
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 9-ի համատեղ նիստում ներկայացրել է ՆԳ նախարարության 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։
Արմեն Մկրտչյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում ՆԳՆ բյուջեի կատարողականի ճշտված ծրագրային ցուցանիշը կազմել է 108,8 մլրդ դրամ (բյուջեով հաստատված՝ 105 մլրդ դրամ ցուցանիշից 3,8 մլրդ դրամով ավելի, 2024թ. նկատմամբ 7,8 մլրդ դրամով ավելի), որից ընթացիկ ծախսերը կազմել են 102 մլրդ դրամ, կապիտալ ծախսերը՝ 6.8 մլրդ դրամ։
108,8 մլրդ դրամ հատկացումների դիմաց փաստացի ֆինանսավորումը կազմել է 105,7 մլրդ դրամ (ճշտված ցուցանիշից 3,1 մլրդ դրամով կամ 2.8%-ով պակաս), կատարողականը՝ շուրջ 97,2%։
Ծախսերի կառուցվածքում՝
– ընթացիկ ծախսերի մասնաբաժինը կազմել է 102 մլրդ դրամ, ամբողջի՝ 93,7%-ը, որը կատարվել է 98,2%-ով (100.2 մլրդ դրամ)․
– ոչ ֆինանսական ակտիվների գծով (կապիտալ) ծախսերի մասնաբաժինը կազմել է 6,8 մլրդ դրամ կամ ամբողջի 6,3%-ը, կատարողականը կազմել է 82,1% (շուրջ 5,6 մլրդ դրամ)․
Ընթացիկ ծախսերի 75,1%-ը, 76,6 մլրդ դրամ գումարով, աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված միջոցներն են:
108,8 մլրդ դրամ հատկացումներում սոցիալական բնույթ ունեցող և գնում չհանդիսացող ծախսերը կազմել են 86 մլրդ դրամ, ամբողջի 79-ը (կատարողականը՝ 85,9 մլրդ դրամ կամ 99,9-ը), իսկ գնումների ընթացակարգով նախատեսվող հատկացումները՝ 22,8 մլրդ դրամ, ամբողջի՝ 21-ը (կատարողականը՝ 19,8 մլրդ դրամ կամ 86,8-ը)։
ՆԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ՆԳՆ ստորաբաժանումների գործունեության ապահովման ծախսերի ֆինանսավորումը կազմակերպվել և իրականացվել է 6 ծրագրով և 23 հիմնական միջոցառումներով, 116 արդյունքային չափորոշիչով (ցուցանիշով)։
Ամփոփելով ֆինանսական մասը՝ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է 2025 թվականի ընթացքում Ներքին գործերի նախարարության կողմից իրականացված հիմնական միջոցառումները։ Նրա խոսքով՝ իրականացվել են ծավալուն և համակողմանի աշխատանքներ՝ ուղղված Ներքին գործերի նախարարության ինստիտուցիոնալ զարգացմանը, կարողությունների հզորացմանն ու մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը և դրանով իսկ՝ հանրային վստահության բարձրացմանը։
Արմեն Մկրտչյանն ընդգծել է, որ 2025 թվականի նոյեմբերի 5-ին որպես հայկական կողմի գլխավոր բանակցող ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը պաշտոնապես ստացել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման Գործողությունների ծրագիրը, ինչը խոսում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր որակի մասին։ Ներքին գործերի նախարարությունը ստանձնել է Գործողությունների ծրագրի կատարման համատեքստում միջգերատեսչական համակարգողի դերը և զուգահեռաբար աշխատում է բոլոր այն գերատեսչությունների հետ, որոնք ծրագրի որևէ հենանիշի հասցեատեր են։
Ներկայումս ակտիվ փուլում են գտնվում նոր կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները։ Բոլորովին նոր որակի և միջազգային անվտանգային չափանիշներին համահունչ կենսաչափական փաստաթղթեր տրամադրելու նպատակով 2025 թվականին մեծածավալ աշխատանք է կատարվել և շարունակում է ընթանալ պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով ընտրված միջազգային գործընկերոջ հետ։
Կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը կմեկնարկի 2026 թվականի աշնանը։ Արդյունքում՝ շահառուները կստանան անձը հաստատող միջազգային չափանիշներին համապատասխան փաստաթղթեր։
Ազգային ժողովի կողմից 2025 թվականի հուլիսի 3-ին ընդունվել է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ նոր օրենքը: Մեկնարկել է նոր ծրագրային ապահովման մշակման աշխատանքները՝ միջգերատեսչական պարբերական քննարկումներին զուգահեռ։ Նոր ռեգիստրի գործարկմամբ փակվելու է քաղաքացուն կամ օտարերկրացուն տարբեր մարմիններ անվերջ ուղղորդելու պրակտիկան։
