
ՆԳ նախարարությունն ու Եվրոպական Միության սահմանային և առափնյա պահպանության գործակալությունը (FRONTEX) նոյեմբերի 19–20-ը Երևանում կազմակերպել էին «Գիտելիքների փոխանակում կեղծ փաստաթղթերի հայտնաբերման ոլորտում» թեմայով աշխատաժողով։
Մասնակցում էին ՆԳ նախարարության, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի և Փորձագիտական ազգային բյուրոյի ներկայացուցիչներ։ Մասնակիցների նման կազմը նպատակային էր․ ներկա էին այն մասնագետները, որոնց գործունեությունն անմիջականորեն առնչվում է անձը հաստատող և այլ փաստաթղթերի տրամադրման, ստուգման գործընթացներին ինչպես նաև դրանց կեղծման դեպքերի կանխարգելմանն միտված մեխանիզմների և գործառնական միջոցառումների իրականացմանը։
FRONTEX-ի փաստաթղթերի և նույնականացման քարտերի գործառնական աջակցության ոլորտի առաջատար փորձագետներ՝ Կատարինա Մարկովիցովան (Սլովակիա) և Արթուրաս Գեդմինասը (Լիտվա) ներկայացրել են փաստաթղթերի ստուգման և կեղծիքների հայտնաբերման գործընթացում միջազգային լավագույն փորձը, նորագույն մեթոդներն ու տեխնիկական գործիքները։
Մասնակիցները կատարել են նաև գործնական վարժություններ՝ մասնագիտական հմտությունները կատարելագործելու և կեղծիքների հայտնաբերման միջազգային ստանդարտներին համապատասխան վերապատրաստվելու նպատակով:
ՆԳ նախարարության Միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Հայկանուշ Չոբանյանը, անդրադառնալով FRONTEX-ի հետ սերտ և շարունակական համագործակցությանը, նշել է, որ 2019 թվականից ի վեր իրականացվում է արդյունավետ փոխգործակցություն՝ ներառյալ վերապատրաստումներ, աշխատաժողովներ, վերադարձի ոլորտում հայ մասնագետների ներգրավում որպես ուղեկցողներ, ինչպես նաև հետընդունման և վերաինտեգրման գործընթացների համատեղ նախաձեռնություններ։
FRONTEX-ի վերադարձի բաժնի փորձագետ Ալեսսանդրո Սանթին, ներկայացնելով Եվրոպական Միության սահմանային և առափնյա պահպանության գործակալության գործունեության հիմնական ուղղություններն ու գործողությունների շրջանակը, ընդգծել է ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության կարևորությունը՝ սահմանային վերահսկողության, մոնիթորինգի և հայտնաբերման կարողությունները ԵՄ չափանիշների համապատասխան ամրապնդելու ուղղությամբ։
Աշխատաժողովը կարևոր հնարավորություն է ինչպես փորձի փոխանակման, ազգային ու միջազգային գործընկերների հետ համագործակցության ամրապնդման, փաստաթղթերի կեղծման դեմ պայքարում կարողությունների զարգացման, այնպես էլ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացմանը նպաստելու տեսանկյունից։










