
Հունիսի 24-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի համակարգմամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում անտառային հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման կարողությունների գնահատման, ինչպես նաև հրդեհների դեմ պայքարի և հետևանքների վերացման միջոցառումների համակարգմանն ուղղված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։
Մասնակցում էին շահագրգիռ պետական գերատեսչությունների, մարզպետարանների, ՆԳ նախարարության պատասխանատու ստորաբաժանումների, Փրկարար ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
Անդրադառնալով անտառային հրդեհների վիճակագրությանը և վերջին տարիների դինամիկային՝ Արամ Ղազարյանը շեշտել է, որ հրդեհավտանգ ժամանակահատվածում գործընկեր կառույցների միջև սերտ և համակարգված համագործակցությունը հրդեհների արդյունավետ կանխարգելման կարևորագույն նախապայմաններից է։
Քննարկվել են 2025 թվականին արձանագրված խոշոր հրդեհների դեպքերը, վերլուծվել արձագանքման գործընթացում ի հայտ եկած մարտահրավերները, ինչպես նաև գնահատվել դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները։ Անդրադարձ է կատարվել անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման նպատակով իրականացվող ընթացիկ միջոցառումներին և դրանց արդյունավետության բարձրացման հնարավորություններին։
Առանձնակի կարևորվել է ահազանգերին օպերատիվ արձագանքումը, հրդեհավտանգ օրերին փրկարարական ուժերի և միջոցների նախապես տեղակայման անհրաժեշտությունը, ինչպես նաև տեխնիկական և մարդկային ռեսուրսների արդյունավետ բաշխումը։
Արամ Ղազարյանը կարևորել է ոչ միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև փոխգործակցության ամրապնդումը, այլև բնակչության, համայնքների և կամավորական խմբերի լայն ներգրավմամբ իրազեկման և կանխարգելիչ միջոցառումների իրականացումը՝ ընդգծելով, որ հրդեհների կանխարգելման գործում հանրային պատասխանատվությունն ու զգոնությունը առանցքային նշանակություն ունեն։ Նա ընդգծել է նաև ինչպես գերատեսչությունների կողմից հանրային իրազեկման խողովակներով, այնպես էլ մարզային կառույցների կողմից ՆԳՆ փրկարար ծառայության հետ համագործակցությամբ բնակավայրերում ակտիվ իրազեկման աշխատանքների կարևորությունը։
Նախանշվել են առաջիկայում իրականացվելիք աշխատանքների ուղղությունները և ընդգծվել հնարավոր հրդեհային իրավիճակներին համատեղ ու համակարգված ջանքերով առավել արդյունավետ արձագանքելու, դրանց ռիսկերը նվազեցնելու, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի անվտանգությունն ապահովելու կարևորությունը։