Մշակման փուլում է գտնվում Միգրացիոն նոր ռազմավարությունը, որտեղ առանձին անդրադարձ է կատարվում ՀՀ քաղաքացիության ինստիտուտին և դրա վերափոխման տեսլականին։
2025 թվականին ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել 39 650 Ղարաբաղից տեղահանված անձ, որից 27 296 անձի ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, մերժման դեպքեր չեն եղել։
Քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի նոր թվային հարթակի գործարկման պահից՝ այս տարվա հունվարի մեկից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ, մասնավորապես՝ այս տարի հունիս ամսվա սկզբի դիմումների թիվը կազմել է 11146։ Ղարաբաղից տեղահանված անչափահաս անձանց թիվը կազմել է 28000, որից շուրջ 12354 անչափահասներին տրվել է ՀՀ քաղաքացիություն։
Թվայնացման և ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ ևս 2025 թվականի ընթացքում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել․
– համայնքային և քրեական ոստիկանության գործիքակազմերի թվայնացման նախաձեռնում,
– արտադրական վտանգավոր օբյեկտների շտեմարանի ձևավորում,
– վարորդական վկայականների և հաշվառման վկայագրերի լիարժեք և ամբողջական թվայնացում,
– ավտոմեքենայի առուվաճառքի գործարքի ամբողջական և համալիր թվայնացում,
– վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական կամ գործնական քննություններին պետական տուրքի դիմաց արտահերթ մասնակցության հնարավորություն,
– քննական տրանսպորտային միջոցները հագեցվել են նաև տեսահսկողական համակարգերով,
– տրանսպորտային միջոցների պետական գրանցման-հաշվառման գործողության արդյունքում, ըստ անհրաժեշտության, տպագրված փաստաթղթերի և հաշվառման համարանիշների փոստային առաքում,
– տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշների էլեկտրոնային աճուրդի ամբողջական թվայնացում,
– քաղաքացիության շնորհման կամ դադարի դիմումների ընդունման և գործերի վարման թվայնացում՝ 2026 թվականի հունվարի 1-ից,
– օտարերկրացիների կացության կարգավիճակների թվայնացման նախաձեռնում,
– փաստացի բնակության հիմքով հաշվառում ձեռքբերելու և այն փոխելու գործընթացի թվայնացում,
– թվայնացված հերթագրման համակարգեր ՆԳՆ մատուցած բոլոր հանրային ծառայությունների համար։
2025 թվականին ամբողջությամբ ձևավորել է ՆԳՆ միասնական կրթահամալիրը, որի նպատակը միջազգային չափանիշներին համապատասխան և մրցունակ մասնագետների պատրաստումն է։ 2025 թվականի ընթացքում ՆԳՆ կրթահամալիրում վերապատրաստում է անցել շուրջ 13․000 հանրային ծառայող։
2025 թվականին մեկնարկել և արդեն իսկ ավարտվել են ՆԳՆ կազմում ահազանգերի օպերատիվ կառավարման մեկ միասնական կենտրոնի՝ 112-ի ձևավորման աշխատանքները։ Նոր գրասենյակը պահպանելու է միջազգային լավագույն ստանդարտը՝ յուրաքանչյուր ահազանգի պատասխանը՝ 10, իսկ ահազանգը վերլուծելը ու համապատասխան ուժերին փոխանցելը՝ առավելագույնը 60 վայրկյանի ընթացքում։
ՆԳՆ համակարգում արդեն իսկ ձևավորվել և գործում է Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը՝ նպատակ ունենալով ապահովել իրական ժամանակում հանցավորության պատկերը և վիճակագրական տվյալների վերլուծության մեթոդաբանության արդիականացումը։
2025 թվականին արձանագրվել է հանցավորության 3․2%-ով նվազում։ Հանցագործությունների բացահայտման ցուցանիշներն աճել են և՛ կատարողի անձը հայտնի լինելու, և՛ վերջինիս նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու փուլերում։ 2025 թվականին հաստատված սպանություններով գրանցվել է 0 չբացահայտված դեպք։
Զուգահեռաբար, հանցավորության կանխարգելման ուղղությամբ հիմնական ռազմավարական մոտեցումները ձևակերպելու և հաստատելու, ներգրավված մարմինների միջև պատասխանատվության ոլորտները հստակ բաշխելու, ինչպես նաև հիմնական գործողությունները ծրագրելու նպատակով՝ Ներքին գործերի նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել Հանցավորության կանխարգելման ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի նախագիծը, որն այս տարի կներկայացվի Կառավարության քննարկմանը։
