
Ավտոմեքենա գնել, վաճառել կամ նվիրել՝ առանց տնից դուրս գալու…
car.mia.gov.am հարթակը հնարավորություն է տալիս մի քանի րոպեում ավարտել գործարքը։ ՆԳ նախարարությունը թվային լուծումը ներդրել է 2025 թվականի սեպտեմբերի 1-ից՝ նպատակ ունենալով քաղաքացիների համար առավել դյուրին դարձնել տրանսպորտային միջոցների հետ կապված գործարքները, թեթևացնել հաշվառման-քննական ստորաբաժանումների ծանրաբեռնվածությունը։
Արդեն հարթակից օգտվել է երկու հազարից ավելի քաղաքացի, կատարվել՝ 1140 գործարք, որից 840-ը՝ առուվաճառքի, 300-ը՝ նվիրատվության։ ՆԳ նախարարությունը կարևորում է թվային հարթակից օգտված քաղաքացիների կարծիքը՝ այն դիտարկելով որպես համակարգը լավարկելու հնարավորություն։
Հարթակից օգտված քաղաքացի Ռոբերտ Հակոբյանը նշում է․ «Գոհ եմ, որովհետև ժամանակ չեմ վատնել գործարքի վրա, շատ արագ ամեն ինչ արվեց, շատ հարմար է»։
«Ընդամենը 5 րոպեում բոլոր գործողությունները կատարվեցին։ Տեխանձնագիրը վերցնելիս հերթ չեմ կանգնել, տրվել է շատ արագ»,- նշում է Հովսեփ Պետրոսյանը։
Հայկազ Հակոբյանը նշում է․ «Ճիշտ է, հաշվառման-քննական ստորաբաժանումներում ևս հերթերը պակասել են, բայց հիմա ավելի լավ է․ շատ հեշտ տարբերակ է, որ կարողանում ենք արագ անել»։
ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետի տեղակալ Տիգրան Գևորգյանի խոսքով՝ «Գործարքի ժամանակ համակարգն ինքնաշխատ եղանակով ստուգում է ինչպես կողմերի, այնպես էլ տվյալ տրանսպորտային միջոցի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, և եթե հայտնաբերվում է այնպիսի տվյալ, որը կարող է խոչընդոտել գործարքն ավարտին հասցնելուն, այն դադարեցվում է, ինչի մասին կողմերը ծանուցվում են։ Գործարքն ավարտին հասցնել հնարավոր է միայն խոչընդոտները վերացնելուց հետո»։
Խոչընդոտ կարող են հանդիսանալ տրանսպորտային միջոցի նկատմամբ կիրառված սահմանափակումները, չվճարված պարտավորությունները կամ հաշվառման տվյալների անհամապատասխանությունը։
Թվային հարթակում գործարք կատարելու համար և՛ գնորդը, և՛ վաճառողը պարտադիր պետք է «Ես եմ» համակարգում անցնեն նույնականացում։
Ավտոմեքենայի սեփականության իրավունքը փոխանցելու համար անհրաժեշտ է՝ վաճառելու դեպքում նախ գնորդի հետ համաձայնեցնել վաճառքի գինը, իսկ նվիրատվության դեպքում՝ վճարել ավտոմեքենայի հաշվառման գործողությունների տուրքը։
Գործարք կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել կայք, լրացնել կոնտակտային և տրանսպորտային միջոցի տվյալները, հաշվառման համարանիշի և վկայագրի, համարակիր մասերի և սեփականության իրավունքի փոխանցման ձևի վերաբերյալ կատարել անհրաժեշտ գործողություններ։ Առուվաճառք իրականացնելիս գնորդը պետք է ունենա վարորդական իրավունքի վկայական, իսկ տրանսպորտային միջոցը՝ միայն հերթական կամ ցանկալի պետհամարանիշ։
«Թվային հարթակում իրականացվող գործարքները մշտապես մեր դիտարկման ներքո են․ վերհանվում են թերությունները և տրվում արագ լուծումներ»,- նշում է Տիգրան Գևորգյանը։
Թվային հարթակից օգտվելիս առաջացող հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել Թեժ գիծ՝ զանգահարելով 060 838302 հեռախոսահամարով։
car.mia.gov.am հարթակով մատուցվող ծառայություններն ընդլայնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։










