
«Համակարգի ուժը՝ վստահության մեջ» խորագրով ՆԳՆ տարեկան համաժողովը հնարավորություն տվեց ամփոփելու նախարարության գործունեության արդյունքներն ու իրականացված բարեփոխումները, ինչպես նաև նախանշելու համակարգի զարգացման հետագա ուղղությունները, որոնց հիմքում քաղաքացի–պետություն հարաբերություններում վստահության ամրապնդումն է։
Մասնակցում էին օրենսդիր և գործադիր մարմինների, միջազգային գործընկեր կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Համաժողովի շրջանակում անցկացված «Կրթությունը, մասնագիտական զարգացումը և մարդկային կապիտալը անվտանգության ոլորտում» խորագրով պանելային քննարկման առանցքում կրթական նոր մոդելների ներդրման կիրառելիության, վերապատրաստման գործընթացների արդյունավետության գնահատման, ինչպես նաև մարդկային ռեսուրսների կառավարման կատարելագործման հարցերն էին։
Քննարկման բանախոսներն էին ԱԺ պատգամավոր, Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը, ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը, 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետի տեղակալ Արմինե Հայրապետյանը, ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Մկրտիչ Այվազյանը և «Հոգեբանների հայկական գիտական միավորում» ՀԿ նախագահ Դավիթ Ամիրյանը։
Կարևորվել է կրթություն–գիտություն–պրակտիկա կապի ամրապնդումը և ընդգծվել, որ այն հնարավորություն է տալիս ձևավորել ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու ունակ, բարձրակարգ մասնագետներ։
Անդրադառնալով համալիր մտածողության և սթրեսակայունության թեմային՝ բանախոսներն ընդգծել են, որ ժամանակակից մարտահրավերները պահանջում են պարզունակ լուծումներից անցում դեպի համակարգային և բազմաշերտ մոտեցումների։ Սա ենթադրում է գիտահեն կրթության ապահովում, ինչն ուղղակիորեն կնպաստի արտակարգ իրավիճակներում արձագանքման ժամանակի կրճատմանն ու մարդկային կյանքերի փրկության արդյունավետության բարձրացմանը։
Բանախոսների դիտարկմամբ՝ ՆԳՆ համակարգում ներդրվող երկխոսային մոդելը, որը հիմնված է սոցիալական հոգեբանության գործիքակազմի վրա, հնարավորություն է տալիս ծառայողներին խորությամբ ընկալել տարբեր սոցիալական խմբերի վարքագծային առանձնահատկությունները։
Ընդգծվել է, որ ոստիկանության հանդեպ վստահությունը չի կարող ձևավորվել միակողմանի, անհրաժեշտ է կերտել այնպիսի հասարակություն, որի արժեքային հիմքում ընկած են մարդու իրավունքների հանդեպ անվերապահ հարգանքն ու արժանապատվությունը։
Կրթության դերը դիտարկվել է նաև որպես արդյունավետ վահան՝ հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության և մանիպուլյացիաների դեմ պայքարում։
Անդրադարձ է կատարվել կրթական գործընթացում գիտական ներուժի ներդրման և միջոլորտային հետազոտությունների իրականացման անհրաժեշտությանը։ Բանախոսները կրթությունը բնորոշել են որպես «ռազմավարությունների ռազմավարություն»՝ դիտարկելով այն որպես երկրի անվտանգության և զարգացման հիմնարար գրավական։
Ամփոփելով պանելային քննարկումը՝ բանախոսները շեշտել են, որ անվտանգությունը սկսվում է կրթությունից, և միայն մասնագիտական գիտելիքներով ու հմտություններով օժտված քաղաքացին կարող է ապահովել պետության կայուն զարգացումն ու հանրային անվտանգությունը։
