Ինստիտուցիոնալ առումով անդրադառնալով հանրային անվտանգության ապահովման գործունեությանը` Արմեն Մկրտչյանը փաստել է, որ 2025 թվականի նոյեմբերի 1-ին գործարկվեց չորրորդ և վերջին հենասյունային ուղղությունը՝ Ոստիկանության գվարդիան։ Այն համալրված է ամբողջովին նոր, ժամանակակից տեխնիկայով, ունի արդիականացված կինոլոգիական կարողություններ և մասնագիտական ծավալուն վերապատրաստում անցած անձնակազմ։
Գվարդիայի ձևավորման շրջանակներում վերանայվել, օպտիմալացվել և ստանդարտացվել է ոստիկանության կողմից պահպանվող կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը։ Իրականացվել է մասնավոր պահնորդական գործունեության վերափոխում՝ վերահսկողության արդյունավետությունն ու ոլորտի համապատասխանությունը պետական և հանրային անվտանգության պահանջներին բարձրացնելու նպատակով։
Հետևողականորեն շարունակվել է Պարեկային ծառայության ինստիտուցիոնալ կայացման և կարողությունների զարգացման գործընթացը։ 2025 թվականին Պարեկային ծառայության վարչակազմը, Երևանի գունդը և Օպերատիվ կառավարման կենտրոնը տեղափոխվել են նոր և ժամանակակից վարչական համալիր՝ արժանապատիվ պայմաններ երաշխավորելով թե՛ քաղաքացիների սպասարկման և թե՛ ծառայողների համար։
2025 թվականի ընթացքում Պարեկային ծառայության կողմից հայտնաբերվել և բացահայտվել է հանցագործության 14747 դեպք։ Սևանա լճի էկոհամակարգի պահպանման ուղղությամբ ձկնորսության արգելքի ողջ ժամանակահատվածում ջրային պարեկների աշխատանքի շնորհիվ առգրավվել է շուրջ 4,5 տոննա ապօրինի որսած ձուկ։
Երկրորդ տարին անընդմեջ Պարեկային ծառայության աշխատանքի արդյունքում հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը և դա այն պայմաններում, երբ հանրապետությունում տրանսպորտային միջոցների թիվը շարունակում է աճել՝ հասնելով գրեթե 1 միլիոնի։ 2025 թվականին ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը 2024 թվականի համեմատ հաջողվել է կրճատվել 50–ով, իսկ 2023 թվականի համեմատ՝ 95-ով՝ խնայելով կյանքեր։
Միայն Քրեական ոստիկանության կողմից բացահայտված դեպքերով պետությանը և համայնքին պատճառված նյութական վնասը, նախնական հաշվարկներով, կազմել է շուրջ 25 մլրդ դրամ, կան նախաձեռնված վարույթներ, վերականգնված միջոցներ։
Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության կողմից բացահայտվել է կեղծ ներդրումային հարթակների միջոցով համակարգչային հափշտակություններ կատարող մեծամասշտաբ 4 հանցավոր խումբ։ Պարզվել է ՀՀ տարածքում առցանց տիրույթում գովազդների միջոցով արտարժույթների և կրիպտոակտիվների շահավետ պայմաններով փոխանակման պատրվակով խարդախություն կատարող անձանց շրջանակ: Նախաձեռնվել է 20 քրեական վարույթ։
Թվային միջավայրում ոստիկանության կարողությունները հզորացնելու նպատակով նախապատրաստական աշխատանքներ են տարվել Քրեական ոստիկանության թվային գործիքակազմերի ընդլայնման և կիբեռլաբորատորիայի ձևավորման ուղղությամբ։
2025 թվականին ընդունվել է Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը՝ առաջին անգամ խնդրո առարկան դիտարկելով հանրային անվտանգության և հանրային առողջապահության հավասարակշռմամբ։
2025 թվականին իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում առգրավվել և շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը 80%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Հայտնաբերվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության 460 դեպք (2024 թվականին՝ 321)։
Զենքի ապօրինի շրջանառության հակազդման, հրազենով կատարվող հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում 2025թ․-ին առգրավվել, հայտնաբերվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է 2246 միավոր հրազեն, ինչը նախորդ տարվա համեմատ (1579) ավելի է 667-ով կամ 42,2%-ով։
