, որը տարածվելով հասել էր սարի լանջին գտնվող կիսակառույց շենք: Կային տարբեր աստիճանի այրվածքներ և մարմնական վնասվածքներ ստացած պայմանական տուժածներ։

Խաղարկվել են տարբեր սցենարային իրավիճակներ․ կազմակերպվել է համապատասխան արձագանքում, իրականացվել են անօդաչու թռչող սարքերով հետախուզում, հրդեհաշիջման, ծխապատ գոտուց պայմանական տուժածների տարհանման, առաջին օգնության և հոգեբանական աջակցության ցուցաբերման աշխատանքներ:

Ուսումնավարժանքին մասնակցել են փրկարարական ծառայողներ, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ, էկոպարեկներ, Մեղրաձորի կամավորական հրշեջ-փրկարարական խմբեր:

Ուսումնավարժության ավարտին ամփոփվել են կատարված աշխատանքները, վերհանվել առկա խնդիրներ․ դրանց շտկման ուղղությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ։

 

Նմանատիպ գրառումներ