
Ինչպե՞ս կանխարգելել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերը, արձագանքել և ուղղորդել բռնության ենթարկված անձանց․․․ այս թեմաների շուրջ ՆԳՆ կրթահամալիրում սեպտեմբերի 22-ից 25-ը Ներքին գործերի նախարարության, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և «Safe YOU» հարթակի համագործակցությամբ անցկացվել է վերապատրաստողների վերապատրաստում։
«Դասընթացի նպատակն էր մեկ հարթակի շուրջ միավորել ինչպես ՆԳՆ կրթահամալիրի դասախոսական կազմին, որոնք դասավանդելու են համանուն դասընթացը, այնպես էլ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության այն ծառայողներին, որոնց գործառույթը ընտանեկան բռնության կանխարգելման հարցում աշխատանքների իրականացումն է»,- նշել է ՆԳՆ կրթահամալիրի պրոռեկտոր Միսակ Մարկոսյանը։
«Արդեն մի քանի տարի է համագործակցում ենք Ներքին գործերի նախարարության հետ և այս դասընթացի շրջանակում համագործակցությունը թերևս շարունակությունն էր նրա, ինչ սկսել էինք անել։ Ի սկզբանե «Safe YOU» հարթակը ամբողջությամբ ինտեգրվեց Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնի հետ և մենք ձգտում են առավելագույն դարձնել օգնության և ահազանգման հնարավորությունը այն դեպքերում, երբ մարդու կյանքին և առողջությանը վնաս է սպառնում»,- ընդգծել է «Safe YOU» հարթակի հիմնադիր տնօրեն Մարիամ Թորոսյանը։
Ակտիվ քննարկում է ծավալվել ընտանեկան և կենցաղային բռնության դրսևորումների, բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցների և ուղղորդման մեխանիզմների շուրջ։ Փորձագետները ներկայացրել են ընտանեկան և կենցաղային բռնության պաշտպանության գործառույթներ իրականացնող մարմիններն ու հատուկ կառույցները, բռնության դեպքերի ռիսկի գնահատման և անչափահասների հետ շփման առանձնահատկությունները։
«Մեր կարծիքով այսպիսի ձևաչափի ընտրությունը ունի մի առավելություն․ թույլ է տալիս միաժամանակ և՛ տեսաբանների, և՛ ոլորտի գործնական խնդիրներին քաջատեղյակ ծառայողների համատեղ քննարկմամբ վեր հանել այն հարցերը, որոնց շուրջ անհրաժեշտ է ձևավորել միասնական մոտեցում, իրավակիրառ պրակտիկա և միատեսակ ուսուցմամբ մեթոդաբանություն ապահովել այս առարկան ՆԳՆ կրթահամալիրում դասավանդելիս»,- նշել է Միսակ Մարկոսյանը։
Մասնակիցներն ուսումնասիրել են «Safe YOU» հավելվածի հնարավորություններն ու կիրառման առանձնահատկությունները։ Ներկայացվել է տվյալների անվտանգության և գաղտնիության ապահովման մեխանիզմները, ինչպես նաև հավելվածի քողարկման գործառույթները։
Մարիամ Թորոսյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ այն մարդիկ, ովքեր պետք է վերապատրաստեն համայնքային ոստիկաններին, օժտված լինեն գիտելիքներով և թվային հմտություններով, որպեսզի կարողանան այդ կարևոր գործիքը ճիշտ ձևով տրամադրել։
«Վերապատրաստման ընթացքում ստացած գիտելիքները ոչ միայն կիրառելու ենք մեր աշխատանքի ընթացքում, այլ նաև փոխանցելու ենք այլ գործընկերների, որպեսզի վերջիններս իրավակիրառ պրակտիկայում կայացնեն անխոցելի որոշումներ»,- նշել է ՆԳՆ ՀՈԳՎ ՄՄԱՎ ընտանեկան բռնության կանխարգելման աշխատանքների գծով մեթոդական բաժնի պետ Հայկ Մկրտչյանը։
Վերապատրաստումն իրականացվել է «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։










