
Խոցելի խմբերի ներկայացուցիչների հետ աշխատանքը Ոստիկանության ենթակա ծառայությունների աշխատանքային առօրյայի անբաժանելի մասն է: Մարտի 5-ին մեկնարկել է համայնքային և քրեական ոստիկանների ու պարեկային ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացման դասընթացը, որի շրջանակում մայրաքաղաքի և մարզերի ստորաբաժանումների շուրջ 200 ծառայող կբարելավի հաղորդակցության հմտությունները՝ խոցելի խմբերի ներկայացուցիչների հետ շփումներում արդյունավետ մոտեցումներ կիրառելու նպատակով:
«ՆԳ նախարարությունը կարևորելով ծառայողների շարունակական ուսուցումն ու զարգացումը՝ պարբերաբար տարբեր ձևաչափերով իրականացնում է նպատակային դասընթացներ»,- նշել է ՆԳՆ ՄՌԿՎ խորհրդական Սոնա Խաժոյանը։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ոստիկանության, անվտանգության և հանրային կառավարման ծրագրերի համակարգող Դավիթ Հարությունյանի խոսքով․ «Մենք շատ կարևորում ենք ոստիկանների մասնագիտական հմտությունները և սա նաև տեղավորվում է ընդհանուր կոմպետենցիաների զարգացման գաղափարախոսության մեջ, որը նաև ներառված է լինելու իրենց պաշտոնի անձնագրերում, այսինքն այն կարևոր գիտելիքներն ու հմտությունները, որոնք իրանք կարող են օգտագործել իրենց ծառայության ընթացքում, որը կբերի նաև հետագայում ծառայության որակի բարելավմանը»։
Դասընթացը սկսվում է թեստավորմամբ, որի ընթացքում հավաքագրվում են մասնակիցների ընդհանուր պատկերացումները խոցելի խմբերի ներկայացուցիչների հետ հաղորդակցության առանձնահատկությունների վերաբերյալ: Դասընթացի ավարտին նրանք կրկին թեստավորվելու են՝ համեմատելու պատկերացումների փոփոխությունն ու դիտարկելու առաջընթացը։
«Քննարկելու ենք, թե ինչպե՞ս է որոշվելու խոցելիությունը, ո՞վ է համարվում խոցելի վիճակում գտնվող, և կոնկրետ տարբեր կատեգորիաների տեսանկյունից քննարկելու ենք, թե ինչպե՞ս խոսել, ի՞նչ հարցեր տալ, ո՞ր հարցերն են արգելված, ի՞նչ սկզբունքներ կան այդ մարդկանց հետ վարվեցողության և այդ առանձնահատկությունների շրջանակներում ներկայացնելու ենք նաև մեր հայաստանյան պրակտիկան և առանձնահատկությունները»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը։
Դասընթացի կարևոր բաղադրիչներից է դերախաղի անցկացումը, որի ընթացքում մասնակիցները կամրապնդեն գիտելիքները տարբեր սիմուլյացիոն իրավիճակներում՝ ձևավորելով գործնական հմտություններ։ Իրավիճակներն ընտրվել են որպես լավագույն օրինակներ՝ ցուցադրելու, թե ինչպես աշխատել հաշմանդամություն ունեցող, ընտանեկան կամ կենցաղային բռնության ենթարկված անձանց հետ՝ ապահովելով արդյունավետ հաղորդակցություն։
Դավիթ Թումասյանի խոսքով՝ ունենք նմանատիպ դեպքեր, երբ երեխաների, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց կամ տարբեր խոցելի խմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի են ունեցել դեպքեր, որոնք հետագայում դիտվել են որպես լավագույն փորձի օրինակ զոհակենտրոն, երեխայակենտրոն մոտեցումներ դրսևորելու առումով։
«Շատ ուրախ եմ, որ նման ծրագրեր են իրականացվում, քանի որ դրանք նպաստում են մեր գիտելիքների, հմտությունների զարգացմանը, ինչպես նաև նոր գիտելիքներ են ձևավորում, որոնք մեզ օգնում են հետագայում խոցելի խմբերի հետ աշխատելիս»,- նշել է ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Քանաքեռ-Զեյթունի բաժնի ավագ համայնքային ոստիկան Լիանա Խրշոյանը։
Վերապատրաստման դասընթացը կազմակերպվել է «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության արդյունավետության խթանում մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխումների միջոցով» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ԱՄՆ ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ-ի կողմից՝ Ներքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ։