Ձերբակալվածների իրավունքների երաշխավորման նպատակով ներդրվել է խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի արձանագրման հստակ մեխանիզմ՝ համաձայն միջազգային ստանդարտի։ Օպտիմալացվել են ձերբակալվածների պահելու վայրերը՝ կրճատվելով 30%-ով։ Ոստիկանությունն արդեն իսկ ունի միջազգային ստանդարտներին համապատասխան հատուկ կահավորված 34 տրանսպորտային միջոց՝ ձերբակալվածների ուղեկցումները արժանապարտիվ կազմակերպելու համար։
2025 թվականի մարտից դեկտեմբեր ամիսներին ստացվել է ընդհանուր 19003 ձերբակալված և կալանավորված անձի վերաբերյալ ուղեկցման հայտ, որից շուրջ 98%-ը կատարվել է, ինչն էականորեն բարելավել է ուղեկցման ցուցանիշը։
2025 թվականին արձանագրվել է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերով ոստիկանությանը հաղորդում ներկայացնելու էական աճ՝ (23%), մասնավորապես՝ 2025 թվականին ընտանեկան և կենցաղային բռնության վերաբերյալ ստացվել է 2775 հաղորդում (2024թ՝ 2255), ինչը վկայում է թե՛ մեր քաղաքացիների դիմելիության մասին, թե՛ ոստիկանության նկատմամբ հանրային վստահության աճի մասին։
Ուսումնական հաստատությունների տնօրինության և մանկավարժների հետ ակտիվ համագործակցության արդյունքում 2025 թվականին նույնականացվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած 84 անչափահաս (2024թ․՝ 43)։ Ոստիկանության կողմից հայտնաբերվել է նաև պարտադիր կրթությունից դուրս չմնացած, սակայն ռիսկային գոտում գտնվող 310 անչափահաս և ուղղորդվել համապատասխան մարմիններ։
Ուսումնական հաստատություններում կատարված իրավախախտումների վերաբերյալ Ներքին գործերի նախարարության կողմից 2025 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարություն է ուղարկվել 9 միջնորդություն։
Կարևորելով անչափահասների համար առավել անվտանգ միջավայրի ապահովումը՝ արգելվել է 18 տարին չլրացած անձանց արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքին նմանվող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքը, իսկ տասնվեցից մինչև տասնութ տարեկան անչափահասներին՝ այդպիսի առարկաների, սարքերի կամ գործիքների կրումը։
Մեկնարկել է մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի խորքային բարեփոխման գործընթաց, որն ուղղված է հատկապես ոստիկանության ծառայության որակի, վստահելիության և արդյունավետության բարձրացմանը։ Ընդունվել է «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքը։ Ներդրվել է ոստիկանության էթիկայի հանձնաժողովի ձևավորման մեխանիզմ։ Հաստատվել են Ոստիկանության ծառայողների վարքագծի կանոնները և առաքինության ստուգման կարգը։
Առաջին անգամ մշակվել և ներդրվել է ոստիկանության ծառայողների կողմից ուժային միջոցների գործադրման ստանդարտը, որը պարտադիր է ոստիկանության բոլոր ծառայողների համար։
Ոստիկանությունում ծառայության անցնելու գրավչությունը բարձրացնելու նպատակով հանդես ենք եկել նաև ոստիկանության ծառայողների համար նոր սոցիալական ծրագրի նախաձեռնությամբ, ըստ որի՝ Ոստիկանության ծառայողները կկարողանան բնակարան կամ բնակելի տուն ձեռքբերել, կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման ծրագրից։
2025 թվականի ընթացքում Ոստիկանությունում շարունակվել է ատեստավորման գործընթացը: Ատեստացիայի մեկնարկից սկսած ընդհանուր առմամբ դիմել է ոստիկանության 9525 ծառայող։ Արդեն իսկ ատեստավորման բոլոր փուլերը հաղթահարել է ոստիկանության 4921 ծառայող։ Ատեստացիայի արդյունքում օրինակ քրեական ոստիկանը, որը նախկինում ստացել է 285203 ՀՀ դրամ դրամական բավարարում, ատեստացիան գերազանցությամբ հանձնելով ստանում է 585203 ՀՀ դրամ դրամական բավարարում։
Հատկանշական է, որ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախաձեռնությամբ կատարված «Հանրային կարծիքի ուսումնասիրություն. Հայաստանի առկա բնակչություն» հետազոտության արդյունքներով՝ Ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը կրկին բարձրացել է՝ 61%-ից հասնելով 68%-ի։
Քաղաքացիների գոհունակության ցուցանիշով ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է նաև պահպանել առաջատար դիրքերը իրավապահ մարմինների շարքում։
Բացի այդ, Հայաստանն ընդգրկվել է World Travel Index-ի ճամփորդության համար աշխարհի ամենաապահով երկրների ցանկում և 193 երկրի շարքում 13-րդ տեղում է՝ 90,27 ինդեքսով։
Արմեն Մկրտչյանն արձանագրել է, որ հաշվետու տարում ՆԳՆ-ն շարունակել է մեծածավալ աշխատանքներ իրականացնել աղետների ռիսկի կառավարման, արտակարգ իրավիճակներին արձագանքման և հետաղետային վերականգնման ինստիտուցիոնալ կարողությունների շարունակական զարգացման, ինչպես նաև աղետներին դիմակայուն հասարակություն և պետություն ձևավորելու ուղղությամբ։
Ընդունվել է «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքը, որը սահմանում է ոլորտի պետական քաղաքականության միասնական մոտեցումները։
Վերանայվել են տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում պետություն-մասնավոր հատված գործառութային հարաբերակցությունը։ ՆԳՆ-ն մշակելու է ոլորտի քաղաքականությունը, սահմանելու կանոնները, ապահովելու հսկողությունը, իսկ մասնավոր ոլորտը շուկայի մրցակցության պայմաններում ապահովելու է պետության սահմանած խաղի կանոններին համապատասխան գործընթաց։ Այս համատեքստում 2025 թվականի նոյեմբերի 1-ից լուծարվել է «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ թողնելով հարթակը մասնավոր ոլորտին, ապահովելով բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստելով ոլորտում ձեռնարկատիրության զարգացմանը, սպառողների շահերի պաշտպանությանը:
Կառավարության որոշմամբ սահմանվել են ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների կառուցվածքի, հեղուկ վառելանյութի պահման, վաճառքի, պահեստավորման, առաքման, փոխադրման, բաշխման և լցավորման կայանների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները։
2025 թվականին մշակվել և հավանության է արժանացել Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը։ Իրականացվել են Փրկարար ծառայության կենտրոնական ապարատի կառուցվածքային փոփոխությունները։ Հաստատվել են Փրկարար ծառայության ծառայողների վարքագծի կանոնները, ինչը կարևոր քայլ է ծառայողական էթիկայի և պատասխանատվության ամրապնդման ուղղությամբ։
Շարունակվել են ՀՀ տարածքում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի ձևավորման աշխատանքները՝ հաշվետու տարում դրանց թիվն ավելացնելով ևս երկուսով՝ Մեղրաձորում և Արագածավանում։
Ենթակառուցվածքների զարգացման շրջանակում արդեն իսկ բացվել է Ստեփանավանի մասնաշենքը, ընթանում են Սևանի ջրափրկարարական կայանի և Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի մասնաշենքի կառուցման աշխատանքները։
Փրկարար ծառայության նյութատեխնիկական հագեցվածության նպատակով ձեռք է բերել հրշեջ-փրկարարական 18 նոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա, ինչպես նաև մարտական հանդերձանք և ժամանակակից փրկարարական գործիքներ։ ՓԾ ստորաբաժանումների կողմից 2025 թվականի ընթացքում փրկվել է 202 մարդու կյանք։
Փրկարար ծառայությունից ատեստացիա անցնելու նպատակով մինչ օրս դիմել է 1808 ծառայող։ Ատեստավորման բոլոր փուլերը հաղթահարել է 943 փրկարար ծառայող։
Մեկնարկել են սեյսմիկ դիտացանցի ամբողջական և լայնամասշտաբ արդիականացման աշխատանքները, որոնց շրջանակում ձեռք կբերվեն տարածաշրջանում աննախադեպ, ժամանակակից սեյսմիկ դիտարկման և չափման սարքավորումներ։ Դրանք էականորեն կընդլայնեն երկրաշարժերի վաղ հայտնաբերման, տվյալների ճշգրիտ վերլուծության և սեյսմիկ ռիսկերի գնահատման հնարավորությունները։
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը պատասխանել է նաև ԱԺ պատգամավորների հարցերին:





















