
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը նոյեմբերի 5-6-ը մասնակցել է անվտանգության ոլորտի ժողովրդական ազգային հարթակի երկօրյա հանդիպմանը, որի նպատակը Հայաստանի Հանրապետության անվտանգության ոլորտի բարեփոխումների ընթացքի վերաբերյալ վերահսկողության հիմնական շահագրգիռ կողմերի երկխոսությանը նպաստելն է։
Մասնակցում էին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների կազմը` ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Ռուստամ Բաքոյանի նախագահությամբ, ինչպես նաև Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունների, Անվտանգության խորհրդի գրասենյակի, Արտաքին հետախուզության ծառայության, քաղհասարակության և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
ՆԳ նախարարությունից հանդիպմանը մասնակցում էր նաև Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Դավիթ Աղաբալյանը։
Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել է անվտանգության ոլորտում ընթացող բարեփոխումները՝ անդրադառնալով առկա մարտահրավերներին, խորհրդարանական վերահսկողության միջոցով խաղաղության օրակարգի առաջմղման, պաշտպանության և անվտանգության ոլորտներում թափանցիկության ու հանրային մասնակցության խթանման, ինչպես նաև անվտանգության կառավարման նոր մշակույթի ձևավորման հարցերին։
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է նախարարությունում և ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝ ոստիկանության հենասյունային ծառայությունների գործընթացը։ Նա նաև անդրադարձել է առանձին ուղղություններով գրանցված ձեռքբերումներին և ընթացիկ աշխատանքներին։
Քննարկվել են ոստիկանության համակարգում մասնագիտական էթիկայի և բարեվարքության ամրապնդման, կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ հարցեր։
Իրավապահ մարմինների բարեփոխումների համատեքստում ընդգծվել է մարդու իրավունքների երաշխավորման, պաշտպանության, ժողովրդավարական վերահսկողության ու հանրային վստահության ամրապնդման կարևորությունը։
Երկօրյա հանդիպմանը ներկայացվել են նաև հետկոնֆլիկտային իրավիճակներում սահմանների ինտեգրված կառավարման միջազգային մոտեցումները՝ մասնավորապես տարածաշրջանային անվտանգության, համագործակցության և մարդու իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ սահմանամերձ շրջանների բնակչության իրավունքներին և անվտանգությանը վերաբերող հարցեր։
Քննարկվել է հիբրիդային սպառնալիքների ազդեցությունը հետկոնֆլիկտային հասարակությունների կայունացման, հիբրիդային մարտահրավերների նկատմամբ դիմադրողականության ամրապնդման և տեղեկատվական անվտանգության վրա՝ որպես ազգային անվտանգության բաղադրիչ:
Միջոցառումը կազմակերպվել էր Ազգային ժողովի կողմից` «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի մասնակցությամբ, Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) ֆինանսավորմամբ և միջազգային փորձագիտական աջակցությամբ ու ԵԱՀԿ հետ համագործակցությամբ:













